ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԳՈՆԵ ԱՌԱՋԻԿԱ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԿԱՆԳ ՉԻ ԱՌՆԻ
ՎերլուծությունԻհարկե, երբ խոսում ենք կովկասյան ուղղությամբ ռուսական քաղաքականության վերափոխումների մասին (Տես նաեւ https://iravunk.com/?p=323756&l=am), ապա անկախ դրա վերափոխվել-չվերափոխվելուց, միշտ էլ կա այն հարցը, թե դա ինչ փոխհարաբերության մեջ է գտնվում առաջին հերթին՝ ամերիկյան կուրսի հետ: Շարունակելո՞ւ են երբեմնի սուր բախումները, որը միանգամայն ռեալ է, եթե Թրամփն իրոք ցանկանում է այստեղ միջանցք սարքել: Թե՞ կպայմանավորվեն, եւ այլն: Իսկ այն, թե ուր են գնում ռուս-ամերիկյան հարաբերությունները, դեռ մնում են մշուշոտ, թեեւ այս օրերին, ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակներում, որոշակի դետալներ սկսեցին ի հայտ գալ:
Նախ, ինչպես եւ ենթադրելի էր, գագաթաժողովի առանցքային դրվագներից մեկը դարձավ Թրամփի եւ Զելենսկու հանդիպումը, որից հետո ԱՄՆ նախագահի հռետորաբանությունը վերադարձավ Մոսկվայի նկատմամբ սպառնալիքների «հին ու բարի» դաշտ: Միայն թե, ինչպես միշտ է լինում Թրամփի դեպքում, այս անգամ էլ նրա խոսքը կարող ես մեկնաբանել ինչպես ուզենաս: Այսպես, Թրամփը սկսելով, թե Ռուսաստանին շատ ավելի ուժեղ երկիր էր համարում, հասավ նրան, թե ընդամենը «թղթե վագր է»: Ապա, որ Զելենսկին կարող է հարձակվել եւ վերականգնել 1991թ. սահմանները, եւ նույնիսկ մի բան էլ՝ ավելի առաջ գնալ: Սա ընդհանուր ֆոնն էր: Միայն թե, դրա տակ մի քանի այլ նյուանսներ կային: Նախ, որ Զելենսկին կարող է հարձակվել Եվրոպայի օգնությամբ, իսկ ԱՄՆ-ն ընդամենը զենք կվաճառի, ոչ ավելի: Ընդ որում, ավելի մեծ հեռահարության զենք, քան մինչ այժմ տվածները, Թրամփի չի պատրաստվում տալ:
Ու այստեղից միանգամից պարզ հարց է առաջանում. իսկ Եվրոպան կցանկանա՞ կամ կկարողանա՞ Զելենսկուն այնքան օգնել, որ նա կարողանա ոչ միայն հարձակման անցնել, այլ նաեւ գրավել այն ամբողջը, որը հիմա ռուսների վերահսկողության տակ է: Այդ թվում՝ Ղրիմը, Դոնեցկը, Լուգանսկը, որոնք այս պատերազմից առաջ էլ՝ դեռ 2014թ.-ից են ռուսական վերահսկողության տակ: Ընդ որում, հաշվի առնելով, որ Բայդենի ժամանակներում ոչ միայն եվրոպական այդ համակողմանի օգնությունը կար եւ ներկայից անհամեմատ շատ, այլ նաեւ բայդենյան ԱՄՆ-ն էր «մինչեւ վերջ» կանգնած Զելենսկու կողքին: Բայց այդ ողջ ընթացքում հարձակվում էին ռուսները, համենայնդեպս, ներկայումս վերահսկում են շատ ավելի մեծ տարածքներ, քան 2022թ. Ստամբուլի պայմանավորվածությունների արդյունքում զորքերը հետ քաշելուց հետո էին վերահսկում: Կարճ ասած, արեւմտյան մասշտաբային օգնության արդյունքում ռուսները, միգուցե համեստ, միգուցե ոչ ամենաբարձր տեմպերով, առաջ էին շարժվում: Ընդ որում, այդ փուլում Ուկրաինան ուներ շատ ավելի բարձր մոբիլիզացիոն մակարդակ, ավելի պատրաստված զորքեր, ավելի բարձր մարտունակություն, զրնկոմիսարիատների մոտ հերթեր էին, թիկունքում ոգին եւ պատերազմելու պատրաստականությունը՝ էապես բարձր: Հիմա հակառակ պատկերն է, որին գումարվել է զանգվածային դասալքությունը, որն անգամ ուկրաինական կողմն է բացահայտ խոստովանում՝ ամսական ներկայացնելով դասալիքների ավելի բարձր ցուցանիշ, քան մարտական կորուստներն են: Եվրոպայում էլ, ասենք նաեւ ԱՄՆ-ում Զելենսկին եւ ուկրաինական խնդիրն ընդունվում էր ամենաբարձր ոգեւորությամբ, այն դեպքում, երբ ՄԱԿ-ի այս գագաթաժողովում Ուկրաինայի նախագահի ելույթը գրեթե դատարկ դահլիճում էր, իսկ եվրոպական հանրությունն արդեն ակնհայտորեն զզվել է այս պատերազմից, եւ այն առաջ է մղում ընդամենը դիրքերն էապես կորցրած գլոբալիստական թեւը:
Եվ ահա, Թրամփը այս հիմքից ելնելով է Զելենսկուն առաջարկում, դե ի՞նչ կա, հարձակվիր, գրավիր, տեսնենք` ինչ կստացվի: Ու նույն բանը, ըստ էության, առաջարկում է եվրագլոբալիստներին՝ «թղթե վագր» է դիմացներդ, դե գնացեք հաղթեք, չմտածեք` ես ձեզ զենք կվաճառեմ: Ու այս ամբողջ պատմությունը միանգամից տեղափոխվում է նման հարթություն. իսկ ի՞նչ է տեղի ունենալու, եթե առաջիկա ամիսներին Զելենսկին եւ եվրագլոբալիստները չգնան եւ չգրավեն, այլ տեղի ունենա հակառակը: Ընդ որում, բոլոր հիմքերը կան, որ առաջիկա գոնե երկու-երեք ամիսներին ռուսները կարող են վերցնել մի շարք առանցքային քաղաքներ՝ դուրս գալով միանգամայն նոր բնագծեր ուկրաինական այն մարզերում, որոնց նկատմամբ Ալյասկայի պայմանավորվածությունների շրջանակներում խոսք անգամ չկար:
Իսկ այն, որ ԱՄՆ-ն իր ներկա մոտեցումը չի փոխելու, այն է՝ ընդամենը պահելու է զենք վաճառողի իր գործառույթը, իր հերթին է ամենասպասելի տարբերակը: Թեկուզեւ հաշվի առնելով այն հին ու ավելացող խնդիրները, որոնք կան ներամերիկյան դաշտում, եւ որոնք Թրամփին այլ ուղղություներով շեղվելու հնարավորություն պարզապես չեն տալիս:
Ահա, այս իրավիճակն էլ ի ցույց է դնում Թրամփի հիշատակված հայտարարության իրական իմաստը: Այն է՝ Զելենսկին համառորեն ուզում է պատերազմե՞լ, լավ, իր գործն է, թող պատերազմի: Ընդ որում, դա, թերեւս, այն սցենարն է, որը ցանկալի է նաեւ Մոսկվայի համար: Ուկրաինական խնդիրը պետք է այս պահին եւ ամբողջությամբ լուծել, եւ դրանով Մոսկվան կարող է հասնել միայն Կիեւի կապիտուլյացիային, այլ ոչ թե բանակցային միջոցներով: Կարո՞ղ է, դա էլ հարցի մյուս մասն է:
Այսպիսով, ինչպես քանիցս ենթադրել ենք, այս պահին դեռ հանգուցալուծման սպասել պետք չէ. պատերազմը շարունակվելու է: Որքա՞ն, դրա պատասխանը կարող է տալ ռազմական գործողությունների ընթացքն այս աշուն-ձմեռային ամիսներին, որի ընթացքում ընդհուպ չի բացառվում, որ Կիեւը կզրոյացնի իր մոբիլիզացիոն պոտենցյալը: Իսկ սա նշանակում է, որ նաեւ ռուս-ամերիկյան հարաբերություններում գոնե առաջիկա ամիսներին` առնվազն մինչեւ տարեվերջ հանգուցալուծում սպասել պետք չէ: Այսինքն` ամեն բան տեղափոխվում է 2026 թվական: