ԻՐԱԿԱՆՈՒՄ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՐՎԱԾՆԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ԷԻՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ
ՎերլուծությունԵվ այսպես, մինչ Թրամփը Մոսկվային է «խաղաղություն պարտադրում», նրա սիրասուն Նեթանյահուն նոր պատերազմ է սկսում: Ամեն դեպքում, նորմալ իրավիճակում Սիրիայի նախագահական նստավայրին եւ Գլխավոր շտաբին հարվածելը մեխանիկորեն կնշանակեր պատերազմի ակտ: Բայց սա նորմալ իրավիճակ չէ, եւայդ հարվածներն էլ Սիրիայի դեմ պատերազմ չէ, ամեն դեպքում, դա նկատի չունենք:
ՍԻՐԻԱՅՈՒՄ ՆՈՐԻՑ ՊԱՏԵՐԱԶՄ Է. ՈՎ` ՈՒՄ ԴԵՄ
Ի՞նչ է կատարվում: Վերջին օրերին համառ մարտեր էին Սիրիայի հարավային Սուվեյդա մարզում: Մանրամասնենք. Սուվեյդան դրուզաբնակ մարզ է: Ավելի մանրամասնենք. դրուզները Սիրիայի հարավում եւ Իսրայելի հյուսիսում բնակվող ազգություն են: Իսրայելյան դրուզները հրաշալի հարաբերություններ ունեն իշխանությունների հետ, մեծ թվով դրուզներ իսրայելյան բանակում են, անգամ` պետական ապարատում տեղ ունեն: Նույն վերաբերմուքն իրար հանդեպ ունեն սիրիական դրուզներն ու Իսրայելը:
Եվ ահա, ինչպես քանիցս ենթադրել ենք, սիրիական դրուզներն ակտիվորեն առաջ են տանում ինքնավարության գաղափարը, որը ներկայումս` Իրանի հետ չստացված պատերազմից հետո հասել է կուլմինացիային: Սիրիայի ահաբեկչական իշխանություններն էլ իրենց խմբավորումներին, որոնք հանդես են գալիս սիրիական բանակի անվան տակ, ուղարկեցին դրուզների «ապստամբությունը» ճնշելու: Այդ խմբավորումները սկզբնական փուլում զգալի ձեռքբերումներ ունեցան, ընդհուպ` գրավեցին մարզի եւ Սուվեյդա քաղաքի մեծ մասը: Ու հանկարծ հրաշք... Դրուզները միանգամից համախմբվեցին եւ սկսեցին կոտորել հարձակվողներին:
Այո, դրուզները, քանի որ Իսրայելը դեռ պաշտոնապես չի հաստատում այդ հատված զորք մտցնելը: Չնայած, դրուզների անվան տակ զգալի թվով «ակնհայտորեն ռազմական պատրաստություն ունեցողներ» (ըստ տեղի աղբյուրներից մեկի) կարողացան Իսրայելից ներթափանցել Սիրիա` իրենց հայրենակիցներին օգնության: Գումարած` իսրայելյան հարվածները, որոնք հասան Սիրիայի նախագահական նստավայրի եւ ԳՇ-ի շենքի վրա հրթիռներ արձակելու աստիճանի: Ու վերջ, դրուզները հիմա հաղթում են:
Ավելին, Սուվեյդայից զատ, դրուզական անջատողականությունը միանգամից սկսեց տարածվել նաեւ Սիրիայի հարավային այլ հատվածներում: Ընդհուպ` Դամասկոսի արվարձաններում (Տեսանյութում) տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր՝ ի պաշտպանություն դրուզների։ «Հազարավոր մարդիկ եկել են քաղաքի կենտրոնական հրապարակ՝ կոչ անելով հեռացնել նախագահ Ահմեդ ալ-Շարաային եւ աջակցել Սուվեյդայի դրուզներին», - ասել է տեղի աղբյուրը։
Մեկ հիշեցում եւս. Ահմադ ալ-Շարանին կամ Ջուլանին Սիրիայում իշխանությունը Ասադից խլած ահաբեկիչն է, որի հետ, չմոռանանք, իսայելամետ կենտրոննեը, այդ թվում` ԱՄՆ-ն, Բրիտանիան սերտ հարաբերություններ սկսեցին հաստատել: Օրերս էլ Ջուլանիին ջան-ջիգյարային տոնայնությամբ ընդունեց Նեթանյահուի մանկլավիկներից մեկը` Ալիեւը: Ու այստեղ պարզ հարց` ինչո՞ւ Ջուլանին հանկարծ որոշեց զորքերը ուղարկել Իսրայելի հարազատ դրուզներին սպանելու, երբ այդքան բանով է պարտական Թել Ավիվին: Ավելին, «չար լեզուները» պնդում են, որ նա, թեեւ ներկայանում էր, որպես «Էրդողանի մարդ» եւ այդ հիմքով գրավեց Սիրիայի իշխանությունը, իրականում հիմնականում ֆինանսավորվել է հենց իսրայելյան խողովակներով: Ի՞նչ է, սեփական տերերի դե՞մ է դուրս եկել:
Իրականում Ջուլանին շատ մեծ լավություն արեց Իսրայելին: Նախ, դրուզներին ճնշելու են ուղարկվել հիմնականում թյուրքական ուղղվածության խմբավորումները, եւ որքան նրաք կոտորվեն, այնքան Սիրիայում կմեծանա իսրայելյան ֆինանսավորման թեւի խմբավորումերի դերը: Երկրորդը, դրուզների դեմ զորք ուղարկելով, Ջուլանին Իսրայելին ռազմական միջամտության հնարավորութուն տվեց. բա հո չե՞ն թողնելու, որ ահաբեկիչները դրուզական ծագումով խաղաղ քաղաքացիներին կոտորեն: Վերջապես, հենց այդ կոտորածը ամրացնում է ինքնավարության պահանջի դրուզների իրավունքները. մեզ կոտորում են, ուրեմն կարող ենք նաեւ այս երկրից անկախանալ սկզբունքով, ինչը, վստահ եղեք, Վաշինգտոնը կպաշտպանի:
«ԴԱՎԹԻ ՄԻՋԱՆՑՔ» ՍՑԵՆԱՐԸ
Եվ ահա, հասնում ենք գլխավորին: Վերջին ժամանակներում, ինչպես նշելու առիթներ ունեցել ենք, Իսրայելում, ավելի կոնկրետ` ընդհանուր տարածաշրջանում կտրուկ ակտիվացել են իսրայելյան «Դավթի միջանցք» սցենարի շուրջ խոսակցությունները: «Դավթի միջանցքը» Սիրիայի հարավով` Հորդանանի եւ Իրաքի սահմաններին զուգահեռ ձգվող գոտի ստեղծելու ծրագիր է, որոնք հնարավոր է դուրս գան Եփրատ գետի արեւելյան հատված` քրդական վերահսկողության գոտիներ: Իսրայելից հետո, արդեն Սիրիայում այդ հնարավոր միջանցքը սկսվում է հենց դրուզաբնակ Դաարի եւ Սուվեյդայի մարզերից: Այն է` այստեղ ինքնավարության հաստատման դեպքում այդ միջանցքի հիմքը կդրվի: Միջնամասը եւս կա. Դաարի եւ Սուվեյդայի մարզերից այն կողմ ամերիկյան վերահսկողության գոտի է` ամերիկացիների բազաներով եւ նման բաներով հանդերձ: Հետո քրդական գոտին է:
Թող պատահականություն չթվա, բայց հենց այն պահին, երբ Դաարի եւ Սուվեյդայի մարզերի ինքնավարության թեման այսպես մղվում է առաջին պլան, լրջորեն ակտիվացել են նաեւ քրդերը: Հիմնականում էլի սիրիական բանակի անվան տակ գործող թյուրքական ուղղվածության գրոհայինների հետ բախումներ կան Հալեպի նահանգում, որտեղ քրդական PKK/YPG-ի զգալի ուժեր են սկսել կենտրոնանալ: Ընդ որում, երբ «սիրիական բանակի» զգալի ուժեր կենտրոնացած են դրուզների ուղղությամբ, դա երկրի հյուսիսում շատ լուրջ շանսեր է տալիս քրդերին` ընդհուպ Հալեպը գրավելու հարցում:
Սակայն այստեղ հիմնականը քաղաքական պահն է. այն իրավիճակում, երբ դրուզների մոտ այսչափ ակտիվանում է ինքնավարության գաղափարը, նույնիսկ արհեստականորեն է առաջին պլան մղվում թեզը, թե բա քրդերը եւս չեն կարող ապրել նման վտանգավոր իշխանությունների ենթակայությամբ եւ բազմամյա ցնցումների ենթարկվող Սիրիայում: Այն է` առաջին պլան է գալիս Քուրդիստանի թեման:
Իսկ «Դավթի միջանցքը», հիշեցնենք, հասնում է այդ հնարավոր Քուրդիստանի հարավին, հետո սիրիական Քուրդիստանն է, որն էլ հյուսիսում միանում է իրաքյան Քուրդիստանին (քարտեզում): Կարծես թե այդ ամենից Մերձավոր Արեւելքի ապագա ճարտարապետական կառուցվածքն ակնհայտ երեւում է: Հա, մեկ բացառությամբ. ամբողջականության համար պակասում է թուրքական Քուրդիստանը:
ԷՐԴՈՂԱՆԸ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ՞
Անկախ այն բանից` Ջուլիանին «գցո՞ւմ» է Էրդողանին, թե՞ Իսրայելը նրա ձեռքից իրականում է խլում Սիրիայի հարավն ու արեւելքը, մեկ բան միանշանակ է. Սիրիայի նախագահական պալատին եւ ԳՇ-ին ուղղված հարվածներն իրականում հասցեագրված էին Էրդողանին: Հենց նա է ներկայիս Սիրիայի անվտանգության պաշտոնական երաշխավորը, հենց Էրդողանն է, որ իրեն համարում է ներկայիս Սիրիայի փաստացի տեր ու տիրակալը: Էրդողանի արտգործնախարար Ֆիդանն էր, որ ընդամենը ամիսներ առաջ նստել էր Դամասկոսի դիմացի սարի վրա եւ թեյ խմում: Իսկ Իսրայելը հարվածում է Սիրիայի երկու հիմնական խորհրդանիշներին` նախագահական նստավայրին եւ ԳՇ շենքին` քաղաքական եւ ռազմական գլխավոր կառույցներին, որոնք Էրդողանի այդ բոլոր երաշխիքները, տեր ու տնօրինությունը առաջ տանող երկու հիմնական հաստատություններն են:
Այդ հարվածները նշանակում են նսեմացնելու աստիճանի մարտահրավեր. թքած ունենք Էրդողանի ամեն մի երաշխիքի վրա եւ կանենք այն, ինչ ուզում ենք տարբերակով: Այդ թվում` Քուրդիստանի հետ կապված` դրանից բխող հետեւանքներով հանդերձ, որոնք Թուրքիայի համար կործանարար են: Գնդակը դրանով տեղափոխված է Անկարայի դաշտ: Կա´մ Էրդողանը պատասխանելու է, որի համար ստիպված է լինելու մեծ ուժեր մտցնել Սիրիա եւ ուղիղ բախման գնալ Իսրայելի հետ: Կա´մ չի պատասխանելու` խոսելով դիվանագիտական լուծումներից եւ նման բաներից:
Սակայն այս երկրորդ տարբերակի դեպքում այլ խնդիրներ ունի: Ողջ իսլամական աշխարհը (եւ ոչ միայն) տեսավ Իրանի պայքարն Իսրայելի դեմ, որին ստիպված էր օգնության հասնել ԱՄՆ-ն ու վերջում էլ հրադադար խնդրել: Եվ եթե նույն իսլամական աշխարը տեսնի, թե ինչպես է Էրդողանը սարսափահար «մկան ծակին հազար թուման տալիս», ապա դա ծայրահեղ ծանր հարված կդառնա իսլամի առաջնորդի դերի նրա հավակնություններին: Դա ամենաքիչն է: Իրականում այս պահին Էրդողանի պարտությունը կնշանակի Քուրդիստանի ստեղծում Սիրիայում եւ Իրաքում, որը «Դավթի միջանցքով» կմիանա Իսրայելին: Իսկ այն, որ դա անմիջապես գերսրացումներ կհաղորդի նաեւ թուրքական Քուրդիստանի գաղափարին, այդ իրավիճակում կդառնա միանշանակ: Առավել եւս, որ դիմադրության չհանդիպելով, Իսրայելը կարող է նաեւ հանդես գալ «Թուրքիայի քրդերի իրավունքների պաշտպանության» դիրքերից` այս անգամ ուղիղ հարվածելով միգուցե հենց Էրդողանի նստավայրին:
Գոնե երեկվա դրությամբ պատասխանը միայն Ջուլանիի հայտարարության տեսքով էր, թե՝ «Սիրիան բաժանելու ցանկացած նախագիծ կտրականապես անընդունելի է»: Այն դեպքում, երբ, ըստ տարածված լուրերի, «սիրիական բանակի» ստորաբաժանումները դուրս են բերվում Սուվեյդայից, որտեղ, ի դեպ, իսրայելյան դրոշ են բարձրացրել: Սա այս փուլում նշանակում է Էրդողանի համար պարտություն, քանի որ Ջուլիանին կընդունի, թե չի ընդունի «Սիրիան բաժանելու ցանկացած նախագիծ», դա դեռ չի նշանակում, որ կանխելու հնարավորություն ունի հենց այս պահին ընթացող «Սիրիան բաժանելու նախագիծը», որի տակ լուրջ ռազմական ուժ է դրված: Կանխել կարող է Թուրքիան, եթե պատասխան եւ համարժեք ուժ ներդնի, ինչպես արեց Իրանը: Եթե ոչ, խաղաքարտին շատ բան է դրվեծ…
Այսպիսով, ինչպես քանիցս ենթադրել ենք, Իրանի դեմ անհաջող պատերազմը Իսրայելին տանում է դեպի «Բ» պլան` իր անվտանգության հարցը (այդ թվում` էներգետիկ) լուծել Քուրդիստանի ստեղծման միջոցով: Իրանի դեմ պատերազմը, պարզվեց, շատ ծանր է նստում Իսրայելի վրա: Եթե անգամ ամերիկացիների օգնությամբ կարողանան հաղթել, դա Իսրայելի պոտենցիալն այն կարգի կնվազեցնի, որ տարիներ պետք կլիներ վերականգնվելու համար: Իսկ այդ ընթացքում ներկայիս «հնարավորության պատուհանը» բաց կմնա՞… Ու շատ նման է, որ միացված է ավելի խոստումնալից «Բ» պլանը: Եթե դա է, ապա պետք է սպասել միանգամայն արմատական բնույթի զարգացումների:
Տես նաեւ https://t.me/iravunk/54815