Էլի ճառ ասող կա, զանգ կախող չկա
ՎերլուծությունՀՅԴ 12-րդ Համահայկական երիտասարդական եւ ուսանողական հավաքը երեկ վերածվեց ազգային հռետորաբանության հերթական բեմահարթակի։ Իհարկե, խոսքերը հնչեցին հպարտ, հզոր, հայրենասիրական՝ Արցախը հետ ենք բերելու հռետորաբանությամբ, բայց արդյոք դրանից ժողովրդին էլ վերադարձրին հույսը: Ինչպես դասականն էր ասում. «Բառերը շատ են, գործը՝ քիչ»։ Ու այդ «բառերի հեղեղը» այսօր էլ դեռեւս մնում է մերկ խոստումների մակարդակում։
Միջոցառման անցկացման պատասխանատու, հասարակական գործիչ Մհեր Ղարաղաշյանը հռչակում է երիտասարդության առաքելությունը՝ վերադարձնել ժողովրդին հավատը։ Հարց է առաջանում՝ հավատը ո՞ւմ հանդեպ։ Այն իշխանության, որ ստորագրեց կապիտուլյացիոն հայտարարությունը, թե՞ այն ընդդիմության, որն արդեն 4-5 տարի շարունակ ժողովրդին խոստանում է փրկություն, բայց այդպես էլ չձեռնարկեց որեւէ լուրջ քաղաքական քայլ։ Եվ ի վերջո ո՞վ է այսօր ժողովրդի կողքին՝ խոսքերից անդին:
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն էլ իր ելույթում, արդեն սովորական դարձած հռետորական ոճով, մի քանի անգամ կրկնեց պայքարելու եւ ազգային արժեքների վերընծայման մասին:
«Այս միջոցառումը պատասխան է նրանց, ովքեր հույս ունեն հետապնդելով հեռացնել մեզ պայքարից՝ չգիտակցելով, որ յուրաքանչյուր հարվածից հետո մենք ավելի ենք ուժեղանում եւ ավելի հետեւողական պայքար ենք մղելու ազգային արժեքների համար», - ընդգծել է նա:
Անխոս, լավ է ասված, բայց հանուն արդարության պիտի արձանագրենք, որ այս իշխանության դեմ պայքարը դարձել է ավելի շատ խորհրդանշական, քան իրական։ Ելույթները մի կողմ՝ իրապես ի՞նչ է արվել այս տարիների ընթացքում, իրենց իսկ որակմամբ՝ «դավաճան» իշխանությանը հեռացնելու ուղղությամբ։ Ի՞նչն էր խանգարում, որ այդ պայքարը մղվեր «Հայրենիքի փրկության» շարժման, «Դիմադրություն» շարժման կամ «Սրբազան պայքար» շարժման շրջանակներում, որոնց ժամանակ նույն ՀՅԴ-ն ուներ առանցքային դերակատարություն:
Լավ, այս ամենն էլ մի կողմ, ինչո՞ւ այդպես էլ չի հայտարարվում արդեն իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից ազդարարված իմպիչմենթի գործընթացին միանալու մասին, երբ խորհրդարանական ընդդիմությունն ունի կոնկրետ թվով պատգամավորներ, որոնք օրուգիշեր մատնանշում են իշխանության ապօրինի քայլերը: Ավելին՝ երբ արդեն այս իշխանությունը հասել է, բառի բուն իմաստով, ՀՅԴ-ականների տների վրա՝ խուզարկություններով ու ձերբակալություններով:
Հետո էլ նեղանում են, որ ընդդիմախոսներն ասում են՝ դե մանդատները քաղցր են։ Մինչ ժողովուրդը բողոքում է իր սննդի գնից ու անարդարություններից, ընդդիմադիր պատգամավորներն աշխատավարձ են ստանում նույն բյուջեից, որ ձեւավորվում է ժողովրդի հարկերից։ Հետեւապես, քաղաքացին իրավունք չունի՞ պարզ ասելու՝ եթե վստահ ես, որ իշխանությունն անօրինական է, պետք է դուրս գաս համակարգից, ոչ թե համակերպվես դրա հետ՝ իբր ներսից պայքարելու պատրվակով։ Այստեղ է, որ խոսքը «պայքարից» վերածվում է «մասնակցության»։ Իսկ այս պայմաններում Արցախն իսկապես դառնում է ոչ թե ազգային օրակարգ, այլ քաղաքական գործիք՝ պոպուլիզմի, հռետորաբանության եւ շահարկման համար։
Ո՞ՒՐ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ
Եթե Մհեր Ղարաղաշյանն անկեղծ է եւ գտնում է, որ Արցախի վերադարձը կլինի, եւ այն պետք է անի ՀՅԴ երիտասարդությունը, ինչպես հայտարարեց իր ելույթում, ապա գլխավոր հարցն այն է, թե որն է այդ վերադարձի ճանապարհը: Ռազմակա՞ն ճանապարհով։ Բայց ո՞ւր է այդ ուժը։ Ո՞ւր են նոր հորիզոնները, ո՞ւր են նոր դաշնակիցները։ Հույսը Ռուսաստանն ու Իրանն են, թե՞ ուրիշ ռազմական պոտենցիալ կա, բայց չեն ասում, որ 2026-ի ընտրություններին վերընտրվեն, նոր ասեն: Իսկ եթե ՆԱՏՕ-ի եւ Արեւմուտքի վրա է հույսը, ապա այդպես էլ պետք է հստակ հայտարարվի։ Բայց այդպիսի ծրագիր չկա։ Ո՛չ գրավոր փաստաթուղթ, ո՛չ քաղաքական ուղեգիծ, ո՛չ հանրային համաձայնություն։
Արդյունքում՝ քաղաքական հռետորաբանությունը գերազանցում է քաղաքական գործին։ Եվ մինչ ընդդիմադիր առաջնորդները բեմից խոսում են հույսի մասին, նույն այդ հույսն արդեն վաղուց կորել է Արցախի փողոցներում։ Այո՛, արցախցիները Ազատության հրապարակում չեն հավաքվում անգամ իրենց իսկ ցույցերին։ Ոչ թե որովհետեւ անտարբեր են, այլ որովհետեւ հոգնել են խոսքերից, խմբային շահերից: Իսկ ժողովրդի գլխին դեռ առկախված է Զանգեզուրի, այսպես կոչված, միջանցքը հանձնելու վտանգը…
«Միջանցքի մասին տիտուլյար ընդդիմության խոսակցությունը քանի՞ կոպեկ արժի: Խոսում են, որ ի՞նչ լինի… Նիկոլն Արցախ է հանձնել ու 150 հազար հայ մարդու փախստական դարձրել, ներկայիս ընդդիմությունն ի՞նչ է կարողացել անել, որ հիմա ինչ կարողանա անել: ԱԺ-ում սուր հարցե՞ր է տվել անբարոյական սուտասանին, այդքա՞նը չի կարողացածը…Եթե միջանցք է տալու, ապա այս ներքաղաքական «ռասկլադով» տալու է, և ոչ մեկը ոչինչ չի անելու՝ բացի, իհարկե, սուր հարցերից: Ես չեմ պնդում, որ խորհրդարանական ընդդիմությունը Նիկոլի հանցակիցն է, ես պնդում եմ, որ խորհրդանական ընդդիմությունն իրավիճակի վրա չունի շատ, թե քիչ զգալի ազդեցություն: Դրա համար էլ «խորքային ժողովուրդը» (80 տոկոսը) որևիցե դրական ակնկալիք չունի ո՛չ Նիկոլից, ո՛չ էլ խորհրդարանական ընդդիմությունից», - արձանագրում է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Միհրան Հակոբյանը:
«ԹԱՅՄԱՈՒԹ» ԹԵԺ ԱՇՆԱՆՆ ԸՆԴԱՌԱ՞Ջ
Հույսեր կարող է առաջացնել երկամսյա կալանքի տակ գտնվող բարերար Սամվել Կարապետյանի թիմը, եթե ստանձնի ամբողջ ընդդիմադիր դաշտին համախմբելու առաքելություն: Բայց առ այս պահն այն չի ուրվագծվում, ավելին՝ Կարապետյանը խոսում է նոր ուժի մասին: Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը երեկ ազդարարեց, որ քաղաքական թիմի մեկնարկը տրված է։ Սակայն, առայժմ հստակ ծրագիր, գաղափար կամ ղեկավար կազմ չի ներկայացվում: Համենայնդեպս, առկա տեղեկությունները հուշում են, որ կուլիսային աշխատանքն ընթացքի մեջ է։ Սակայն, ինչպես միշտ, այստեղ եւս ամեն ինչ արվում է գաղտնիության պայմաններում, առանց հանրային պատասխանատվության։ Ու այստեղ էլ է հարցը՝ երբ ենք ունենալու մի նոր ուժ, որը բաց տեքստով կասի՝ ի՞նչ ենք անելու, ինչպե՞ս ենք անելու եւ ո՞ւմ հետ ենք անելու։ Օրինակ` «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի շտապում գնահատական տալ: «Որպես բարերար ու գործարար՝ Սամվել Կարապետյանին գնահատում եմ շատ բարձր, որպես քաղաքական դերակատար՝ դեռեւս չեմ կարող որեւէ գնահատական տալ», - ընդգծում է նա:
Եվ վերջապես՝ եկեղեցի-իշխանություն հակամարտությունը։ Թվում էր՝ Հայ Առաքելական եկեղեցուն պատուհասած հարվածներից հետո միասնություն է ձեւավորվելու Մայր Աթոռի ներքո, բայց փոխարենը տեսնում ենք կամաց-կամաց մեղմացող հռետորաբանություն՝ այն դեպքում, երբ Միքայել եւ Բագրատ սրբազանները շարունակում են կալանավորված մնալ: «Թայմաութ» վիճակ է, ինչն այսօր առնվազն անհանգստացնող է…
Ո՞ՒՐ Է «ՄԵՆՔԸ»
Այս ամբողջ խառնաշփոթում ամենացավալին այն է, որ ազգային շահը խեղդվում է խմբային շահերի մեջ։ Ամեն մեկն իր թեւն ունի, իր կլանը, իր մանեւրի տարածքը։ Եվ այդ մանեւրները գնում են ոչ թե հանուն ժողովրդի, այլ հանուն դիրքի, իշխանության, կամ` գոնե նրա ստվերում մնալու։
Այսօր էլ արդեն արձակուրդային տրամադրություններ են։ Ըստ էության՝ Արցախյան ողբերգության հերթական տարելիցն է մոտենում, բայց ոչ մի պատասխանատվություն, ոչ մի նոր ուղի, ոչ մի հստակ քայլ։
Խոսում ենք Արցախի վերադարձից, բայց մոռանում ենք, որ մինչեւ հողը վերցնելը պետք է արժանապատվությունը վերադարձնել։ Ժողովուրդը հուսահատված է ոչ միայն իշխանությունից, այլեւ ընդդիմությունից։ Սպասում է ոչ թե 2026 թվականի ընտրությունների իշխանական ու ընդդիմադիր դաշտի տեղափոխության կամ իշխանության վերարտադրման, այլ կոնկրետ քայլերի՝ օր առաջ։ Իսկ մինչ այդ, շարունակելու ենք ապրել ազգային հիշողության փշրանքներով ու լինելով ազգային նպատակների խեղաթյուրման լուռ վկան՝ հանուն «անձնական ես»-ի։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ