«Թրամփի ուղի» չկա, սա սովորական «Զանգեզուրի միջանցք» է
ՎերլուծությունԻնչպես հայտնի է, առաջիկա օրերին, գոնե դատելով նաեւ ՀՀ ԱԳՆ կոչված «դուքյանի» հայտարարությունից, Հայաստան կայցելի Թուրքիայի պատվիրակությունը՝ հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորությամբ: Թե ինչու են գալիս, Քըլըչի գործընկեր Ռուբեն Ռուբինյանը բացատրեց՝ սահմանների բացման եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցով: Կոնկրետ երբ կգան, հնարավո՞ր է, որ չգան, այդպես էլ հստակեցում դեռ չկա:
ԲԱ Ո՞ՒՐ ՄՆԱՑ ՍՈՒՎԵՐԵՆՈՒԹՅՈՒՆԸ
Սրանից զատ, ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հաստատեց նաեւ, որ Հայաստան մեկ այլ պատվիրակություն եւս գալու է: Այս դեպքում՝ ամերիկյան: Նպատակի մասին խոսնակը հայտնում է՝ ամերիկյան կողմի հետ առաջիկայում նախատեսվում են քննարկումներ, այդ թվում՝ «Թրամփի ուղու» կյանքի կոչման ուղղությամբ: Այստեղ, սակայն, մեկ էական հարց կա՝ ի՞նչ ասել է «ամերիկյան կողմ», կոնկրետ ո՞ւմ է այդ կողմը ներկայացնում, պաշտոնական Վաշինգտոնի՞ն, թե ինչ-որ կառույցի:
Այս հարցը մերկապարանոց չէ: Հաշվի առնելով թեկուզեւ օգոստոսի վերջերին Միրզոյան Արոյի արած հայտարարությունը, որում նա, ըստ էության, պնդում էր, թե «Թրամփի ուղու» մասին հստակ, տեխնիկական եւ դետալային առումով որեւէ հստակ բան չկա: Կա միայն ընդհանուր նպատակը՝ «Մենք այլ բանի շուրջ համաձայնության չեկանք։ Հուսով ենք, որ շուտով ԱՄՆ-ից պատվիրակություն կժամանի, եւ մենք կունենանք գաղափարներ ու առաջարկներ։ Հուսով եմ, որ մենք արագ կկարողանանք փոխադարձ համաձայնության գալ նախագծի իրականացման մեխանիզմների վերաբերյալ»,- ասել է Միրզոյանը: Այդ նույն պատվիրակությո՞ւնն է հիմա գալիս, որի մասին խոսում էր Միրզոյանը: Եթե այդպես է, ապա այն պետք է պաշտոնապես ներկայացնի ԱՄՆ կառավարությանը, քանի որ վաշինգտոնյան հուշագրից զատ, դատելով Միրզոյանի գնահատումից, հիմա պետք է ամերիկյան կառավարության հետ քննարկել դետալները, կոնկրետ պայմանագիր կնքել: Ապա այդ հենքի վրա էլ ընտրել այն մասնագիտացված կառույցին, որը պետք է իրականացնի «Թրամփի ուղու» տեխնիկական կառավարումը:
Ու մինչ այստեղ սպասում են «ամերիկյան կողմին», որի այցով պետք է հիշատակված հարցերի պատասխանները տրվեն, հայտնի դարձավ, որ նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովն էլ իր հերթին է ընդունել, պաշտոնական ներկայացմամբ՝ «ԱՄՆ հավաստագրված առեւտրային առաքելության «Միջին միջանցքի» ներկայացուցիչներին»: Ընդ որում, այդ ամենեւին էլ ոչ կառավարական պատվիրակության հետ Բայրամովը քննարկել է հենց վաշինգտոնյան պայմանավորվածությունների թեման: «Հանդիպման ժամանակ պատմական նշանակություն է տրվել ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի եւ ԱՄՆ նախագահների, ինչպես նաեւ Հայաստանի վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումներին եւ ստորագրված փաստաթղթերին: Ընդգծվել է, որ այս համաձայնագրերը նպաստում են տարածաշրջանային խաղաղությանը եւ առաջընթացին, ինչպես նաեւ լայն հեռանկարներ են բացում ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար: Այս համատեքստում ուշադրություն է հրավիրվել նախագծի կարեւորության վրա, որը կապահովի Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ անխոչընդոտ կապը»,- ասվում է հաղորդագրությունում:
Նախ մեկ հանգամանք. բայց ի՞նչ կապ ունի Բաքուն այդ ամենի հետ, եթե «Թրամփի միջանցքը» ստեղծվելու է Հայաստանում, Նիկոլի պնդմամբ՝ մեր երկրի ինքնավարության, օրենքների ու նման բաների շրջանակներում: Բաքուն այս հարցում ընդամենը օգտվող կողմ է. ահա՝ ճանապարհ Նախիջեւանի հետ կապի համար, ահա երաշխիքներ, որոնք ապահովում է տեխնիկական հարցերը լուծող ամերիկյան ընկերությունը, եւ վերջ, գնացեք-եկեք: Դատելով Նիկոլի եւ Արոյի պաշտոնական մեկնաբանություններից, հենց այդպես էլ պայմանավորվել են Վաշինգտոնում: Բայց ահա խնդրեմ, թեեւ Ալիեւը շարունակաբար «Զանգեզուրի միջանցքից» է խոսում, բայց Բայրամովն ամերիկյան կողմի հետ, կապված հայաստանյան ճանապարհների հետ, ինչ-որ բաներ է քննարկում: Եթե հենց այդպես էլ Վաշինգտոնում պայմանավորվել են, որ Ադրբեջանը եւս «հարց լուծող» կողմ է, ապա դա մեկ բան է նշանակում՝ Նիկոլի ասած՝ մեր սուվերենությունից ու նման բաներից հետք անգամ չի մնում, այն է՝ նորից խաբել են հայ ժողովրդին: Եթե անգամ բան չեն պայմանավորվել, բայց «ամերիկյան կողմը» Բաքվում ազերիների հետ հայաստանյան տարածքների հետ կապված անգամ տեխնիկական բնույթի հարցեր է քննարկում, մեկ է, էլի սուվերենություն ասվածից այստեղ բան չի մնում:
«ԹՐԱՄՓԻ ՈՒՂԻՆ»՝ ԱՌԱՆՑ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ
Բայց ամենահետաքրքիրը. Բաքու է գնացել «ԱՄՆ հավաստագրված առեւտրային առաքելության «Միջին միջանցքի»» պատվիրակությունը: Ու պարզ հարց՝ այդ նույն «ամերիկյան կո՞ղմն» է գալու Հայաստան: Եթե այդպես է, ապա դժվար չէ հասկանալ, թե ինչու է ԱԳՆ-ն սպասվող հյուրերին տալիս «ամերիկյան կողմ» բնութագրումը: Դա կառավարական կառույց չէ, այլ ընդամենը «հավաստագրված առաքելություն»՝ չգիտես էլ, թե ինչ լիազորություններով: Ու նման անորոշ կառույցի, այլ ոչ թե ԱՄՆ պետական համակարգի հե՞տ են պատրաստվում քննարկել Հայաստանի տարածքում մի այնպիսի կարեւորագույն ձեռնարկման հարցը, որից, առանց չափազանցության, կախված է մեր երկրի ապագան:
Եվս մեկ էական, թերեւս՝ ամենաէական նյուանսը: Դատելով Բաքու մեկնած «ամերիկյան կողմի» անվանումից, խոսքը մի ինչ-որ «հավաստագրված առեւտրային առաքելության» մասին է, որը զբաղվում է «Միջին միջանցք» ասվածով: Այդ «Միջին միջանցք» տերմինն ընդամենը գեղեցիկ փաթեթավորումն է «Թյուրքական միջանցք» կոչված հայտնի ծրագրի, որը պանթյուրքիստական առանցքային նախագիծ է: Ու հենց այդ «Թյուրքական միջանցքի» հայաստանյան հատվածին էլ անվանում են «Զանգեզուրի միջանցք»:
Կարճ ասած, եթե հենց այդ կառույցն է գալու Հայաստան՝ հարցեր լուծելու, ապա կարելի է վերջնականապես մոռանալ «Թրամփի ուղի» եւ նման այլ գեղեցկացված անվանումների մասին. դա հենց «Զանգեզուրի միջանցքն» է՝ այդ տերմինի ամենապանթյուրքիստական տեսքով: Ահա այս ֆոնին էլ, կարելի է հասկանալ, թե ինչու էր Ալիեւը Չինաստանում մի գլուխ «Զանգեզուրի միջանցքից» խոսում. իրերին իրենց իրական անունն է տալիս, եւ որ դա այդքան նյարդայնացրեց Նիկոլին, իհարկե, պատահական չէ: Պատկերացրեք, Նիկոլը «վիզ դրած» Պուտինին, իրանական կողմին համոզում է, թե ի՞նչ եք ասում, ի՞նչ «Զանգեզուրի միջանցք», սովորական ճանապարհ են բացում, որ կարողանանք գնալ-գալ: Հեյդարովիչն էլ հանկարծ որոշեց իրերն իրենց անուններով կոչել՝ նորից «պադստավկա անելով» Վովայիչին: Թե ինչու, դա դեռ հարցի մի կողմն է. Ալիեւը, ի տարբերություն Նիկոլի «գողական շուստրիության» մոտեցմանը, թերեւս, լավ հասկանում է վտանգը, որն այս ամենից բխում է: Եվ այն, ինչի մասին նախօրեին արդեն բացահայտ խոսեց Լավրովը, իր հերթին է հաստատում, որ այդ վտանգը կա եւ չափազանց սուր է: Ահա, թե ինչ է ասում Լավրովը. «Որոշեցին այն կնքել Միացյալ Նահանգների տարածքում։ Դա մեր հարեւանների ինքնիշխան իրավունքն է: Բայց պետք է տեսնել, թե ինչպես այն կաշխատի, քանի որ բոլոր հիացական արձագանքները, որոնք հնչեցին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո, առաջին մի քանի օրերին, հետո ինչ-որ կերպ փոխարինվեցին թերահավատ գնահատականներով, երբ փաստաթուղթը հրապարակվեց… Եվ, ինչպես պարզվում է, այնտեղ ամեն ինչ համաձայնեցված չէ»:
Այս դիվանագիտական երանգի տակ այս միտքը տեսնել՝ ստորագրեցիք, լավ, սկզբից մտածում էինք, թե մեզ չեք «գցում», բայց փաստաթուղթն այլ բան է ցույց տալիս, դե հիմա տեսնենք, թե ինչպես եք այն իրականացնելու: Եվ այն, որ իրավիճակից դուրս գալու քաղաքակիրթ ելք Լավրովը համարում է «3+3» ձեւաչափին վերադառնալը՝ տարածաշրջանային հարցերը տարածաշրջանում լուծելու սկզբունքով, ավելի նման է այլ մեխանիզմներին դեռ չանցնելու կամ անցումին պատրաստ չլինելու հաշվարկով: Նաեւ, թերեւս, նկատի առնելով, որ ներկա իրավիճակը միանշանակ ձեռնտու չէ նաեւ Իրանին: Ասենք, նման է, որ նաեւ Թուրքիային, դատելով նրանից, որ Էրդողանը Հայաստան է ուղարկում կամ ոմանց սպառնում է՝ ուղարկել Քըլըչին:
Ամեն դեպքում այն, որ նախօրեին՝ «ամերիկյան կողմից» այցի ֆոնին Ալիեւից եկավ նորից նույն ազդակը, թե ոչ մի «խաղաղության պայմանագիր» էլ չի լինի, եթե Հայաստանը Սահմանադրությունը չփոխի, ցույց է տալիս, որ որքան էլ հակառակը քարոզեն, ովքեր էլ գան-գնան, վաշինգտոնյան պայմանավորվածություններն իրավիճակի խորքային փոփոխություն չեն առաջացրել: Ասենք, Բաքվի համար արդեն ոչ միայն «Թրամփի ուղի», ագնամ «Զանգեզուրի միջանցք» չկա, այլ, արդեն մտածում են «Ալիեւի միջանցքի» մասին:
Մինչդեռ, կրինենք, Ալիեւի համար վտանգը շատ մեծ է՝ կտրուկ գործողություն, եւ հետեւանքը կարող է ճակատագրական լինել: