Նիկոլն ու Աննան էլ գնում են «երաժշտական դպրոց…»
ՎերլուծությունԱշունը նոր է սկսվում, բայց ներքաղաքական կյանքում արդեն իսկ նկատելի են թեժացումներն ու փոթորկումները՝ մեկ «խաղաղության» մասին վերջնական չվավերացված թղթերով, մեկ՝ թմբուկի հարվածներով։ Եթե 2018-ին այս իշխանությունը զբաղված էր «թավշյա» երգեր գրելով», հիմա, ինչպես պարզվում է, իշխանական ընտանիքը լծվել է, բառիս ուղիղ իմաստով, երաժշտական գործիքներ նվագելու։ Դե, երեւի, թմբուկով ու կիթառով էլ կարելի է երկիր կառավարել, իսկ ամենահետաքրքիրն այն է, որ նման ֆոնին երկիր ենք կորցնում, բայց «երաժշտական կրթության բացերը» լրացնելը դառնում է օրակարգային։
Այս օրերին մամուլը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա զուգընկերուհի Աննա Հակոբյանը սկսել են երաժշտական կրթություն ստանալ՝ վարչապետը թմբուկ է նվագում, իսկ տիկինը՝ կիթառ։ Եթե մի պահ մոռանանք, թե ինչ խորը խնդիրների մեջ է Հայաստանը, կարող ենք նույնիսկ ժպտալ։ Բայց սա անեկդոտ չէ։ Դա այն իրականությունն է, երբ հող հանձնած, գերիներ ունեցող, պետականությունը փլուզման եզրին հասցրած իշխանության բարձրագույն ղեկավարությունը ժամանակ ու ռեսուրս է գտնում հարվածային գործիքներ նվագելու համար։
Ի դեպ, նույն աղբյուրներն ասում են, թե Փաշինյան Նիկոլն ամեն կերպ մոտիկ շրջապատին վստահեցնում է, որ չկարծեն, թե նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի «ջազային ուղին» է կրկնօրինակում։ Ի՞նչ ասես, քաղաքական հարվածներից հետո՝ հիմա էլ անցել է ռիթմիկ հարվածների՝ հավանաբար պետականության վերջին հիմքերի վրա։ Ինչպես իր քաղաքական ուղեգծի մեծ մասը՝ պոպուլիզմից՝ փախուստ, հիմա էլ դեպի թմբուկ ու կիթառ։
ԻՍԿ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ
Քաղաքական դաշտում թարմ շունչ փորձեց բերել բարերար, Նիկոլի օրոք քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի անվան շուրջ ձեւավորվող «Մեր ձեւով» շարժումը։ Հանդիսավոր, բայց, մեղմ ասած, անփորձ երիտասարդների ներկայացմամբ՝ շարժման շնորհանդեսը տեղի ունեցավ օրերս։ Շատերը սպասում էին, որ Կարապետյանն ի վերջո կաշխատի փորձառու ընդդիմադիր բլոկների հետ: Սակայն, ինչպես տեսանք, նախընտրեց երիտասարդությանը, որոնք գուցե փայլուն են իրենց մասնագիտական գիտելիքներում, բայց հայաստանյան քաղաքականությունից գլուխ հանելու համար դեռ շատ երկար ճանապարհ պետք է անցնեն: Փորձառության բացակայությունը, հռետորիկայի անորոշությունը եւ հստակ ծրագիր չունենալը այս իրավիճակում, անխոս, մտահոգիչ է։ Բայցեւ ամեն պահի կարող է իրավիճակը փոխվել՝ հաշվի առնելով Սամվել Կարապետյանի բարձր վարկանիշն ու ռեսուրսները, որոնք գաղտնիք չէ, որ ընտրություններին էական դեր են կատարում:
Եվ սրանով է պայմանավորված, որ այս շարժումը լարվածություն է առաջացրել թե՛ ՔՊ-ում, թե ընդդիմադիր քոչարյանական թեւում: Ակնհայտ է, որ իշխանությունն ունի ներքին վախեր՝ թեկուզ փոքր ցնցումից, թեկուզ մի նոր շարժումից։ Իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ իր հերթին անթաքույց անհանգստություններ ունի: Արդեն ակնհայտ է՝ «միակ ընդդիմադիր տղամարդու» կերպարը մաշվում է, իսկ նոր շարժումներն առաջ են անցնում:
ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՈՒՂԻՆ
Այս ամենին զուգահեռ, Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության հռչակման տարեդարձին, նախատեսված է հանրահավաք։ Թեեւ Արցախի պետականությունն այլեւս փաստացի մարել է, հին վերքերը, հիասթափությունն ու անպատասխան հարցերը մնում են։ Ինչո՞ւ արցախցիները չընտրեցին Մայր հայրենիքի հետ վերամիավորման ճանապարհը, երբ ժամանակը օրհասական էր։ Ինչո՞ւ չհայտարարեցին՝ «մենք Հայաստանն ենք», ինչո՞ւ լուռ համաձայնեցին իրենց օտարացմանը։ Կար նաեւ երկրորդ ճանապարհ՝ լինել Ռուսաստանի ենթակայության տակ՝ որեւէ կարգավիճակով, բայց ինչպես ասում են` մենք քչով բավարարվողը չենք, արցախցին ուզեց ամենաբարձր կարգավիճակը, արդյունքում մնաց անտուն:
Եվ այս ամենի ներքո՝ Փաշինյանի իշխանությունը շարունակում է իր «խաղաղության օրակարգը»։ Բայց դա այն խաղաղությունը չէ, որի մասին երազել է ժողովուրդը։ Այդ խաղաղության գինը Արցախն էր, հազարավոր կյանքեր, սահմանագծման անվան տակ աննախադեպ տարածքային կորուստներ, նոր ու շատ իրական սպառնալիքներ Սյունիքից մինչեւ Տավուշ։
Երկիրը բառացիորեն վախի մեջ է ապրում։ Լեռնային շղթաներում ապրող մարդիկ՝ սահմանին ապրող հպարտ գյուղացիները, այսօր վախենում են անգամ արոտ գնալ, քանի որ թշնամին կարող է կրակել։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ խաղաղությո՛ւն է։ Այն էլ ինչպիսի խաղաղություն, տպավորություն է, որ այս ամբողջ կորուստները, Եռաբլուրի չափերի մի քանի անգամ բազմապատկվելը լոկ նրա համար էր, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը լայն ժպիտով լուսանկար ունենային Ալիեւի ու Էրդողանի եւ նրանց կանանց հետ միասին, որով վերջին օրերին ողողված է համացանցը:
ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄ, ԹԵ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՖԻԱՍԿՈ
Իսկ քաղաքական դիվանագիտությունը պարբերական ֆիասկոների մեջ է: Փաշինյանը տուրիզմով է զբաղված՝ գնաց Վաշինգտոն, ապա Չինաստան, առաջիկայում պլանավորում է Ֆրանսիա մեկնել։ Հարց է առաջանում՝ ո՞ր մի այցը էապես փոխեց Հայաստանի միջազգային դիրքը։ Իսկ այն, ինչ Ադրբեջանն է փոխել, դա իր պահանջներով Փաշինյանի կողմից «ստորագրված» փաստաթղթերն են՝ անկախ նրանից, թե ինչպես է դրանք ներկայացնում ՔՊ-ական քարոզչությունը։
Օրինակ, Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը։ Սա այն Պակիստանն է, որը ոչ միայն չճանաչեց Հայաստանին` իբրեւ պետություն, այլ նաեւ բացահայտ աջակցեց Ադրբեջանին բոլոր պատերազմների ժամանակ։ Եվ ի՞նչ եղավ՝ երկու օր էլ չանցավ, ու նույն Պակիստանը վետո դրեց Հայաստանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամակցությանը։ Այսինքն՝ նորից՝ դիվանգիտական խայտառակություն, ոչ պրոֆեսիոնալ պատրաստություն ու արկածախնդրություն։
«Մենք թույլ չէինք տալիս Պակիստանին դառնալու ՀԱՊԿ ԽՎ դիտորդ անդամ, իսկ ՔՊ-ն դիվանագիտական հարաբերություններ է Պակիստանի հետ հաստատում։
Արցախյան կարգավորման ողջ ընթացքում Պակիստանն ունեցել է հակահայկական դիրքորոշում։ Պակիատանի պետական քաղաքականությունն էր ՀՀ-ի չճանաչում, քանի դեռ ՀՀ-ն պաշտպանում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Բոլոր խորհրդարանական հարթակներում Պակիստանը միակողմանի պաշտպանում էր Ադրբեջանի դիրքորոշումը։ 2016-ի Ապրիլյան պատերազմի ընթացքում Պակիստանն Ադրբեջանին սատարող 5 հայտարարություն արեց։ Դրանից հետո Պակիստանի խորհրդարանի ղեկավարը ցանկություն հայտնեց ՀԱՊԿ ԽՎ-ում դիտորդ անդամ դառնալու։ Բայց քանի որ որոշումը կարող էր կայացվել միայն կոնսենսուսով, անհրաժեշտ էր ՀՀ պատվիրակության ղեկավարի համաձայնությունը։
ՀԱՊԿ անդամ խորհրդարանի ղեկավարները գրեթե բոլորը կողմ էին Պակիստանին դիտորդի կարգավիճակ տրամադրելուն։ Պատվիրակություն եկավ Երեւան` մեզ հետ հանդիպելու։ Այնուհետեւ Սանկտ Պետերբուրգում կայացավ եւս մեկ հանդիպում։
Իմ դիրքորոշումը հստակ էր.Պակիստանի դիտորդ դառնալը հնարավոր է հետեւյալ պարագայում՝ Պակիստանը պետք է ճանաչի ՀՀ-ն, պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ ՄԽ համանախագահության կողմից մշակված Հիմնարար սկզբունքների շրջանակներում։ Կարճ ասած՝ Պակիստանը չդարձավ ՀԱՊԿ ԽՎ դիտորդ հայկական պատվիրակության պետականամետ դիրքորոշման արդյունքում։
Իսկ այսօր սրանք «զուռնա-դհոլով»Պակիստանի հետ հարաբերություն են հաստատում ու դա ներկայացնում որպես դիվանագիտական ձեռքբերում։
ՔՊ-ի «դիվանագիտությունը» պարզ է.այն ձեռքը, որը չեն կարող կտրել, համբուրում են ու դնում են մեր ազգի գլխին։ Տեսնենք հաջորդն ու՞մ «ձեռքն են համբուրելու», - ընդգծում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Թերեւս այսօր իրավիճակը հակիրճ կարելի է նկարագրել այսպես՝ Նիկոլը թմբուկ է նվագում, Աննան՝ կիթառ։ Իսկ պետությունը՝ ի՞նչ… Պետությունը կորցնում է իր ինքնիշխանությունը, տարածքը, անվտանգությունը։ Ժողովուրդը՝ իր հույսերը։ Իսկ ընդդիմությունը՝ նոր կենտրոններ է փնտրում՝ մի հույսով, որ կկարողանա վերստին ձեւավորել ազգային դիմադրության ու պետականության ամուր գոնե բեկորներ։ Սակայն հույսին ավելացնել է պետք գործողություն։ Ոչ միայն կիթառի լարերին, այլ նաեւ մեր պետական ճակատագրի լարերին պետք է մոտենալ զգույշ, նպատակային ու գիտակից։ Իսկ այդ հարվածները՝ թե՛ թմբուկով, թե՛ կյանքի փորձով, այս անգամ պետք է լինեն հանուն Հայաստանի, այլ ոչ թե՝ հանուն աթոռի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ