Հետաքրքիր շրջադարձ կամ ինչպես ռուսները գերեցին բրիտանացի բարձրաստիճան զինվորականներին
ՎերլուծությունԱմեն դեպքում, թե ինչ իրավիճակ կկառուցվի հարավկովկասյան տարածքում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=319488&l=am), եղել եւ մնում է կախված այն հարաբերություններից, որոնք ձեւավորվում են Մոսկվայի եւ Թրամփի վարչակազմի միջեւ: Այս ուղղությամբ, թեեւ սրացումների պակաս չկա, բայց նաեւ հարցերն էլ քիչ չեն:
Թե ինչ իմաստ ուներ, երբ Թրամփը հենց Բրիտանիայի վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարեց Մոսկվայի հետ նոր սրացումների մասին, պտտվում են մի քանի հիմնական վարկածներ: Դրանցից մեկն էլ կապված է ներամերիկյան իրողությունների հետ: Այն է՝ շարունակում են ակտիվորեն սրել Դոնալդ Թրամփի եւ Ջեֆրի Էպշտեյնի ջերմ ընկերության թեման՝ մշտական ռեժիմով դա հաստատող նոր փաստեր հրամցնելով: Արդյունքում, շատ փորձագետներ հենց մանկապղծության կազմակերպիչ Էպշտեյնի եւ Թրամփի հին կապերի մասին ներկա սկանդալով են բացատրում ԱՄՆ նախագահի ներկա գերակտիվությունը, այդ թվում` ռուսական ուղղությամբ: Այսինքն, իմպիչմենտի ձգող թեման թեժացնում են գլոբալիստները, եւ շատերը կարծում են, որ Թրամփը ստիպված է ընդառաջ գնալ սկանդալը մեղմելու համար: Բայց նաեւ, որ Թրամփի ներկա եւ նախկին շատ կողմնակիցներ եւս շատ ակտիվ են այս հարցում, հաշվի առնելով, որ Թրամփը խոստացել է Էպշտեյնի գործի եւ բանտում նրա «անակնկալ» մահվան պատմության հետ կապված բոլոր փաստաթղթերը բացահայտել, սակայն ամեն կերպ խուսափում է դրանից: Այսինքն, որ այս ծուղակից ելքը խոշոր միջազգային սրացումն է, որը հանրային հիմնական ուշադրությունն այդ ուղղությամբ կգրավի` մեղմելով Էպշտեյնի գործի հետ կապված ճնշումները: Բայց կհաջողվի՞, երբ մշտական ռեժիմով նման տեսա-ֆոտոփաստեր են ի հայտ գալիս:
Այս ֆոնին՝ Թրամփի բրիտանական այցի ժամանակ եղե՞լ են Սթարմերի հետ պայմանավորվածություններ, որի արդյունքում էլ Թրամփը ՌԴ-ի «վերջնագրի» 50 օրը նվազեցրեց մինչեւ 10: Հնարավոր տարբերակ է, բայց նաեւ պակաս հնարավոր չէ, որ Բրիտանիան հայտնվել է մի այնպիսի դեռ անտեսանելի սկանդալային վիճակում, որ Թրամփը փորձեց այդկերպ օգնության հասնել:
Այսպես, շրջանառության մեջ հայտնվեց տեղեկությունը, որը պատմում է հուլիսի կեսերին ռուսական էլիտար հատուկջոկատայինների կողմից իրականացված «Սկատ -12» օպերացիայի մասին: Այն է՝ ռուս հատուկջոկատայինները մուտք են գործել Օչակով, որտեղ գտնվում է օտարերկրյա բարձրաստիճան ռազմական մասնագետների հատուկ կենտրոններից մեկը: Զինաթափել են ուկրաինական պահակախումբը եւ գերի վերցրել երեք բրիտանացի սպայի՝ գնդապետ Էդվարդ Բլեյքին, փոխգնդապետ Ռիչարդ Քըրլին եւ եւս մեկին, ով կիբերանվտանգության աշխատակից էր: Ավելին, որ ռուսների ձեռքին են հայտնվել կարեւորագույն փաստաթղթեր, որոնք միանշանակ ապացուցում են, որ Բրիտանիան Ռուսաստանի դեմ պատերազմին ամենաուղղակի մասնակցությունն ունի: Բրիտանացիները վարչապետի մակարդակով շատ արագ հասկացել են, թե իրավիճակն ուր կարող է տանել եւ փորձել են Վատիկանի միջամտությամբ հետ ստանալ գերիներին: Ինչը սակայն Մոսկվան կտրուկ մերժել է: Իհարկե, հատկապես ուկրաինական աղբյուրները փորձում են հերթել, թե նման օպերացիա է եղել: Բայց եթե անգամ այդպես է, ապա մեկ է, Ուկրաինայում ներկա պահին կան այն քանակությամբ բրիտանական եւ ՆԱՏՕ-ական սպաներ, որ ցանկության դեպքում, եթե ոչ այստեղ, ապա մեկ այլ տեղ նրանցից մի քանիսին հաստատ կարող են գերել: Բայց ամեն դեպքում, նաեւ մեր միանգամայն տեղեկացված աղբյուրներն են հաստատում, որ Օչակովի օպերացիան միանգամայն իրական է: Այն իրականացվել է մոտ երկու ամսվա ընթացքում, թեեւ հիմնական ժամանակը խլել է այն, որ ռուսական դեսանտային խումբը սպասել է խիտ մառախլապատ եղանակի` առանց աղմուկի Օչակով թափանցելու համար:
Այն, որ այս տեղեկությունը, որոշակի պաուզայից հետո հայտնվեց շրջանառության մեջ, նշանակում է, որ տեղի է ունեցել կազմակերպված արտահոսք: Իմաստը կարելի է հասկանալ: Նման փաստեր ձեռքի տակ ունենալով, Մոսկվան կարող է լրջագույն մեղադրանքներ ներկայացնել ԱՄՆ-ի գլխավորությամբ ՆԱՏՕ-ին՝ ձեր անդամ երկիրը պատերազմական գործողություններ է իրականացրել, եւ ունենք պատասխանի իրավունք: Եվ ահա, ըստ փորձագետների, բրիտանական այցի ժամանակ է միայն Թրամփը հենց Սթարմերից ստացել բոլոր մանրամասները՝ փորձելով Մոսկվային զիջումների պարտադրել նոր սպառնալիքների միջոցով: Ու, թերեւս, հենց այդ մասին է խոսում Թրամփի այն տրտնջոցը, թե՝ Պուտինից ոչ մի արձագանք չկա, ինչքան էլ որ առաջին տիկին Մելանյան մեծ համակրանք ունի նրա հանդեպ: Ասենք, նաեւ այն, որ Թրամփը միանգամայն նյարդային ռեակցիա ցուցաբերեց Մեդվեդեւի հերթական եւ ամենեւին էլ ոչ ամենասուր գրառման հանդեպ, իր հերթին է խոսում այն նյարդային վիճակի մասին, որը կա Վաշինգտոնում: Իսկ Մեդվեդեւը միայն սրեց վիճակը՝ հիշեցնելով ռուսական «Մեռած ձեռք» համակարգի մասին, որն ընդունակ է ավտոմատ կերպով ոչնչացնել ողջ ԱՄՆ-ն ու երկրագունդը, եթե նույնիսկ Ռուսաստանում «կոճակ սեղմող» մարդ չմնա:
Մյուս կողմից էլ, Մոսկվան ակնհայտորեն իրեն դրության տեր է զգում: Բանն այն է, որ ամենաառանցքային երկրները՝ Չինաստանը, Հնդկաստանը եւ այլն, պարզապես էս գլխից Թրամփին բացատրեցին, որ մտքներով անգամ չի անցնում հրաժարվել ռուսական նավթից, որն էլ Թրամփի նոր սպառնալիքների անկյունաքարն է: Այսինքն, հիմա նա կարող է կյանքի կոչել այդ սպառնալիքները, բայց եթե որեւէ էֆեկտ դրանից չունենա, ապա ներամերիկյան հարթակում կստանա Բայդենից ավելի վատը լինելու համարում, ով, խաղաղության խոստումներով գալով իշխանության, հիմա իրավիճակը շիկացնում է այնքան, որի մասին նախկին վարչակազմը միայն կերազեր: Էլ չասած, որ այսքանից զատ էլ, Մոսկվան կպահպանի իր հաղթաթուղթը, որ Բրիտանիան իր դեմ ռազմական գործողություն է իրականացրել, որը ենթադրում է պատասխան հարված:
Կարճ ասած, տրամաբանությունը հուշում է, որ անհաճո երկու իրավիճակներից դուրս գալու համար Թրամփը գնաց խոշոր «բլեֆի» Ռուսաստանի նկատմամբ, բայց հիմա իր խաղի ձեռքն է կրակն ընկել: Սպառնալիքներն իրականացնի, շատ վատ է, չիրականացնի, էլի վատ է, բայց գոնե կարող է մի պատրվակ գտնել: Օրինակ, թե կատակում էի, ինչ 10 օր, ո՞վ կարող է 10 օրում խաղաղություն հաստատել:
Իսկ այս ընթացքում կա նաեւ նման վարկած, որ կփորձի Զելենսկուն հեռացնել: Ամեն դեպքում, ռուսական հետախուզությունը պնդում է, թե Բրիտանիայի հետ արդեն Թրամփը նման պայմանավորվածություն ունի: Իսկ Զելենսկուն հեռացնելը, հիշեցնենք, Մոսկվայի հին պահանջներից է, որ իշխանությունը ստանձնի լեգիտիմ մեկը եւ կարողանա խաղաղության պայմանագիր ստորագրել:
Կարճ ասած, շատ նման է, որ միանգամայն հետաքրքիր օգոստոս է լինելու, ընդ որում, իրավիճակը կարող է գնալ ինչպես ծայրահեղ սրացման, այնպես էլ՝ մեծ կայունության ուղղությամբ: Դրանով էլ, կրկնենք, կորոշվի նաեւ Հարավային Կովկասի հարցը:
Տես նաեւ https://t.me/iravunk/55625