ԹՐԱՄՓԻՆ ԻՐՈՔ ՊԵՏՔ Է ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼԸ
ՎերլուծությունԱմեն դեպքում, կապված հարավկովկասյան ուղղության (Տես նաեւ https://iravunk.com/?p=318820&l=am) մասին Թրամփի հայտնի հայտարարությունների հետ, դեռ չկա մեկ հարցի հստակ պատասխան: Այն է՝ Թրամփն իրականո՞ւմ է լրջորեն մտնում այս ուղղություն, թե՞ այդ բոլոր հայտարարություններին պետք է նայել Մոսկվայի հետ ներկայիս «բազարների» տեսանկյունից՝ ընդամենը սպառնալիք ինչ-որ բան ստանալու համար:
Ու այն, որ այս հարցի պատասխանը շարունակում է գտնվել ուկրաինական խաղատախտակին, որտեղ առկա գործընթացները դրված են նաեւ ռուս-ամերիկյան ընդհանրական հարաբերությունների հիմքում, դա եւս նոր պատմություն չէ: Ամեն դեպքում, գոնե հրապարակային դաշտում Թրամփը Մոսկվայից եւ Կիեւից ցուցադրաբար պահանջում է՝ բանակցել, եւ եթե բան չփոխվի, այսօր Մոսկվայի եւ Կիեւի բանակցությունները կշարունակվեն Ստամբուլում: Բայց ի՞նչ սպասելիքներ կան այդ նոր բանակցային փուլից, այստեղ է հարցը:
Այսպես, Թրամփը թեեւ բանակցություններ է պահանջում, Մոսկվայի այդ հենքի վրա ինչ-որ սպառնալիքներ է հղում, բայց հաստատ քաջ գիտակցելով, որ այս պահին կողմերը դեռ շատ են հեռու ինչ-որ ռեալ բան պայմանավորվելուց: Լավ, ասենք բանակցեցին, որ ի՞նչ: Մոսկվան քանիցս հստակ հայտարարել է, որ անկախ նրանից, թե Թրամփն ինչ է ասում եւ անում, մեկ է՝ Կիեւին ուղղված հայտնի պահանջներից հետ չի կանգնի: Ըստ այդմ, թերեւս պատահական չէ, որ Վաշինգտոնը ցուցադրաբար սպառնալով Մոսկվային, ոչ պաշտոնապես Կիեւին է ուղղում հիմնական ճնշումը: Խոսքը` օրերս տարածված լրագրողական ենթադրության մասին էր, որ եթե այսպես շարունակվի, Թրամփը պարզապես մեջտեղից կհանի Զելենսկուն: Եվ այն, որ Կիեւն անմիջապես էլ Ստամբուլում Մոսկվայի հետ նոր հանդիպման համաձայնությունը տվեց, խոսում է այն մասին, որ Զելենսկին միանգամայն ճիշտ է ընկալել Վաշինգտոնից եկող այդ ազդակները:
Բայց մյուս կողմից, ամերիկյան այդ ճնշումը բավարար կլինի՞, որ Զելենսկին գոնե մասնակի ընդառաջ գնա Մոսկվայի «բեկման ոչ ենթակա» պայմաններին. քիչ հավանական է, չնայած ո՞վ իմանա: Եթե Կիեւում իրոք վստահ լինեն, որ բանակցային նոր տապալումների դեպքում վաշինգտոնյան այդ սպառնալիքները իրոք կարող են կյանքի կոչվել, ապա այս դեպքում Զելենսկուն պարզապես այլ տարբերակ չի մնում, քան ընդառաջ գնալը:
Մյուս կողմից, Զելենսկու համար պարտադրող գործոն կարող է դառնալ այն իրավիճակը, որն այս պահին ստեղծվել է ռազմաճակատներում: Բանն այն է, որ ճակատի գործնականում բոլոր ուղղություններում այս պահին ուկրաինական ուժերի համար կատաստրոֆայից «մեկ րոպե պակաս» վիճակ է: Պոկրովսկից մինչեւ Կոնստանտինովկա հատվածում խոշոր շրջապատումներ են պարզ ուրվագծվում, եւ դրանք կարող են վերածվել ողջ կենտրոնական եւ հյուսիսային Դոնբասի գրավմանը ռուսների կողմից: Այս օրերին շատ լուրջ վտանգ է տեսանելի դառնում հարավում՝ Զապորոժիեում, նույնքան լուրջ վտանգ կա Խարկովում, Սումիում եւ այլն: Ընդ որում, ամեն մի նոր պարտություն սկսել է բացի տարածքներից, ուկրաինական կողմի համար վերածվել նյութական եւ մարդկային ուժի այնպիսի կորուստների, որոնց վերականգնելը գործնականում անհնար է: Այն է՝ «մաղման» տակ են ուկրաինական վերջին առանցքային զորամիավորումները, որը Կիեւը մի կերպ կարող է լրացնել փողոցներից բռնությամբ հավաքագրվողներով: Այսինքն, արդեն այս տարեվերջին շատ հնարավոր է, որ ուկրաինական բանակի մարտունակությունը հասնի այնպիսի ցածր մակարդակի, որ դրանից հետո այլեւս ռուսներին կանգնեցնելու որեւէ հնարավորություն չմնա:
Այս իրավիճակը, իհարկե, պարզ հասկանում են նաեւ Վաշինգտոնում. ամեն դեպքում, ամերիկյան վերլուծական ռազմական ռեսուրսների մոտ ավելի ու ավելի հաճախակի են սկսել հայտնվել իրավիճակի նման գնահատումներ: Այսինքն, որ միանգամայն ռեալ է դարձել հավանականությունը, որ արդեն ձմռան մոտ կամ գալիք տարեսկզբին նույնիսկ ծիծաղելի հնչի Մոսկվային, բացի Կիեւի անվերապահ կապիտուլյացիայից, այլ հրադադարային կամ բանակցային տարբերակ առաջարկելը, ինչքան էլ որ հիմա Թրամփն աննախադեպ քանակի զենք-զինամթերք տալուց է խոսում:
Մի խոսքով, որքան էլ քիչ հավանական, բայց բանակցային տեղաշարժերի հավանականություն այս պահին կա: Ավելին, շատ ազդակներ են խոսում, որ Թրամփն իրոք կարող է Զելենսկուն մեջտեղից հանել, եթե այդ հավանականությունը հիմա չօգտագործվի: Կարճ ասած, սպասենք այսօր Ստամբուլում կայանալիք բանակցություններին:
Տես նաեւ https://iravunk.com/?p=318821&l=am