Իրանը կովկասյան հարթակում հարցեր լուծելու ռեալ շանսեր չունի
ՎերլուծությունՎաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի եւ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված Իրանում երկու ուղղվածության ռեակցիա էր տեսանելի: Ծայրահեղ սուր, այսպես ասենք, Գերագույն առաջնորդի թեւից եկող: Եվ շատ ավելի մեղմ, որը գալիս էր նախագահ Փեզեշքիանի թեւից: Ընդ որում, այդ հակասությունն այնքան ակնհայտ էր, որ Փեզեշքիանին ուղղված քննադատությունը, այդ թվում՝ մյուս թեւի անգամ բարձրաստիճան անձանց կողմից, հաճախ դառնում էր ծայրահեղ սուր, ընդհուպ՝ նախագահի հասցեին դավաճանության մեղադրանքների կարգի:
ԽՈՐԸ ՆԵՐՔԻՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՆՈՒՄ
Իհարկե, իրանական ներքին դաշտում այս հակասությունները նոր չեն եւ ամենեւին էլ կապված չեն միայն «Զանգեզուրի միջանցքի» հետ: Վերջին օրինակներից մեկը, երբ իրանական հեղինակավոր գեներալ Մանսուր Հաղիղաթպուրը Փեզեշքիանի որդուն մեղադրեց, թե նա «գործում է պանթուրքական շարժման համահունչ»: Կապված այն բանի հետ, որ Փեզեշքիանի որդին՝ Յուսեֆ Փեզեշքիանը, փորձել էր մեղմել երկրի ներսում ընդլայնվող քննադատությունը՝ կապված Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու նախագահական կուրսի հետ, այդ թվում, թե որեւէ հիմնավորում չունեն Բաքվին ուղղված մեղադրանքները, թե վերջին հակամարտության ժամանակ Իսրայելին աջակցել է: Իսկ դա գեներալի կողմից միանգամայն թափանցիկ ակնարկ էր, որ ինչպես որդին, այնպես էլ նախագահ Փեզեշքիանը Իրանի քաղաքական կուրսը կառուցում են՝ ելնելով իրենց ադրբեջանական ծագումնաբանությունից:
Ամեն դեպքում, այն մոտեցումները, որոնք շարունակաբար գալիս են Իրանի նախագահական թեւից, այդ թվում՝ վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրման ժամանակ, ապա՝ Փեզեշքիանի հայաստանյան այցի ֆոնին եւ մինչ այժմ իրոք տարակուսանքներ առաջացնում են: Նա, ըստ էության, առաջ է տանում այն գաղափարը, որ «Զանգեզուրի միջանցք» ասվածն ընդամենը ճանապարհ է, որը չի կարող լուրջ ազդեցություն ունենալ Իրանի անվտանգության վրա: Անգամ այն պարագայում, երբ այդ ուղին գտնվի ամերիկացիների կառավարման տակ: Մոտավորապես այն, ինչը պնդում է նաեւ Նիկոլը, թե՝ ԱՄՆ-ի հետ կնքված փաստաթուղթը որեւէ կերպ չի վնասում Մոսկվայի եւ Թեհրանի շահերը: Ու սա այն դեպքում, երբ անգամ ԱՄՆ-ից են հնչում հեղինակավոր կարծիքներ, որ «Թրամփի միջանցք» ասվածն իրականում լուրջ վտանգ է Իրանի համար: Օրինակ, հեղինակավոր պրոֆեսոր Ջեֆրի Սաքսն օրերս խոսեց մինչեւ իսկ երկրի հարավը՝ Իրանի հետ սահմանը, ՆԱՏՕ-ի վերահսկողությանը հանձնելու Հայաստանի պատրաստակամության մասին. «Հայաստանը, ըստ էության, ԱՄՆ-ին ասում է՝ իհարկե, վերցրեք այս հողը Իրանի հետ սահմանին։ Մենք գիտենք, որ դուք պատերազմի մեջ եք Իրանի հետ։ Մենք գիտենք, որ ձեր դաշնակից Իսրայելը պատերազմի մեջ է Իրանի հետ։ Մենք գիտենք, որ Ադրբեջանը Իսրայելի դաշնակիցն է: Սա թվում է, թե ուղիղ ճանապարհ է դեպի Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելը։ Անկեղծ ասած, ես չեմ հասկանում, թե ինչ է մտածում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, բայց սա չափազանց սադրիչ եւ վտանգավոր քայլ է: Աշխարհաքաղաքական տեսանկյունից սա նշանակում է Հայաստանի փաստացի ներգրավումը Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմին»:
Եվ, կրկնենք, ի հակադրումն Իրանի նախագահի եւ նրա թեւի նման տարօրինակ մոտեցումներին (նաեւ չմոռանանք Շուշիում Ալիեւի հետ նրա ջերմ գրկախառնությունների մասին), ինչպես Իրանի Գերագույն առաջնորդն ու անմիջականորեն նրան ենթակա համակարգը, այդ թվում` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), այնպես էլ այդ թեւին հարող փորձագետները «Զանգեզուրի միջանցք» ասվածը ծայրահեղ մեծ վտանգ են համարում Իրանի համար: Ավելին, եղան պաշտոնական մի շարք հայտարարություններ, որ դա թույլ չտալու համար պատրաստ են անգամ ուժի դիմել: Ընդ որում, այդ բնույթի հայտարարություններն ակտիվորեն շարունակվում են: Այդ թվում՝ ԻՀՊԿ-ի կողմից եղավ շատ թափանցիկ ակնարկ, թե՝ «Նախագահի կողմից թույլ տրված բանավոր սխալների թիվն աճել է»: Իսկ ահա «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված նախօրեին Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Վելայաթին եւս մեկ անգամ հայտարարեց, որ. «Իրանը թույլ չի տա ամերիկյան միջանցքի ստեղծումը Կովկասում՝ անկախ Մոսկվայի դիրքորոշումից»:
Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ ԹԵՀՐԱՆԻՑ
Ահա այս իրավիճակում, երբ Իրանից գալիս են նման հակասական մեսիջներ, օրակարգում է մնում այն հարցը, թե ի՞նչ իրական սպասելիքներ Հայաստանը (խոսքը նիկոլյան ռեժիմի մասին չէ) կարող է ունենալ Իրանից, եթե իրավիճակը զարգանա ծայրահեղ սրացումների ուղղությամբ: Ի վերջո, անկախ այն բանից, թե ինչ են ստորագրել Վաշինգտոնում, Ալիեւը շարունակում է սուր հակահայկական հռետորաբանությունը, եւ նախօրեին էլ հասավ այն մտքին, թե՝ «Այս (հայ) հասարակությունը հիվանդ է, եւ ես սա բացահայտ ասում եմ»: Ընդ որում, նույն Իրանում խոսում են շատ ավելի բարդ հեռանկարների մասին: Ինչպես, օրինակ, Կովկասի հարցերով փորձագետ, պրոֆեսոր Հուսեյն Ահմադիի այն կարծիքն է, թե՝ Արեւմուտքի ծրագիրն է Զանգեզուրում ստեղծել «Թուրքական Հանրապետություն» եւ այնտեղ տեղակայել 5000 ահաբեկիչների։ Նաեւ, որ. «Իրանցի պաշտոնյաների սխալն այն է, որ նրանք չափազանց պարզեցնում են Զանգեզուրի հարցը՝ չտարբերակելով այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են միջանցքը, տրանսպորտային ուղին, տարանցիկ զարկերակը եւ աշխարհաքաղաքական անցումը»։
Ընդ որում, հենց իրանցի պրոֆեսորի մոտ նույն հարցադրումն է. «Եթե մի օր ՆԱՏՕ-ն, այն պատրվակով, որ Զանգեզուրի միջանցքի անվտանգությունը վերահսկող ընկերությունը, իբր, չի կատարում իր պարտականությունները, սկսի անմիջականորեն կառավարել հայկական սահմանը, ինչպիսի՞ն կլինի մեր արձագանքը»։
Իհարկե, Գերագույն առաջնորդի թեւից պնդում են, թե կդիմեն ամենավճռական քայլերին: ԻՀՊԿ-ից մինչեւ իսկ նման զգուշացում եկավ. «Պարոն Նիկոլ Փաշինյան, ձեր խոսքերը վստահություն չեն ներշնչում եւ մեզ չեն համոզում։ Մենք գործողություններ կձեռնարկենք մեր սեփական անվտանգությունը պաշտպանելու համար»: Բայց ամբողջ հարցն այն է, թե որքանո՞վ են իրատեսական նման հայտարարությունները: Նախ, նման հայտարարություններ Իրանից շատ են լսվել այլ ուղղությունների հետ կապված եւս, օրինակ՝ Սիրիայի: Իսկ արդյունքն այն է, ինչ այս պահին կա: Երկրորդը, որքան էլ որ Իրանում կա Գերագույն առաջնորդ, սակայն դա ամենեւին էլ չի նշանակում, որ նախագահն ու նրա ղեկավարած համակարգը ռեալ ֆունկցիաներ չունեն: Իսկ այդ համակարգը, կրկնենք, «Զանգեզուրի միջանցքի» հարցում այլ պատկերացումներ ունի: Վերջապես, խոշոր հաշվով Իրանը միջազգային իրավունքի տեսանկյունից այս հարցում ունի խիստ թույլ դիրք: Իրավական առումով «Թրամփի միջանցք» ասվածը հետեւյալն է. կոնկրետ երկրներ փորձում են կոմունիկացիոն հաղորդակցություն ձեւավորել, ընդ որում, հայտարարելով, որ դա ոչ մեկի դեմ չի ուղղված: Իսկ էրդողանը, դեմքի ամենաաղվեսային արտահայտությամբ մի գլուխ խոսում է տարածաշրջանային խաղաղությունից, նոր դարաշրջանից եւ նման բաներից: Ու դրա դեմ քայլեր, առավել եւս՝ ուժային գործողություններ ձեռնարկելու դեպքում Իրանին, իհարկե, անմիջապես կհռչակեն ագրեսոր՝ բոլոր հետեւանքներով հանդերձ:
Այս ամենը հաշվի առնելով` ասել, թե Թեհրանը, ավելի ճիշտ՝ Թեհրանի մի մասը, բացի ռազմական հռետորաբանությունից, կոնկրետ գործողություններ կարող է իրականացնել, եթե անգամ սկսեն Մեղրիի երկաթուղին վերականգնել, սխալ կլիներ: Առավել եւս, որ նույնիսկ Ռուսաստանից ներկա պահին չկա հրապարակային ռեակցիա՝ «կջարդենք, կփշրենք» ոճի մեջ: Ընդհակառակը, «Թրամփի միջանցքի» հետ կապված քիչ հայտարարություններից մեկը հնչեցրել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գնահատելով «Թրամփի ճանապարհի» սցենարը, որն այսկերպ է հնչում. «Կրեմլը պատրաստ է աջակցել Հայաստանին` Ադրբեջանի հետ, այսպես կոչված, «տրանսպորտային միջանցք» ստեղծելու իր ծրագրերում, որը հայտնի է որպես «Թրամփի ճանապարհ», եթե Երեւանը անհրաժեշտ համարի այս քայլը»:
Իհարկե, սա ամենեւին էլ չի նշանակում, որ կոնկրետ գործողություններ չեն լինելու: Ավելին, այն, որ հայկական գյուղմթերքների մեծ խմբաքանակներ սկսում են ռուսական սահմանից հետ վերադառնալ Հայաստան, արդեն իսկ կոնկրետ գործողություն է: Հաշվի առնելով, որ առանց դրա էլ այս ոլորտում կան լրջագույն անկումներ: Այդ թվում, այս հունվար-օգոստոսին Հայաստանից արտահանումը նվազել է մոտ կիսով չափ, արտաքին առեւտուրը՝ մոտ 40 տոկոսի կարգի, որը, իհարկե, բացառապես Նիկոլի ներկա արտաքին կուրսի հետեւանքն է: Բայց դրանով հանդերձ, Մոսկվայից կոշտ կամ սպառնալից ճնշումներ չեն լսվում: Ու նաեւ ասել, թե Իրանը կարող է առանց Մոսկվայի աջակցության, առավել եւս՝ «անկախ Մոսկվայի դիրքորոշումից», ինչպես ասում է Վելայաթին, կովկասյան հարթակում գլոբալ նշանակության հարցեր լուծել, միամտություն կլիներ: Եվ այս տեսանկյունից մեծ հարց է՝ նախագահ Փեզեշքիանի կո՞ւրսն է ավելի իրատեսական, թե՞ Գերագույն առաջնորդի:
Այլ հարց է, թե Մոսկվան ի՞նչ քաղաքական կուրս է տեսնում հարավկովկասյան հարթակում, թե՞ դեռ ամեն բան թողել է պաուզայի վրա՝ սպասելով ուկրաինական պատերազմի ավարտին:
Տես նաեւ https://t.me/iravunk/56864