2025 թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 39.2 մլրդ դրամ պակասուրդով
Տնտեսություն2025 թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 39.2 մլրդ դրամ պակասուրդով, թեև ակնկալվում էր, որ կլինի 325.3 մլրդ դրամի պակասուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության` այսօր հրապարակած ՀՀ 2025 թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվության համաձայն, բյուջեի պակասուրդի՝ ծրագրի համեմատ ցածր մակարդակը հիմնականում պայմանավորված է եկամուտների գերակատարմամբ և ծախսերի ցածր կատարողականով, որը հանգեցրել է ֆինանսավորման ներքին աղբյուրներում բյուջեի ազատ միջոցների աճի: Բացի այդ, ցածր ցուցանիշ է արձանագրվել արտաքին աղբյուրներից ստացվող վարկերի գծով, որոնք կազմել են 14.4 մլրդ դրամ կամ ծրագրի 37.1 %–ը:
2024 թ. առաջին կիսամյակի համեմատ պետական բյուջեի եկամուտները 2025 թ. կես տարում աճել են 15.2 %–ով կամ 189.4 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է հարկային եկամուտների և այլ եկամուտների աճով:
2025 թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,433.1 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին կիսամյակի ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 102.2 % կատարողական:
ՀՀ պետական բյուջեի ծախսերիը կազմել են 1,472.3 մլրդ դրամ կամ առաջին կիսամյակի ծրագրի 85.2 %-ը: Այսպիսով, ապահովվել է առաջին կիսամյակի ճշտված ծրագրի 85.2 % կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 19.4 %–ով կամ 239.6 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված կապիտալ ծախսերի և սոցիալական նպաստների ու կենսաթոշակների աճով:
Հաշվետու ժամանակահատվածում ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնված պարտավորությունների ամբողջական կատարումը:
ՀՀ կառավարության պարտքի սպասարկման առումով ծախսերը 2024 թ. 1–ին կիսամյակի համեմատ աճել են 10.4 %-ով կամ 15.9 մլրդ դրամով: Աճել են նաև կապիտալ ծախսերը` 80.7%-ով (132.1 մլրդ դրամով):
Անդրադառնալով դրամաշնորհներին` նախարարությունից տեղեկացնում են, որ այս տարվա առաջին կիսամյակում ստացվել են 3.6 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհներ, որոնք կազմել են առաջին կիսամյակում ծրագրված մուտքերի 69.6 %–ը:
2025 թ. հունվար–հունիս ամիսներին պետական բյուջե մուտքագրված պաշտոնական դրամաշնորհները 14.6 %–ով կամ 611.6 մլն դրամով զիջել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ պայմանավորված 2024 թ. առաջին կիսամյակում առավել մեծ ծավալով չնախատեսված բյուջետային աջակցության դրամաշնորհների ստացմամբ: