ԱԼԻԵՎՆ ԱՆԳԱՄ ՀԱՆՈՒՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՉԻ ՑԱՆԿԱՆԱ ՈՉՆՉԱՆԱԼ
ՎերլուծությունՆախօրեին Մոսկվայում էր Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեիի խորհրդական Լարիջանին։ Նա համարվում է Խամենեիի աջ ձեռքը՝ հանդիսանալով Իրանի արտաքին քաղաքականության առանցքային դերակատարներից մեկը:
ԻՐԱՆՑԻՆԵՐԻ ԱԿՏԻՎ ԱՅՑԵՐԸ ՄՈՍԿՎԱ
Լարիջանիի մոսկովյան այցից հազիվ մեկ օր անց Մոսկվա ժամանեց Իրանի պաշտպանության նախարարը եւ էլի, բացի ՌԴ պաշտպանության նախարար Բելոուսովից, նաեւ Պուտինն ընդունեց նրան: Ժամանել է Ռուսաստան: Այսինքն, որ իրանցի նախարարի այցը Խամենեի օգնականի այցի օրգանական շարունակությունն էր, դժվար չէ տեսնել: Նաեւ, որ այս ամենը ռազմական տրամաբանության մեջ պետք է տեսնել. հազիվ թե Իրանի պաշտպանության նախարարը, ասենք, առեւտրատնտեսական ծրագրերով գար Մոսկվա:
Եվ ահա, այս ամենի հետ մեկտեղ, իրանական աղբյուրները տեղեկացնում են ՌԴ-ից Իրան ռազմատրանսպորտային ինքնաթիռների թռիչքների մասին: Ոչ մեծ քանակությամբ, բայց՝ «Մեծ զգուշավորությամբ՝ կապված Իրան տեղափոխվող բեռների տեսակի հետ: Բայց նաեւ, չեն փորձում բուն թռիչքները գաղտնի պահել»,- հայտնում է իրանական աղբյուրը:
Նման է նրան, որ Իրանն ու Մոսկվան հակադիր ուժերին ցույց են տալիս, որ կան բավականին ակտիվ ռազմական մատակարարումներ, բայց թե կոնկրետ ի՞նչ զինատեսակների մասին է խոսքը, դա էլ թողնում են այդ նույն ուժերի համար որպես ինտրիգային թեմա: Ավելին, նույն տրամաբանության մեջ պետք է տեսնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած աղբյուրի ակնարկը, թե Ռուսաստանը ներկա իրավիճակում իրեն՝ «Ոչ միայն ռազմական, քաղաքական, իրավական, այլ նաեւ՝ բարոյական իրավունք է վերապահում՝ Իրանին մատակարարել ցանկացած տեսակի ռազմական բեռ: Իսկ դրա տակ կարելի է հասկանալ լայն սպեկտոր՝ սկսած ՀՕՊ համակարգերից, վերջացրած միջուկային մարտագլխիկներով, բայց վերջինի դեպքում, հասկանալի է, ռուսական խիստ վերահսկողությամբ»: Իսկ այս պատկերն ամբողջականացնում է Կասպից ծովում ռուս-իրանական համատեղ զորավարժանքները:
Այսպիսով, դժվար է չհամաձայնվել ռուսաական աղբյուրի գնահատման հետ, որ ռուս-իրանական հարաբերություններում, բնականաբար՝ պայմանավորված ընդհանրական մթնոլորտով՝ «Շատ բան է կատարվում կուլիսներում»: Այն է, Մոսկվան եւ Թեհրանը շատ արագ ինչ-որ կոնկրետ բաներ են պայմանավորվում, եւ այդ պայմանավորվածությունները նույնքան արագ էլ ընթացք են ստանում: Թե դետալային առումով ինչի մասին է խոսքը, դժվար է ասել: Սակայն ընդհանրական իմաստը հասկանալի է:
Այսպես, վերջին օրերին քիչ չեն խոսակցությունները ոչ միայն ռուս-ադրբեջանական, այլ նաեւ՝ իրանա-ադրբեջանական հարաբերություններում ընթացող արագ շիկացումների մասին: Եվ այն, որ Ալիեւն այդ սրացումները սկսել է նույնիսկ ոչ այնքան Թուրքիայի, որքան Իսրայելի ազդեցությամբ, դա եւս կարելի է հասկանալ: Գումարած, Թրամփը ցույց տվեց, որ որոշակի հետաքրքրություններ են իր մոտ առաջացել հարավկովկասյան ուղղությամբ, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցք» ասվածը ամերիկյան վերահսկողության տակ վերցնելու հարցով: Իսկ դա արդեն տեղավորվում է այն խոսակցությունների համատեքստում, որ Նեթանյահուն Ալիեւին խոստացել է Թրամփի հովանավորությունը ՝ ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան տանդեմի ձեւավորման միջոցով: Որքանով է դա իրատեսական, այլ հարց է: Սակայն այն, որ Ալիեւը միաժամանակ նման սրացումների է գնում ինչպես Մոսկվայի, այնպես էլ՝ Թեհրանի ուղղությամբ, գալիս է ակնարկելու, որ նա իրեն շատ ավելի պաշտպանված է զգում, քան դա կարող էր տալ Էրդողանի հովանավորությունը: Կամ էլ, որ Ալիեւը, բացի Էրդողանից, իր թիկունքն է համարում Նեթանյահուի խոստացած տանդեմը:
Թե ինչ նպատակներ է հետապնդում Իսրայելը, պարզ էր դեռ 12-օրյա պատերազմի ժամանակ: Այն է՝ Ադրբեջանի տարածքը կենսական նշանակություն ուներ Իրանի արեւելյան հատվածին ավիացիոն հարվածներ հասցնելու համար: Ու փաստը, որ 44-օրյա պատերազմից ի վեր Ալիեւն արագորեն Արցախի գրաված տարածքներում մեկը մյուսի հետեւից միջազգային, իսկ իրականում՝ ռազմական օդանավակայաններ հիմնեց, գալիս է հուշելու, որ խոսքը բավականին հին ծրագրերի մասին է: Ասենք այն, որ Ալիեւն այդ օդանավակայանների, Արցախը շրջապատող կոմունիկացիոն ցանց ստեղծեց՝ չունենալով ֆինանսական որեւէ խնդիր, իր հերթին էր էն գլխից հուշում, որ կան արտաքին ֆինանսական աղբյուրներ, եւ էլի թելերը տանում էին դեպի Իսրայել:
Կարճ ասած, Ադրբեջանի տարածքն Իրանի դեմ պլացդարմ սարքելու ուղղությամբ լրջագույն աշխատանքներ տարվել եւ տարվում են: Ու, ինչպես նաեւ էլի 12-օրյա պատերազմի փորձը հուշեց, նպատակը միայն օդային հարվածները չեն, որոնք Իսրայելի համար հաղթանակի ապահովման միջոց այդպես էլ չդարձան, ինչպես այլ պետությունների դեպքում է: Էֆեկտիվ չեղավ նաեւ Իրանը ներսից փլուզելու սցենարը, եւ ապագայում եւս այն հազիվ թե իրատեսական լինի: Այսինքն, Իրանը ներսից պայթեցնելու իսրայելյան նախնական գործողությունները որոշակի արդյունքներ տվեցին: Բայց Իրանն էլ շատ արագ ուշքի եկավ այդ նախնական հարվածներից եւ հիմա հետեւողականորեն ոչնչացնում է ինչպես ներքին, այնպես էլ դեռ ներմուծվող լրտեսական բջիջները՝ երկրի ներսում բարձրացնելով վերահսկելիության մակարդակը: Ահա այս իրավիճակում Իրանի հարցը լուծելու միակ հնարավորությունը կարող է տալ ցամաքային օպերացիան:
ԱԼԻԵՎԸ ՊԱՏՐԱՍՏՎՈ՞ՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ
Ահա այս իրավիճակում պատահական չեն վերջին օրերի խոսակցություններն այն մասին, որ Ադրբեջանն իր ուժերը սկսել է կենտրոնացնել Իրանի սահմանային գոտիներում: Ավելին, որ ադրբեջանական ուղղություն կարող են նետվել նաեւ Սիրիայում գտնվող թյուրքական գրոհային ուժերը: Ամեն դեպքում, լուրերը հաստատում են նաեւ ԻՀՊԿ-ին մոտ կանգնած աղբյուրները. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սկսել է ռազմական տեխնիկա տեղափոխել իրանա-ադրբեջանական սահման։ Տարածաշրջանային աղբյուրների համաձայն, սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչները, իբր, նրան վստահեցրել են. «Հանգիստ մնացեք. Զանգեզուրն ու Թավրիզը ձերը կլինեն»»։ Իհարկե, սեփական միջոցներով Ալիեւը նման ռիսկային քայլերի ոչ մի դեպքում չի գնա: Բայց եթե Ադրբեջան տեղափոխվեն իսլամիստական գրոհայինների մեծաքանակ խմբեր, փորձեն Արեւելյան Ադրբեջանում ներքին խմորումներ առաջացնել, սրան գումարեն իսրայելյան ավիացիան, որն այդ դեպքում կկարողանա անարգել գործել ադրբեջանական օդանավակայաններից, միգուցե ռեալ սցենար ստացվի: Առավել եւս, եթե խաղի մեջ ներքաշեն նաեւ Թրամփին, ինչը եւս միանգամայն իրատեսական է դարձել: Այսքանից զատ, չկա որեւէ երաշխիք, որ Իսրայելը տակտիկական միջուկային զենքի չի դիմի՝ «Իրանի միջուկային ծրագիրը վերջնականապես չեզոքացնելու» գեղեցիկ փաթեթավորման տակ:
Իրանական աղբյուրներն արդեն անթաքույց սպառնում են Ադրբեջանին. «Այս անգամ ողորմություն չի լինի։ Իրանը հստակեցրել է. աշխարհաքաղաքական խաղերն ու վրեժխնդրության մասին պատրանքները չեն աշխատի։ Մեր պատասխանը կլինի անզիջում։ Սա վերջին նախազգուշացումն է նրանց, ովքեր խաղում են կրակի հետ՝ մոռանալով, որ տարածաշրջանի պատմությունը չի հանդուրժում դավաճանությունը»: Բայց չնայած այս հռետորաբանությանը, բոլորն են հասկանում, որ Իրանի համար ռիսկը շատ մեծ է, եթե բանը հասնի ԱՄՆ-Իսրայել տանդեմի հետ ավելի մասշտաբային բախման, քան եղավ 12-օրյա պատերազմի դեպքում: Առավել եւս, եթե այդ տանդեմը լուծի 12-օրյա պատերազմի հիմնական բաց մասը՝ ցամաքային գործողությունների հարցը:
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՆՈՐԻՑ ՓՈԽՎՈՒՄ Է
Ահա այս իրավիճակում Թեհրանի շփումները Պեկինի հետ դժվար է ասել ռազմական առումով ինչ-որ արդյունքներ տվեցի՞ն: Խոշոր հաշվով, Պեկինը խոստովանեց, որ ռուս-ուկրաինական պատերազմն իր համար նույնիսկ օգուտ է. այն թուլացնում է հիմնական հակառակորդին՝ ԱՄՆ-ին: Եվ այն, որ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի՝ պատերազմի մեջ ներքաշվելը նույն տրամաբանությամբ Պեկինը նորից կարող է գնահատել` որպես իր համար օգտակար, կարելի է ենթադրել: Իհարկե` պայմանով, որ Իրանը շուտ չպարտվի, այլ առավելագույնս նվազեցնի ամերիկյան ռեսուրսները: Իսկ դրա համար որոշակի օգնություն Իրանին, թերեւս, կցուցաբերի: Բայց ոչ այն կարգի, որ էս գլխից կանգնեցնի ամեն մի պատերազմ:
Իսկ ահա Մոսկվայի համար այս պահին Մերձավոր Արեւելքում պատերազմը կարող է լինել ամենաանցանկալի սցենարը: Այն կարող է չեզոքացնել Ուկրաինայում այս պահին առկա բավականին լուրջ սպասելիքները: Ահա այս իրավիճակում ի ցույց դնելը, որ Թեհրանի հետ ռազմական հարաբերություններում որակական փոփոխությունների հնարավորություն կա, արդեն իսկ կարող է հնարավոր պատերազմը կանգնեցնող գործոն դառնալ: Այսինքն, թե ի՞նչ ռազմական ինքնաթիռներ են Իրանում վայրէջք կատարում, դա արդեն կարեւոր մեսիջ է դառնում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ՝ Իսրայելի համար: Այսինքն, միայն այն միտքը, որ այդ բեռների մեջ կարող են նաեւ մի քանի «թեթեւ» միջուկային մարտագլխիկներ լինել, արդեն իսկ կարող է Իրանին ոչնչացնելու ողջ տրամաբանությունը փոխել: Գումարած, Բաքուն, երբ նրա հենց քթի տակ ռուս-իրանական զորավարժանքներ են անցկացնում, իր հերթին դժվար թե չհասկանա, որ մեծ խաղի դեպքում կարող է եւ փաստի առաջ կանգնել: Իհարկե, Ալիեւի համար կարող է հաճելի լինել, երբ Թրամփը նրա ելույթներից մեկը տեղադրում է սոցցանցային իր էջում: Բայց ի՞նչ կարող է անել նույն Թրամփը, եթե հանկարծ Կասպից ծովում զորավարժություններ անող եւ միգուցե նաեւ այլ ռուս-իրանական նավեր դեսանտ իջեցնեն ուղիղ Բաքվի ափամերձ հատվածում. հաստատ հանուն Ալիեւի` ռուսների հետ ուղիղ բախման չի գնա:
Այսինքն, եթե միայնակ Իրանի պարագայում կա ռեալ վտանգ, ապա Իրան-ՌԴ համատեղ գործողությունների դեպքում, գոնե Ադրբեջանի համար, որը պլացդարմ են դարձրել, էֆեկտը ճիշտ հակառակն է դառնում: Ահա այս իրավիճակում, երբ Ալիեւը Հայաստանում գտնվող եվրոպացի դիտորդներին հրապարակավ Իրանի դեմ լրտեսող շպիոններ է անվանում, նաեւ, որ իր տարածք թույլ չի տա մտնել որեւէ «օտարերկրյա օպերատոր», դա արդեն հռետորաբանության կտրուկ փոփոխության է նմանվում: Ի վերջո, Իսրայելն այն մեծ ուժը չէ, որ կարողանա Ադրբեջանին պաշտպանել, ԱՄՆ-ն շատ հեռու է, եւ հարց է, կցանկանա՞ պետք եղած պահին օգնության հասնել, Թուրքիան էլ, թեեւ Բաքվին «փոքր եղբայր» է համարում, բայց, ինչպես պատմությունն է հուշում, որոշակի իրավիճակներում անգամ հանուն Ադրբեջանի չի գնա Մոսկվայի հետ բախման: Առավել եւս, որ Մոսկվան, ինչպես100 տարի առաջ, «11-րդ կարմիր բանակ» բերելու կարիք չունի. մի քանի հրթիռը բավական է: Մինչդեռ ՌԴ-ն եւ Իրանը հենց կողքին են:
Տես նաեւ https://t.me/iravunk/55088