Սահմանադրության քարը մնաց Նիկոլի վզին
ՎերլուծությունՓաշինյանի իշխանության օրոք Սահմանադրությունը դարձել է այն ծանրաքարը, որը նա թեեւ փորձում է գցել վզից, բայց այդքան էլ հեշտ չի հաջողվում։ Արեւմտահայ նշանավոր գրող Գրիգոր Զոհրապը ժամանակին գրել է ծերունի Հուսեփ աղայի վզից կախված «Ճիտին պարտքի» մասին, սակայն Փաշինյանի դեպքում այդ «ճիտը» ամենեւին էլ պատվի մասին չէ:
Սահմանադրությունն այսօր խանգարող հանգամանք է գործող վարչախմբի համար, քանի որ այն հիմնված է հայ ժողովրդի պատմական հիշողության, իրավունքի գերակայության եւ ինքնիշխան կամարտահայտության վրա։ Սակայն երբ իշխանությունը վերածվում է հրահանգներ կատարող ադմինիստրացիայի՝ լինի դա Ադրբեջանի նախագահ Ալիեւի փոխանցած մեսիջների, թե ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի բաց տեքստով շանտաժի տեսքով, ստացվում է հետեւյալ պատկերը՝ ՀՀ սահմանադրությունն օրվա իշխանության համար այլեւս ընկալվում է որպես վերարտադրվելու խոչընդոտ, ոչ թե` հիմք:
Այսպիսով՝ չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը՝ Բաքուն շարունակում է նախապայմաններ առաջ քաշել համաձայնագրի ստորագրման համար։ Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը երկրի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Վաշինգտոն կատարած այցի արդյունքներին նվիրված կառավարության հատուկ նիստում հայտարարել է, թե Բաքուն սպասում է, որ Երեւանը փոփոխություններ կկատարի ՀՀ Սահմանադրության մեջ եւ լիովին վերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։
ՈՒՐԱԽ ՌԻԹՄԵՐՈՎ ՆՎԱԳՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԵՔՎԻԵՄԸ
Ադրբեջանի հերթական նախապայմանը՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, ուղղված է մեկ բանին՝ ջնջել ՀՀ Անկախության հռչակագիրը, եւ դրանով իսկ չեզոքացնել հայ ժողովրդի տարածքային, իրավական եւ պատմական ինքնությունը: Սա արդեն ինքնիշխան պետության իրավական ինքնասպանության է: Այո՛, սուվերենության, անկախության մասին գոռալով՝ ուրախ ռիթմերով նվագում են մեր պետականության ռեքվիեմը:
Հիշեցնենք, որ դեռեւս հուլիսին արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «աչքալուսանք» էր տվել, թե Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը երկարատեւ դադարից հետո սկսել է աշխատել: Նա եւս մեկ անգամ հստակեցրել էր, որ Սահմանադրության նոր տեքստը կարող է պատրաստ լինել 10 ամսվա ընթացքում, սակայն ժամկետները կախված են քննարկումներից։ Գալյանը քննարկումներից հետո Մայր օրենքի տեքստի բազմաթիվ փոփոխությունները չի բացառել։ Ինչ վերաբերում է Անկախության հռչակագրի փոփոխությանը, Սրբուհի Գալյանը նշել էր, թե այդ հարցը նույնպես պետք է քննարկման առարկա դառնա։
Ո՞ՒՐ Է ՏԱՆՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԴԵՊԻ Ո՞Ր ԱՆՑՅԱԼԸ
Փաշինյանը խոսում է պատմական ճշմարտությունների վերանայման մասին, բայց մոռանում է, որ եթե ջնջում ես Սովետական Հայաստանի 70 տարիները, Ռուսական կայսրությում հայկական իրականության 100 տարիները, ապա դրա տակ արդեն ոչինչ չի մնում։ Ո՛չ պետականություն, ո՛չ դեմոգրաֆիա, ո՛չ սեփական տարածք։
Այսինքն՝ եթե մերժում ենք Սովետական Հայաստանի ժառանգությունը, ապա 1920-ից առաջ մենք պարզապես «պատմական վակուումում» ենք՝ առանց սուբյեկտայնության, առանց պետական կառույցների, առանց սահմանների։ Իսկ Փաշինյանի խոստացվող «պատմական արդարությունը» վերածվում է ազգային ինքնասպանության՝ զրոյացնելով մեր պատմական ժառանգությունը՝ ի շահ սոսկ իր աթոռի։
Ընդհանրապես, այս իշխանության համար օրենքը սուրճի բաժակի նման մեկնաբանվող երեւույթ է։ Երբ պետք է՝ Սահմանադրությունը խոչընդոտ է, երբ պետք է՝ բերում են դատական հայցեր, որում հիշում են իրավական պետության գոյության մասին։ Վերջին օրինակը ՀԷՑ-ի հարցն է, երբ շվեդական արբիտրաժը որոշում է կայացնում դադարեցնել Փաշինյանի ապօրինի գործողությունները, այս նույն իշխանությունը հանում է իրենց չսիրած Հռչակագրի ու Սահմանադրության վրա, իսկ հիշում միջազգային իրավունքի մասին միայն այն ժամանակ, երբ իրեն է ձեռնտու։
Սա իրավունքի խեղաթյուրված պատկեր է, որովհետեւ իրավունքը կամ կա, կամ չկա։ Չի կարող լինել «բացառիկ իրավականություն», որը կիրառվում է միայն երբ իշխանությանը հարմար է:
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐՆ ԸՆԴԴԵՄ ՆԻԿՈԼԻԶՄԻ
Ինչպես իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանն է փաստում. «Անկախության հռչակագիրը նախասահմանադրական փաստաթուղթ է, որի իրավաբանական ուժը հնարավոր չէ դադարեցնել: Դա կարող է լինել միայն մեկ դեպքում՝ երբ դադարում է Հայաստանի անկախությունը»:
Այդ Հռչակագիրը վերնորմատիվ է։ Սահմանադրությունը հղում է անում դրա վրա՝ փաստելով, որ Հայաստանի Հանրապետությունը կառուցված է այդ փաստաթղթի հիման վրա։ Հետեւաբար՝ Սահմանադրության փոփոխման ցանկացած փորձ, որն ուղղված է այդ հղման վերացմանը, ոչ թե իրավական, այլ քաղաքական ու պետական դավաճանություն է։
Եվ ահա այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը մնացել է անելանելի դրության մեջ՝ փորձում է այդ «Սահմանադրության քարը» վզից հանել՝ կարծես ծանրություն լինի։ Բայց իրականում այդ քարն է հենց նրա լեգիտիմության վերջին նշույլը։ Այդ քարն է պետության հիմքը։ Եվ եթե փորձ է արվում այն շպրտել՝ ապա այդ շարժումը ոչ միայն ինքնալուծարում է խորհրդարանական իշխանությունը, այլ Հայաստանը` որպես իրավական պետություն։
Նիկոլը Ալիեւի պահանջների բավարարման ճանապարհին սկսել է սեփական սահմանադրական հենքը ոչնչացնել։ Բայց կան բաներ, որոնք ոչ թե նրա սեփականությունն են, այլ ողջ ժողովրդի կամարտահայտությունն են։ Եվ եթե այդ կամարտահայտությունը շարունակում է ապրել՝ ապա այդ քարը չի գցվի։ Ու ոչ էլ կդառնա զարդ՝ ըստ Նիկոլի ճաշակի կամ իր զուգընկերուհի Աննա Հակոբյանի անճաշակ կամ ոչ պատշաճ գիշերազգեստ հիշեցնող հագուստին հարիր, որով նա հայտնվել էլ երեւանյան փողոցներում բոլորովին վերջերս:
Այդ քարը մնալու է՝ ինչպես պատմության դատավճիռ, ինչպես պատասխանատվության նշան, ինչպես ավելի ծանր մեղադրանք, քան նույնիսկ Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրածներին մինչեւ այսօր ուղղված մեղադրանքներն են։ Եվ պատահական չէ Ալեքսանդրապոլի հիշատակումը, մենք ապրում ենք նույն օրերը, երբ այն ժամանակ դաշնակցական կառավարությունը, հիմա՝ նիկոլական զիջում են սեփական երկրի տարածքները՝ հանուն ոչինչի: Այո՛, 1920-ի Ալեքսանդրապոլի պայմանագիրն ամոթալի դրվագ է մեր պատմության մեջ, բայց Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն իրական վտանգ է՝ ուղղված ՀՀ պետականության՝ իրավական, պատմական ու նույնիսկ գաղափարական ապամոնտաժմանը։
ԻՍԿ Ի՞ՆՉ ԱՆԵԼ…
Ահա այս հարցի պատասխանը տվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ երեկ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում: Նրա խոսքը ոչ միայն արձագանք էր ընթացիկ քաղաքական գործընթացներին, այլ նաեւ մեսիջ՝ ներքաղաքական դաշտի միավորմանն ու ազգային շահերի առաջնահերթ դարձրած օրակարգի շուրջ համախմբմանը։
Սարգսյանի գնահատմամբ՝ կապիտուլյացիան 2020-ի պատահականություն չէր, այլ հետեւողական քաղաքականություն, որը մինչ այսօր շարունակվում է։ Սակայն այստեղ կարեւորը ոչ միայն քննադատությունն էր, այլ նաեւ լուծման առաջարկը՝ իշխանության փոփոխության անհրաժեշտությունը՝ որպես ազգանպաստ միակ ելք։ Սարգսյանը հաստատեց՝ իրենց օրակարգում շարունակում է մնալ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը՝ որպես օրինական ու ժողովրդավարական միջոց. «Մեր օրակարգն անվստահություն հայտնելն է»։
Երրորդ նախագահը պատրաստակամություն հայտնեց համագործակցության՝ առանց բացառելու որեւէ ընդդիմադիր ուժի. «Ցանկացած ընդդիմադիր ուժի հետ գործակցության եզրեր տեսնում ենք, եթե այդ գործակցության մեթոդները մեզ համար ընդունելի լինեն»։ Սա հստակ ազդակ է, որ իշխանության փոփոխությունը Սերժ Սարգսյանի համար ոչ թե անհատական կամ կուսակցական հաղթանակ է դիտարկում, այլ համազգային համախմբման արդյունք։ «Եթե եղավ ընդդիմադիր կոնսոլիդացիա, հաջողությունը գրեթե 100%-ով ապահովված է»,- ընդգծեց Սարգսյանը։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ