Sports Culture ֆուտբոլային ակումբը արդեն գործում է Շանհայում. ՖՈՏՈ
ՍպորտSports Culture ֆուտբոլային ակումբի նոր մասնաճյուղը Շանհայում պաշտոնապես բացվել է 2025 թվականի օգոստոսի 15-ին։ Սա ակումբի զարգացման կարևորագույն քայլերից մեկն է՝ նպատակ ունենալով ընդլայնել իր կրթական և մարզական ծրագրերը Չինաստանի ամենամեծ քաղաքներից մեկում։
Ակումբը հիմնադրվել է 2021 թվականին Հանչժոու քաղաքում՝ Սիփան Պետրոսյանի կողմից։ Կարճ ժամանակում այն լայն տարածում է ունեցել այդ քաղաքում՝ շնորհիվ իր միջազգային մարզչական չափանիշների, ծրագրերի կառուցվածքի և առողջ համայնքային միջավայրի։ Սիփան Պետրոսյանը ՈւԵՖԱ A արտոնագրով մարզիչ է, ով նաև աշխատել է Հայաստանի Ուրարտու ֆուտբոլային ակադեմիայում, որտեղ կուտակել է արժեքավոր փորձ մանկապատանեկան ֆուտբոլի կազմակերպման և զարգացման ոլորտում։
2018 թվականից Սիփան Պետրոսյանը տեղափոխվել է Չինաստան, որտեղ շարունակել է իր գործունեությունը՝ աշխատելով տարբեր ֆուտբոլային ակումբներում։ Չինաստանում կուտակված փորձը և տեղական ֆուտբոլային համակարգի իմացությունը նրան հնարավորություն են տվել ստեղծել սեփական ակումբը և զարգացնել միջազգային մակարդակի ծրագրեր։
Շանհայի մասնաճյուղը ղեկավարում է Արամ Դանիելյանը, ՈւԵՖԱ A արտոնագրով մարզիչ, ով 2016 թվականից աշխատում է Չինաստանում և մեծ ներդրում ունի տեղական մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գործում։ Մինչ այդ՝ նա զբաղեցրել է Հայաստանի Մ-15 և Մ-17 ազգային հավաքականների գլխավոր մարզչի պաշտոնները՝ առաջնորդելով երիտասարդ ֆուտբոլիստներին դեպի միջազգային մրցաշարեր։ Նրա փորձառությունն ու խորքային գիտելիքները հնարավորություն են տալիս համատեղել եվրոպական մոտեցումները տեղական իրականության հետ՝ ստեղծելով արդյունավետ և արդի մարզման համակարգ։
Նոր մասնաճյուղը նախատեսված է 4-12 տարեկան տղաների և աղջիկների համար։ Մարզումները իրականացվում են Շանհայի Ճադին շրջանի Nanxiang Impression City MEGA համալիրի 6-րդ հարկի ֆուտբոլային դաշտում՝ ապահով և ժամանակակից պայմաններում։ Դասերը կազմակերպվում են տարիքային և պատրաստվածության մակարդակին համապատասխան՝ ապահովելով ինչպես սկսնակների համար հիմունքների զարգացում, այնպես էլ փորձառու խաղացողների համար խորացված պատրաստվածություն։
Ծրագրերը ներառում են ոչ միայն տեխնիկական և տակտիկական հմտությունների զարգացում, այլև ֆիզիկական պատրաստվածություն, թիմային մտածողություն և հոգեբանական կայունություն։ Sports Culture ֆուտբոլային ակումբը կարևորում է նաև արժեքների փոխանցումը՝ հարգանք, բարեկամություն և սպորտային ոգի։
Այսօր Sports Culture ֆուտբոլային ակումբը ունի մասնաճյուղեր Հանչժոուում, Կանադայի Մոնրեալում և Շանհայում՝ շարունակելով իր առաքելությունը՝ զարգացնել նոր սերունդը և տարածել ֆուտբոլի սերը միջազգային մակարդակում։