Անհայտ Ջիգարխանյան. երեւույթ, որ գրավեց ամբողջ ԽՍՀՄ-ը
ՏեսանյութերԱՐՄԵՆ ԲՈՐԻՍԻՉԸ ԿԴԱՌՆԱՐ 90 ՏԱՐԵԿԱՆ
Լրացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատրոնի եւ կինոյի անզուգական վարպետ Արմեն Ջիգարխանյանի ծննդյան 90-ամյակը՝ ցավոք, առանց մեծ արվեստագետի երկրային ներկայության։ Այս կապակցությամբ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կազմակերպված հուշ-երեկոն վերածվեց հարգանքի յուրահատուկ տուրքի:
Երեկոյի առանցքում էր «Անհայտ Ջիգարխանյան» նոր վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը բացահայտում է Ջիգարխանյանի կյանքն ու արվեստը՝ ներթափանցելով այն շերտերը, որոնք լայն հանրությանը քիչ էին ծանոթ։ Ուշագրավ արխիվային կադրերը, բացառիկ տեսանյութերն ու մտերիմների ջերմ հիշողությունները ներկայացնում էին մեկ այլ՝ առավել մարդկային, անկեղծ ու խոցելի Արմեն Ջիգարխանյան։
«ԵՍ ՏԵՍԵԼ ԵՄ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՈՍԿԵ ԴԱՐԸ»
Երեկոյի կազմակերպիչը Հայաստանի Թատերական գործիչների միությունն էր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ գլխավորությամբ։ Նա հանդիսատեսի հետ նախքան կիսվելն իր անձնական հիշողություններով՝ շնորհակալություն հայտնեց ֆիլմի պրոդյուսեր Արթուր Սողոմոնյանին՝ Արմեն Բորիսիչի հիշատակը վառ պահելու համար:
«Ուղիղ 90 տարի առաջ ծնվեց մեծանուն դերասան Արմեն Ջիգարխանյանը։ Մենք ցանկանում էինք նրա հոբելյանը նշել յուրօրինակ ձեւով՝ հայրենիքում, արժանի կերպով։ Այս ֆիլմը մի փորձ է նրան ներկայացնելու այնպես, ինչպես ճանաչել են նրա ամենամտերիմները։ Ես ինձ բախտավոր եմ համարում, որ ճանաչել եմ Ջիգարխանյանին՝ շատ մոտիկից։ Ներկա եմ եղել նրա թատերական Ոսկե դարին։ Նրա մուտքը բեմ, ելքը՝ միշտ հանդիսատեսի ծափերի ներքո էր։ Դա մի ուժ էր, մի հրաշք, որ պետք էր տեսնել։ Հումորով, անկրկնելի խարիզմայով մարդ էր։ Ինքն իրեն շատ բաներ կարող էր թույլ տալ, որոնք ուրիշների դեպքում կդիտվեին որպես գռեհկություն, բայց իր դեպքում ընդունվում էր եւ ընկալվում: Ցավոք, նրա կյանքի վերջին տարիներին մենք ականատես եղանք ցնցող իրադարձությունների, որոնք ցավ են պատճառում։ Նրա կյանքի ավարտը չարժանացավ այն պատվին, որ ինքը պարգեւել էր մյուսներին։ Բայց նույնիսկ այդ ժամանակ՝ նա երբեք չէր բողոքում, երբեք չէր խոսում իր անձնական խնդիրներից։ Ամեն ինչ իր մեջ էր պահում…», - նշեց ՀԹԳՄ նախագահը:
Ղազանչյանը հիշեցրեց նաեւ Ջիգարխանյանի աննախադեպ հաջողությունները Մոսկվայում, որտեղ նա ոչ միայն դերասանություն էր անում, այլեւ հիմնել էր սեփական թատրոնը՝ ՌԴ մայրաքաղաքի սրտում. «Ոչ բոլորին էր հաջողվում կայանալ այդ աստղաբույլի մեջ։ Բայց Ջիգարխանյանն էր, ով կարողացավ ոչ միայն հաստատվել, այլեւ թողնել անջնջելի հետք։ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի աջակցությամբ հիմնեց իր թատրոնը՝ Սմոլենսկայայի տարածքում, այնուհետեւ արդեն՝ իր հիմնական բեմով։ Սա մեր մշակույթի ամենաարժեքավոր ներդրումներից է Մոսկվայում»:
«ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԺԱՆ ԳԱԲԵՆՆ ԷՐ»
«Անհայտ Ջիգարխանյան» ֆիլմի համաարտադրող ՏԻԳՐԱՆ ՄԱՆԱՍՅԱՆՆ ասաց, որ դեռ փոքրուց հիացել է Ջիգարխանյանի խաղով եւ տարիներ անց իրականացրել է իր մանկության երազանքը՝ ֆիլմ նկարահանելով նրա մասին։
«Ֆիլմի ստեղծման ընթացքում զրուցեցինք մոտ 25 հոգու հետ՝ նրա գործընկերների, մտերիմների, ուսանողների։ Չկա մեկը, որ մերժեր խոսել Ջիգարխանյանի մասին։ Բոլորն ասում էին՝ մեծ հաճույքով։ Ալեքսանդր Ժերբինը, օրինակ, ասաց՝ Սովետական Միությունում դերասաններին հաճախ համեմատում էին արեւմտյան աստղերի հետ։ Ասում էին՝ Արմեն Ջիգարխանյանը Սովետական Ժան Գաբենն է։ Իսկ ինքը հակադարձում էր. «Ո՛չ, Ժան Գաբենն է ֆրանսիական Ջիգարխանյանը»։ Այդ գնահատականն արդեն ամեն ինչ ասում է։ Ջիգարխանյանն անձնավորություն էր, որից հոսում էր հեղինակություն ու հմայք», - շեշտեց Մանասյանը:
Ֆիլմի ռեժիսոր ՎԱԳԱ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ էլ իր խոսքում ընդգծեց․ «Մենք փորձել ենք Ջիգարխանյանին ներկայացնել ոչ միայն որպես դերասան, այլ որպես մարդ։ Նրա կյանքը ուսումնասիրելով՝ հասկանում ես՝ նա սեր էր։ Սեր մարդկանց, արվեստի, կյանքի հանդեպ։ Եվ դա է այն, ինչը հիմա մեզ պակասում է։ Ֆիլմում նա բացվում է նաեւ որպես մարդ, ում ներաշխարհը հնարավոր չէ միայն բեմով կամ էկրանով հասկանալ։ Հուսով ենք՝ հանդիսատեսը կտեսնի նրան նոր լույսի ներքո»։
«ՄԻ ՔԱՆԻՍԸ ՓԱՅԼԵՑԻՆ ԱՅԴ ՖԻԼՄՈՒՄ, ԻՍԿ ՄԵԿԸ՝ ՄԱԳՆԻՍԻ ՊԵՍ ՁԳԵՑ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»
Երեկոյի ընթացքում հնչեց նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ անկեղծ եւ ջերմ հիշողություններով հագեցած խոսքը. «Ես չեմ կարող չասել՝ երբ հիշում եմ Ջիգարխանյանին, հիշում եմ ոչ միայն դերասան Արմենին, այլ՝ մարդուն։ Այն մարդուն, ում ներկայությունն իսկ շեշտադրություն էր դնում տարածության, պահի ու զրույցի վրա։ Նրա ժպիտը, ձայնի գույնը, հումորի չափը, որ երբեմն հասնում էր երկիմաստության սահմանին, բայց երբեք չէր անցնում բարու ու ազնվության սահմանը, մի տեսակ էթիկա ու կարգ էր ստեղծում»։
Վարդազարյանը հիշում է, թե ինչպես սկսվեց իր ճանապարհը Ջիգարխանյանի հետ։ Այդ հանդիպումն էլ հենց «Բարեւ, ես եմ» ֆիլմի ժամանակ էր՝ 1965 թվականին. «Դովլաթյանի ֆիլմը բացեց դռներ շատերի համար։ Մի քանիսը փայլեցին այդ ֆիլմում, իսկ մեկը՝ մագնիսի պես ձգեց բոլորի ուշադրությունը։ Այդ մեկը Արմեն Ջիգարխանյանն էր։ Ֆիլմի սցենարն էլ, կարծես, հատուկ նրա համար գրված լիներ։ Թեեւ մինչ այդ արդեն հայտնի էր՝ բեմում խաղացել էր, մարդիկ սիրում էին, բայց հենց այդտեղ՝ կինոյում, ծնվեց այն Ջիգարխանյանը, որին ճանաչում ենք բոլորս՝ մռայլ ու անզիջում, զվարթ ու խորամիտ, խարիզմատիկ ու երբեմն անսպասելի»։
Նա նաեւ կիսվեց Ջիգարխանյանի անզուգական դերասանական հնարքներից մեկով, որը «Բարև, ես եմ» ֆիլմում վերածվել էր իտալիական կինոյի արժանի տեսարանի. «Հիշո՞ւմ եք՝ մի տեսարան կար՝ երեխան պարում է հեռուստացույցի առջեւ։ Արմենն առաջարկեց՝ նկարեք նաեւ իմ դեմքը, ինչպես եմ ես նայում երեխայի պարին։ Այսպիսին էր Ջիգարխանյանի կերպարը. ինքը միշտ մտածում էր ոչ միայն իր խաղի, այլ ամբողջ ֆիլմի մասին։ Իմպրովիզացիան նրա ուժեղ կողմն էր, բայց երբեք չփորձեց փայլել ուրիշների հաշվին։ Իր բեմը մեծ էր, բայց նա երբեք չէր փակում ուրիշի բեմի դուռը»։
Վարդազարյանը հիշեց նաեւ մի ուշագրավ դեպք՝ կապված Ջիգարխանյանի երգեցողության հետ. «Չեմ ասի, որ հրաշալի երգիչ էր, բայց մի քանի ֆիլմերում՝ կոշկակարի երգը, օրինակ, այնքան խորը զգացմունքով էր ներկայացված, որ դա չէր կարելի երգել այլ կերպ։ Նկատել եք չէ՝ դեմքը չէր փոխվում՝ որքան էլ բառերն ուրախ կամ տխուր լինեին։ Ու դա հենց նրա դերասանական մեծության նշանն էր՝ ստանալ ուժ՝ հանդարտությունից։ Երեխայի ժպիտով՝ հսկա խաղ»։
Եզրափակելով իր խոսքը՝ Մարտին Վարդազարյանն ասաց. «Ես երջանիկ եմ, որ ճանաչել եմ Արմեն Ջիգարխանյանին ոչ միայն որպես մեծ դերասան, այլ որպես մեծ մարդ։ Նրա ներկայությունը ֆիլմերում, թատրոնում, մեր կյանքում՝ դա մի բացվող էջ էր, մի դասագիրք, որ դեռ երկար պիտի վերընթերցվի։ Նա գիտեր, որ սերը միայն զգալու բան չէ, այն անելու, ապրելու բան է։ Ջիգարխանյանը ապրեց՝ այնպես, ինչպես միայն մեծերը կարող են ապրել։ Հարգանքով, հումորով, խոհով։ Իմ հայրենիքը՝ նրա ձայնով էլ հնչեց»։
«ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԸ ՊԱՐԶԱՊԵՍ ԴԵՐԱՍԱՆ ՉԷՐ, ՆԱ ԵՐԵՎՈՒՅԹ ԷՐ»
Խոսեց ռեժիսոր, դերասան ՄԻՔԱՅԵԼ ԴՈՎԼԱԹՅԱՆԸ՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանի որդին, ում մանկությունն ու երիտասարդությունն անցել են Արմեն Ջիգարխանյանի արվեստի բարձրակետին զուգընթաց. «Իմ մանկությունը լի էր Ջիգարխանյանի ներկայությամբ։ Ես տեսել եմ նրան ոչ միայն բեմում կամ էկրանին, այլ նաեւ՝ տանը։ Նա ընտանիքի բարեկամ էր։ Այդտեղից էլ սկիզբ առավ այն ներքին կապը, որ տարիներ հետո ավելի խորացավ, երբ մեկնեցի Մոսկվա շարունակելու ուսումս ու գործունեությունս։ Եվ հենց այնտեղ՝ Մայակովսկու թատրոնում, իմ մեջ հասունացավ այն ճշմարտությունը, որին շատերն այսօր համաձայնում են՝ Ջիգարխանյանը պարզապես դերասան չէր։ Նա երեւույթ էր»։
Դովլաթյանը մտաբերեց, թե ինչպես մի օր Ջիգարխանյանն իրեն հրավիրեց Մայակովսկու թատրոն՝ դիտելու իր մասնակցությամբ ներկայացումներից մեկը. «Երբ նստեցի դահլիճում ու սկսվեց ներկայացումը, մոռացա ամեն ինչ։ Մոռացա, որ նա հայ է, մոռացա նրա բոլոր կինոդերերը։ Ես տեսնում էի կերպար, որը դուրս էր ազգությունից, ժամանակից, նույնիսկ բեմից։ Տեսնում էի մեծություն։ Եվ հենց այդ պահին հասկացա՝ ում հետ գործ ունեմ։ Դա այլ մակարդակի, գրեթե մետաֆիզիկական ներկայություն էր։ Բոլոր դերասանները խաղում էին, իսկ Ջիգարխանյանը պարզապես ապրում էր։ Եվ այն ճշմարտությամբ էր ապրում, որ, կարծես, մի ամբողջ մշակույթ էր կրում իր մեջ»։
Դովլաթյանը նաեւ ընդգծեց, որ թեեւ շատերը ճանաչում են Ջիգարխանյանին կինոյից, իրականում նա թատրոնի մարդ էր ամբողջությամբ․«Այո, կինոն տվեց նրան ժողովրդական ճանաչում, համառոտեց ճանապարհը դեպի հանդիսատեսի սիրտը։ Բայց Ջիգարխանյանի արմատը թատրոնում էր։ Նրա սրտի բաբախը թատրոնում էր։ Նա թատրոնում սնվում էր, վերականգնվում, ապրում։ Թատրոնն էր այն տարածքը, որտեղ նա փոխվում էր՝ չփոխվելով։ Նա միշտ ասում էր՝ «Դերասանը պիտի ապրի դերասանի պես, ոչ թե պարզապես խաղա դերասանի պես»։ Նա իր դերերով ապացուցեց այդ»։
Նրա խոսքում հնչեց նաեւ Ջիգարխանյանի իմաստնության մասին մի կարեւոր շեշտադրում. «Նա իմաստուն մարդ էր։ Իմաստուն՝ բառի ամբողջական իմաստով։ Նա խոսում էր՝ մեջբերումներով, մտածում էր՝ հազարամյակների խորքից եկող պարզությամբ։ Սոկրատից մինչեւ Սենեկա, Մարկ Ավրելիոսից մինչեւ Շեքսպիր՝ նա մեջբերում էր ոչ թե տպավորություն թողնելու, այլ զրույցը գաղափարի վրա բարձրացնելու համար։ Եվ սա՝ առանց փաթեթավորման, առանց պաթոսի։ Իր խոսքը դառնում էր դաս՝ առանց դասախոսելու»։
Ամփոփելով իր խոսքը՝ Միքայել Դովլաթյանն առանձնահատուկ շեշտեց Արմեն Ջիգարխանյանի մարդկային տեսակը՝ որպես բարության, ճշմարտության ու հավատարմության խորհրդանիշ. «Նա թախծոտ մարդ էր՝ այն իմաստով, որ իր ներսում պահում էր այն ցավերը, որոնց մասին չէր խոսում բարձրաձայն։ Բայց այդ նույն ցավը վերածվում էր ճշմարիտ կերպարների։ Սերը՝ իր մոր հանդեպ, իր գործընկերների, իր արվեստի, իր ժողովրդի հանդեպ, նրա ստեղծագործական հյուսվածքի կենտրոնում էր։ Ու որքան էլ նա մեծ դերասան էր՝ ես առաջին հերթին հիշում եմ նրան որպես ՄԱՐԴ։ Եվ այսօր մենք բոլորս՝ նրա սիրողները, գործընկերները, ընկերները, պարզապես երջանիկ հանդիսատեսը, հավաքվել ենք ոչ թե անցյալը վերհիշելու, այլ ներկայում նրա ժառանգությամբ ապրելու համար»։
Ի դեպ, հատուկ այս երեկոյին ներկա լինելու համար Հայաստան էր ժամանել նաեւ դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Սերգեյ Գազարովը, որը նույնպես իր հուշերով՝ հարգանքի տուրք մատուցեց օրվա հերոսին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
