Նիկոլականների պարը՝ Սյունյաց միջանցքում
ՎերլուծությունՄինչ ողջ երկիրը խեղդվում է սոցիալ-տնտեսական խնդիրների մեջ, մինչ պետական պարտքը հասել է ավելի քան 13,5 միլիարդ դոլարի, մինչ մարդիկ սեփական երկրում ապրում են թշնամու ուղիղ վերահսկողության ներքո, սիմվոլիկ ֆիգուր դարձած Վահագն Խաչատուրյանը, ում պաշտոնական անունը դեռ «նախագահ» է, շրջում է Սյունիքի բնակավայրերում՝ քարոզելով թուրք-ադրբեջանական երազանքը՝ «Զանգեզուրի միջանցքը»:
Խաչատուրյանը, որ հայտնի է մեռելների հետ նկարվելու յուրօրինակ նախասիրությամբ, Սյունիքում իր քարոզչական շրջայցի ժամանակ կրկին աչքի ընկավ ականջ շոյող հայտարարություններով՝ արդարացնելով ներկա կապիտուլյացիոն իշխանությունների ռազմավարությունը։ Ըստ նրա՝ «պաշտպանական գիծ է կառուցվում», որն իբր 20 տարի առաջ կառուցված լիներ, Հայաստանը այսօր «անհաղթահարելի» կլիներ։ Ու ոչ ոք հարց չբարձրացրեց՝ 20 տարի առաջ ինչո՞ւ էր պետք պաշտպանության գիծ կառուցել այնտեղ, ուր սահմանի խնդիր անգամ չկար։ Սա պարզ մանիպուլյացիա է՝ կրկնելու այն տիպիկ «նիկոլական» հնարքը՝ ձախողումները վերագրել անցյալին ու խուսափել ներկայից։
Սյունիքը, որը սիմվոլ էր ազգային անկախության, այժմ օրեցօր վերածվում է պանթուրանական դարաշրջանի դարպասի։ Այդ դարպասը փորձել է բացել Աթաթուրքը, փորձում է բացել Ալիեւը, հիմա էլ բացում է Վահագնը՝ Նիկոլի ճակատագրական թիմակիցը։ Այսօր արդեն պարզ է՝ այս իշխանությունները ոչ միայն չեն պաշտպանում ՀՀ ինքնիշխանությունը, այլ պատրաստ են այն «արտապատվիրակել»՝ տնտեսական լոզունգների տակ։ Ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանի մամլո քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ճանապարհների կառավարումը կարելի է վստահել օտար կառույցի։ Բայց եթե Ալիեւը հայտարարում է, որ «բուն Ադրբեջանից Նախիջեւան գնացող ադրբեջանցին չպետք է տեսնի հայ սահմանապահի երես», ապա ո՞վ կարող է երաշխավորել, որ հայ սահմանապահը, մաքսավորն առհասարակ կլինի ներկա՝ ՀՀ տարածքով ընթացող ադրբեջանական շարժի ժամանակ։ «Նազելի՛, սա արդեն սահմանների դե ֆակտո հանձնում է», - արձանագրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
ՓՈՂԻ ԽՆԴԻՐ ՉԿԱ ԻՐԵՆՑ ԵՐԿՐՈՒՄ, ԲԱՅՑ ԻՐԵՆՑ ԵՐԿԻՐԸ Ո՞ՐՆ Է
Ինչ խոսք, իշխանության հետ ամեն ինչ պարզ է, բայց հետաքրքիր էր Սյունիքում տեսնել՝ ինչպես տասնյակ որդեկորույս ծնողներ՝ սրբացած ցավի կրողներ, հանգիստ կանգնած էին նույն հարթակում մի մարդու հետ, ում քաղաքական վերնախավի որոշումներով այսօր սահմանամերձ գյուղերում ոչ միայն թուրքի բիզնեսն է դառնում գերիշխող, այլ արդեն բնակիչներն էլ հեռուստացույցով «ազերի ռեպորտաժներ» են նայում սեփական բակերից։
Ակնհայտ է, որ այս վարչակարգը կառուցված է ստի, կեղծիքի ու պարտքերի վրա։ Բայց, այն, ինչ հայտարարեց Վահագն Խաչատուրյանը, իրոք, ցնցող էր. «Մեր երկրում փողի խնդիր չկա»,- ասում է նա՝ չհիշատակելով, որ Սյունիքում ամբողջ սոցիալական փաթեթը կախված է արտագնա աշխատանքի փողերից, միջազգային վարկերից: Ի վերջո, երբ պետությունը ունի 13,5 միլիարդ դոլարի պարտք, դա նշանակում է՝ գալիք սերունդների ապագան արդեն իսկ գրավադրված է։ Բայց, արի ու տես, տնտեսագետի մասնագիտությամբ Խաչատուրյանն այլ հաշվարկներ ունի, գուցե սեփական գրպանի պարունակությամբ է հաշվում, իսկ Սյունիքում դարպաս բացողների երջանիկ դեմքեր էր փնտրում…
Ըստ էության, այս օրերին Սյունիքը միայն բառացի չի դառնում միջանցք. այն դարձնում են նաեւ քաղաքական կամուրջ թուրքերի եւ Նիկոլի իշխանության միջեւ, որտեղ հայ զինվորն ու բնակիչը դառնում են պլանային ծրագրի զոհը։ Իսկ ժողովրդի մի մասը դեռ երազում է ասֆալտի կամ «խաղաղության» մասին՝ չհասկանալով, որ այդ խաղաղության անունով իրենց հողն է հանձնվում։
Եվ երբ Սյունիքի գյուղերում բնակիչները կանգնած են նախագահի առջեւ ու բողոքում են, որ բոլոր փողոցներն ասֆալտապատ են, բացի երկուսից, իսկ Գորիսի համայնքապետն ասում է՝ «մարզպետի ու նախարարի օգնությամբ կանենք», պարզ է դառնում, որ այս մարդիկ դեռ չեն գիտակցել՝ ինքնիշխանությունը սալիկապատ չի լինում։
ԱՄՌԱՆՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՌՈՒՍԱՏՅԱՑ ԹԵՎԸ
Ինչեւէ, մինչ բոլորն անցնում են հանգստի ռեժիմի: Օգոստոսի 23-ը՝ Հայաստանի Անկախության հռչակագրի օրը, որոշ ուժեր փորձում են վերածել անպատասխանատու հակառուսական քարոզչության բեմահարթակի։
Հայաստանի ներքաղաքական դաշտում հերթական սրացումը նախաձեռնել է արեւմտամետ դիրքորոշմամբ հայտնի «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը։ Վերջինս հայտարարում է, թե օգոստոսի 23-ին Գյումրիում՝ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի դիմաց, անցկացնելու է բողոքի ակցիա՝ պահանջելով ռուսական ներկայությանը վերջ դնել մեր երկրում։ Նա այս քայլը ներկայացնում է որպես «դեօկուպացման գործընթացի սկիզբ»՝ մոռանալով թե՛ պատմական իրականությունը, թե՛ Հայաստանի անվտանգային ներկայիս իրական մարտահրավերները։
Այստեղ է, որ անհրաժեշտ է հիշեցնել Արման Բաբաջանյանին եւ իր արեւմտամետ ընկերախմբին, որ հենց Անկախության հռչակագրում հստակ նշված էր, որ Հայաստանը նպատակ ունի ամրապնդել խաղաղություն եւ անվտանգություն` հիմնվելով նրա ռազմավարական գործընկերների՝ հատկապես Ռուսաստանի հետ համագործակցության վրա։ Հռչակագրում կարեւորվում էր հենց արտաքին գործընկերների հետ համերաշխ ու հավասարակշռված քաղաքականությունը՝ ոչ թե մեկ ուժի շահերին ամբողջովին ենթարկվելը։
Եթե Արման Բաբաջանյանն իսկապես ցանկանում է պաշտպանել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը, ապա նա պետք է ակցիա կազմակերպի ոչ թե Գյումրիում՝ ռազմաբազայի առջեւ, այլ Հանրապետության հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ։ Ի վերջո, եթե մի ուժ այսօր վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը, ապա դա արտաքինից վերահսկվող, պետական ինստիտուտները կազմաքանդած ներկայիս վարչակարգն է, որը վարում է ցայսօր պատմության մեջ ամենաանպատիվ եւ պարտվողական արտաքին քաղաքականությունը։ Այսօր Հայաստանի սահմաններն անպաշտպան են, իսկ դաշնակցային հարաբերությունները՝ խզման եզրին։ Ու այս ամենի մեղավորը ոչ թե Գյումրիի ռազմաբազան է, այլ Երեւանի Կառավարական շենքում հով տեղավորվածները։ Ասացինք՝ հով նստած, հիշեցինք նաեւ ոչ պակաս արեւմտամետ Արամ Զավենիչին, ով ինչպես Վահագն Խաչատուրյանն է ասում, փողի խնդիր չունի: Իսկ փողի խնդիր ունեցողներին մաղթում ենք՝ բարի հանգիստ ու համբերություն: Աշուն է գալու, թեժ է լինելու, դե եթե թեժ էլ չլինի, կշարունակենք քաղաքական ճտերին աշնանը հաշվել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ