Միքայել Սրբազանին դատապարտելն անազատության հայ ազգի ու Հայաստան պետության խարանն է, ամոթն է. Հայկ Ղազարյան
Հրապարակախոսություն«Պետության մասին կարելի է լավագույնս դատել նրանով, թե դատարաններն ինչպես են դատում այդ պետությունում»:
Ստանիսլավ Եժի Լեց,
20֊րդ դարի ականավոր լեհ պոետ
Դժբախտ են այն ազգերը, որոնք չունեն մեծեր, իսկ կրկնակի դժբախտ են նրանք, որոնք չեն արժեւորում իրենց ունեցած մեծերին նվիրյալներին, բարերարներին, նրանց, ովքեր անշահախնդրորեն ծառայում են ազգին ու երկրին։ Իսկ այսօր դատապարտվում է անազատության մարդ, ով ամբողջ կյանքը նվիրել է իր ժողովրդի հոգեւոր դաստիարակությանը, ազգային արժեքների ու հայկականության պահպանությանը, աղոթել է նրա փրկության համար, ով պատրաստ է եկեղեցու մոմի նման վառվել ու հանգչել իր ժողովրդի փրկության համար։ Դատապարտվում է մի արտահայտության համար, որը մեկ տարվա ընթացքում չի ունեցել ոչ մի հետեւանք, ոչ մի գործողություն։ Իսկ միգուցե դա երկրի ու ժողովրդի փրկության համար իր անօգնական հոգու հուսահատ ճի՞չն է եղել, իր անհանգստությունն է եղել ընդամենը կործանման վտանգի եզրին կանգնած հայրենիքի ու պետության համար։ Եվ դա հանցանք որակողները պետք է լավ իմանան, որ իրենցը չէ, այլ Տեր Աստծունն ու ժողովրդինն է, արդարադատության ամենավերջին խոսքը... Կարծես այսօրվա համար է Խրիմյան Հայրիկն ասել, որ «Հայաստանի իշխանություններն իրենց ժողովրդի հետ վարվում են այնպես, ինչպես օտարը կվերաբերվեր»։
Այդպես էլ պատմությունն ու փորձությունները չդարձան մեր դատավորն ու ուսուցիչը: Եվ երբ հային լքում են իմաստությունն ու իրականության զգացողությունը, նա գլխատում է իր արժանավորներին՝ նվիրյալներին, հերոսներին , բարերարներին ու տաղանդներին եւ պաշտում է փողոցից եկած անարժաններին, իսկ գահին բազմեցնում է պարտվողին ու ազգուրացին եւ սեփական պետությունը սեփական ձեռքերով դաժանաբար ավերում: «Ցածր ազգերը ոչնչացնում կամ թունավորում են իրենց իմաստուններին, իսկ իրենց խելագարներին թողնում են ազատ թափառել եւ մեռնել փողոցներում: Իմաստուն ժողովուրդները հնազանդվում են առաջինին, զսպում են երկրորդին եւ սիրում են բոլորին»,- ասել է 19-րդ դարի անգլիացի նշանավոր գրող Ջոն Ռեսկին:
Պատմությունն էլ մեզ ապացուցում է, որ երկրներն ու ժողովուրդները հասել են փառքի, կայսրություններ են դարձել անհատների մեծ կամքի, տաղանդի ու նվիրվածության շնորհիվ կամ պարտվել ու կործանվել են նույնպես անհատների արկածախնդրության, ապաշնորհ կառավարման կամ դավադրության արդյունքում։ Հույն հին փիլիսոփա Անտիսֆենը գտնում էր, որ «Պետությունները կործանվում են այն դեպքում, երբ լավերին չեն տարբերում հիմարներից»:
Թումանյանն ասում էր. «Անհատներն են գործ ստեղծում, կերպարանք տալիս, ձեւ տալիս, ընթացք տալիս հասարակական կյանքին: ... Շատ տարբեր բաներ են մտածող անհատն ու բազմությունը, ժողովուրդը, որ իր մեջ պարունակում է ամեն, ամեն բան, ավելի շատ խավար, քան պայծառ... Փոքրիկ արարածներն են կյանք թունավորում. մեծ արարածները թույն չունեն, նրանք միայն կյանք կարող են տալ»։ Նրանք մեծ հոգու եւ մեծ սրտի տեր են։ Այդ նրանք են պատրաստ իրենց կյանքն ուխտագնացություն դարձնել անձնազոհ պայքար արժանապատվության, արդարության, գաղափարների ու սկզբունքների համար։ Ուստի՝ նրանց մեջ պետք է փնտրել ժողովրդի ուժն ու փրկությունը։ Ազգերը, ժողովուրդներն աշխարհին ներկայանում են իրենց գիտության, մշակույթի, բիզնեսի, հոգեւոր, ռազմարվեստի ոլորտի հայտնիների, հերոսների ու սպորտի ականավոր գործիչների միջոցով:
Ո՞վ կիմանար հայի ու Հայաստանի տեղը, եթե մենք Տիգրան Մեծ, Մաշտոց, Նարեկացի, Կոմիտաս, Նժդեհ, Արամ Խաչատուրյան, Թումանյան, Վիկտոր Համբարձումյան, Հովհաննես Բաղրամյան, Տիգրան Պետրոսյան ու նման շատ հայտնիներ չունենայինք ու ըստ արժանվույն աշխարհին նրանց չներկայացնեինք:
Մեծերն են կերտում պատմություն ու երկրի ապագան, ապահովում պետության առաջընթացը, իսկ այն երկրները, որտեղ երախտամոռ են իրենց մեծերի նկատմամբ եւ ըստ արժանվույն չեն գնահատում իրենց տաղանդներին, նվիրյալներին, զորավարներին ու բարերարներին, մի ժողովուրդ, որը պատրաստ չէ տեր կանգնել իր երեւելիներին, ապահովել նրանց համար արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք, այլ պատրաստ են միայն վայելել նրանց աշխատանքի, տաղանդի ու ստեղծագործական մտքի արդյունքը, արգասիքը, ենթակա են կործանման, վերածվելու գաղութի։
Եվ միթե՞ սա է, սիրելի ժողովուրդ, մեր երախտագիտության արտահայտությունը Միքայել Սրբազանի ու մյուս մեր նվիրյալների նկատմամբ։ Վաղն էլ մեր լուռ համաձայնության ներքո նույն կերպ Սամվել Կարապետյանին, Բագրատ Սրբազանին ու մյուսներին կդատեն։ Հեռու չէ այն օրը, երբ պատմագրությունը կարձանագրի, որ նաեւ արդարադատության համակարգի պատասխանատուներից շատերի խղճին է ծանրացած հայ ժողովրդին պատուհասած ողբերգությունները, դաժան կորուստներն ու խեղված ճակատագրերը...։ Ուզում եմ այդպիսիներն իմանան, որ արդարադատության վերջին ամենազորեղ խոսքն էլ, վերջին վճիռն էլ ամենեւին իրենցը չէ, այլ Տեր Աստծունն է, ժողովրդինն է, որից դեռ ոչ մեկին չի հաջողվել խուսափել։ Իսկ արդարությունը բոլոր առաքինություններից ամենաբարձրն ու կարեւորն է, որովհետեւ ինչպես Էմանուիլ Կանտն է ասել. «Երբ արդարությունը անհետանում է, ապա չի մնում ոչ մի բան, որ կարողանա հույս, հավատ ու արժեք ներշնչել մարդկանց կյանքին»։
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝