ՆՄԱՆ Է, ՈՐ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ» ԲԱՑՈՒՄԸ ՆՈՐԻՑ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՁԳԵՆ
ՎերլուծությունՎերջին օրերին Իրանից եկող ազդակները, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով, հետեւյալ իրողություններն են եւս մեկ անգամ ֆիքսում: Նախ, որ Իրանը տեսնում է «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ներկա զարգացումները՝ դրանք իր անվտանգության համար ծայրահեղ վտանգավոր գնահատելով: Հաջորդը, որ պատրաստ է ցանկացած քայլի՝ այդ վտանգի դեմն առնելու համար: Վերջապես, որ այդ մասին հրապարակային ազդակներ է հղում բոլոր ներգրավված կողմերին՝ ցույց տալով իր այդ վճռականությունը:
ԻՆՉ ԱԿՆԱՐԿԵՑ ՎԵԼԱՅԱԹԻՆ
Նման գնահատում էր նաեւ օրերս Գերագույն առաջնորդ Իմամ Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական եւ «աջ ձեռքի» համարում ունեցող դոկտոր Ալի Աքբար Վելայաթիի պաշտոնական հայտարարությունը: Մինչ դրան հասնելը, նախ հիշեցնենք, որ վերջերս Վելայաթին Մոսկվայում էր, հանդիպում ունեցավ Պուտինի հետ, եւ ենթադրելի է, որ մասնավորապես «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված նրա մտքերն այդ այցի շրջանակներում քննարկվել, չբացառենք՝ համատեղ եզրակացությունների է հանգեցրել:
Այսպես, Խամենեիի խորհրդականը, իհարկե միանգամայն տեղին, «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը համարում է «ծուղակ», որի նպատակն է Իրանի և Ռուսաստանի ցամաքային տարանջատումը: Նրա խոսքով. «Այս նախագիծը իրականում ուղղված չէ տարածաշրջանային ինտեգրմանը, տնտեսական կայունությանը կամ ժողովրդի բարեկեցությանը։ Ընդհակառակը, այն նախատեսվում է ցամաքով իրարից մեկուսացնել Իրանը, Ռուսաստանը և Դիմադրության ճակատը… Այս միջանցքի հետևում կանգնած են Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն, սիոնիստական ռեժիմը և պանթյուրքիստական շրջանակները»: Ու բացի վտանգը մատնանշելուց, նա նաեւ ավելորդ անգամ ի ցույց դրեց, թե որը կլինի Իրանի ռեակցիան. «Իրանը ռազմական ուժեր է տեղակայել սահմաններին և զորավարժություններ է անցկացրել՝ ցուցադրելով իր «կարմիր գիծը»։ Պասիվ և դիտողական քաղաքականության դարաշրջանն ավարտվել է. Իրանն այժմ հետապնդում է կանխարգելիչ և ակտիվ գործողությունների ռազմավարություն »:
Վելայաթին, թերեւս, մեկ բան «մոռանում» է` այդ նախագծի հետևում «Միացյալ Նահանգներից, ՆԱՏՕ-ից, սիոնիստական ռեժիմից և պանթյուրքիստական շրջանակներից» զատ, կանգնած է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Չնայած, նման է, որ իրանցի պաշտոնյան պարզապես նրբանկատորեն շրջանցում է Նիկոլին, թեեւ կարելի է կռահել, որ «կարմիր գիծ» ասվածը նաեւ նրան հղված մեսիջ է: Եվ, կրկնենք, սա Իրանից եկող բազում մեծ ու փոքր մասշտաբի հայտարարություններից, փորձագիտական գնահատումներից ընդամենը օրինակ է:
Չնայած, Վելայաթիի այս հայտարարությունը նաեւ այն հարցն է թողնում օրակարգում, թե հիշատակված մոսկովյան այցի շրջանակներում կոնկրետ պայմանավորվածություններ եղե՞լ են: Այստեղ, թերեւս, հիշեցնենք, որ Վելայաթիից մեկ-երկու օր անց Մոսկվա այցելեց նաեւ Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ինչը ենթադրում էր, որ այս գործընթացներն իրենց տակ նաեւ ռազմական տեսք ունեն: Եվ այս առումով, ուշագրավ է իրանցի տեղեկացված փորձագետի ակնարկը. «Հաղորդագրություններ են ստացվել С-400 հակահրթիռային համակարգի հնարավոր գնման մասին: Եթե այն մատակարարվի երկրին, ապա Իրանի ՀՕՊ սխեման կունենա հետևյալ տեսքը (Քարտեզում)»։
Հետաքրքիր մեկ դետալ չանտեսենք: Իրանական աղբյուրը հազիվ թե պատահական է ներկայացրել C-400-ների ծածկույթի շառավիղը, եթե դրանք գտնվեն Իրանում: Նախ, այս համակարգերի համար հեշտ թիրախ են նաեւ ամերիկյան ծանր ռմբակոծիչները, որոնք 12-օրյա պատերազմում հարվածեցին Իրանին: Հաջորդը, Այն է՝ C-400-ները կծածկեն ոչ միայն Իրանի, այլ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի երկինքը: Այսինքն, կկանխվի Ադրբեջանից, ասենք նաեւ Կասպից ծովից իսրայելյան գրոհային միջոցների նոր ներխուժումները: Եվս մեկ ոչ պակաս կարեւոր դետալ: Հայտնի է, որ ռուսները C-400-ներ ունեն նաեւ Աբխազիայում: Բացի այդ, վերջերս տեղեկատվություն եղավ, որ ռուսները ակտիվորեն զինում են հայաստանյան ռազմաբազան, ինչը ակտիվորեն տիրաժավորեցին նաեւ ռուսական աղբյուրները: Սրան զուգահեռ, տարածված խոսակցություններն այն մասին են, որ խոսքը նաեւ C-400-ների մասին է: Չնայած, եթե անգամ ընդունենք, որ Հայաստանում C-400-ների առկայությունը խոսակցությունենրի մակարդակով է, ապա մեկ է, դրանք կան Աբխազիայում եւ եթե տեղակայվեն նաեւ Իրանում, ապա կստեղծվի օդային պաշտպանության չընդհատվող գիծ: Այսինքն, անկախ այն բանից, թե ինչ դիրքորոշում ունեն կամ կունենան Հայաստանը, Ադրբեջանն ոը Վրաստանը, Ռուսաստանից մինչեւ Իրան օդային գիծը կդառնա վերահսկելի եւ խոցելի Մոսկվայի եւ Թեհրանի կողմից: Ընդ որում, խոցելիության շատ բարձր մակարդակով (80 տոկոսից ավել) եւ ցանկացած տիպի ավիացիոն եւ հրթիռային տեխնիկայի համար, որոնք ունեն ԱՄն-ն ու Իսրայելը (հիպերձայնային զինատեսակները նրանց մոտ բացակայում են):
Վերջապես, ռուսական միանգամայն տեղեկացված աղբյուրը քիչ ավելի վաղ ակնարկում էր, որ С-400 համակարգեր արդեն Իրանում կան: Եվ ոչ միայն C-400-ներ:
ԱԼԻԵՎԸ ՈՐՈՇԵՑ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԻՍՐԱՅԵԼԻՆ
Այսպիսով, այն տպավորությունն է, որ ռուս-իրանական տանդեմի մոտ, բացի քաղաքական հայտարարություններից, կա նաեւ միանգամայն կոնկրետ ռազմական պատրաստություն՝ հնարավոր նոր անակնկալներից խուսափելու համար: Ընդ որում, սա կարող է ունենալ եռակողմ ձեւաչափ, երբ հաշվի ենք առնում նաեւ իրանական աղբյուրների կողմից համառորեն շրջանառվող լուրերը դեպի Իրան չինական ռազմատրանսպորտային ինքնաթիռների նորանոր թռիչքների մասին: Այսինքն, երբ Վելայաթին Սյունիքի հետ կապված տարաբնույթ ծրագրերը գնահատում է, ցամաքով Իրանը Ռուսաստանից մեկուսացնելու ծրագիր, ապա միանգամայն տրամաբանական կլիներ, որ այդ երկու երկրները ձեռնարկեին նախազգուշական քայլեր այդ խզումը բացառելու համար: Առավել եւս, երբ Թրամփն անձամբ այդ գոտի մտնելու հրապարակային հայտ ներկայացրեց:
Այս իրավիճակում, իհարկե, պատահական չէին նիկոլյան իշխանությունների հերթական պնդումները, թե ոչ մի երրորդ կողմի էլ Սյունիքի գծերի հետ կապված վերահսկողություն տալ չեն պատրաստվում: Իր հերթին, որոշակի երանգային ոփփոխություններ սկսեց նկատվել նաեւ Ալիեւի մոտ: Ամեն դեպքում, եթե Բաքուն մինչ այս համառ լռություն էր պահպանում Իրանի դեմ Իսրայելի հարձակման հետ կապված, իսկ Թեհրանն Ալիեւին համարում էր Թել Ավիվի հանցակից, ապա հիմա արդեն Ադրբեջանը որոշեց պաշտոնական դիրքորոշում հայտնել: Այն է՝ Ալիեւի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի փոխքարտուղարի հետ հեռախոսազրույցում ցավակցություն է հայտնել իրանցի հրամանատարների և գիտնականների զոհվելու կապակցությամբ և խստորեն դատապարտել սիոնիստական ռեժիմի հարձակումը Իրանի տարածքի վրա: Հասկանալի է, որ սա «Զատիկից հետո կարմիր հավկիթի» տարբերակն է, առավել եւս, Բաքուն անմիջական դերակատարում է ունեցել այդ հարձակման մեջ: Չնայած դրա, երբ սկսել է պաշտոնական դատապարտման հայտարարությունենր հնչեցնել, ապա դա ակնարկ է իրավիճակի որոշակի փոփոխության մասին, որն Ալիեւին ստիպում է ընդամենը շաբաթներ առաջ ի ցույց դրվեց «հաբրգած» ոճը փոխել զգուշավորության: Ու դրա պատճառները դժվար չէ տեսնել: Նախ, եթե ընդամենը վերջերս Ալիեւն արդեն իրենց պատկերացնում էր Իրանի տարածքներն իրենով անողի դերում, ապա դրա ձախողումը պետք է, որ նրա ոգեւորության վրա ազդող միջոց դառնար: Եվ երկրորդը. երբ ռուսներն ու իրանցիները Կասպից ծովում զորավարժանքներ են անցկացնում, իսկ հիմա էլ օրակարգ է մտել Ռուսաստանից մինչեւ Իրան ձգվող օդային պաշտպանական համակարգի ստեղծման լուրը, որը կյանքի կոչվելու դեպքում ի զորու կլինի լիովին ծածկել նաեւ ադրբեջանական երկինքն ու Ադրբեջան տանող ուղիները, ապա դա հաջորդ ազդակն է, որ Մոսկվան եւ Թեհրանը շատ լուրջ են տրամադրված: Առավել եւս, երբ կան նաեւ լուրեր, որ այդ նոր իրավիճակը լրջորեն մտահոգել է նաեւ Նեթանյահուին, ինչի մասին ակնարկեց Պուտինի հետ նախօրեին կայացած նրա հեռախոսազրույցը:
Կարճ ասած, ամեն ինչ խոսում է նրա մասին, որ հեշտ ու հանգիստ «Զանգեզուրի միջանցք» բացելու սցենարը, այն է՝ Նիկոլը ստորագրեց, եւ ամեն բան անցած ամերիկացիներին, չի աշխատելու: Շատ նման է նաեւ, որ այդ ամենը տեղը-տեղին բացատրել են նաեւ Նիկոլին՝ Ռուսաստան կատարած այցի ժամանակ: Եվ այն, որ նա, այնտեղից վերադառնալով, գնաց արձակուրդ, իր հերթին է խոսում այն մասին, որ մտածելու շատ հարցեր են առաջացել: