Հերթական քայլն ԱՄՆ-ում` դեպի քաղաքացիական պատերազմ
ՎերլուծությունԹե ինչու է գլոբալիստներին, ասենք նաեւ՝ Զելենսկուն այդքան անհրաժեշտ է Վրաստանը (Տես նաեւ https://iravunk.com/?p=324616&l=am), իհարկե, պետք չէ կապել միայն Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական վերահսկողության հետ: Ներկա պահին այս մյուս գործոնը, թերեւս, ավելի կարեւոր է:
Այն, որ Զելենսկուն պահելն ու պատերազմը շարունակելը գնալով ավելի ու ավելի դժվար, գրեթե անհնար է դառնում, հասկանում են բոլորը: Առավել եւս, Կոպենհագենում տեղի ունեցած վերջին «եվրահավաքից» հետո, որտեղ ներկա իրավիճակից դուրս գալու որեւէ ռեալ տարբերակ չառաջադրվեց: Ռուսներն էլ շարունակում են հարձակումը: Ավելին, նաեւ եղավ Պուտինի զգուշացումը՝ ուղղված Թրամփին՝ կապված Ուկրաինային «Տոմահավկ» հրթիռների փոխանցման մասին լուրերի հետ: ՌԴ նախագահի խոսքով. «Դա կհանգեցնի մեր հարաբերությունների կործանմանը։ Կամ առնվազն ի հայտ եկող դրական միտումների կործանմանը»: Իսկ ավելի խորքում, թերեւս կա նաեւ այս իմաստը՝ որքան էլ Մոսկվայի համար ցանկալի է Թրամփի հետ դրական հարաբերությունների կառուցումը, բայց ոչ երբեք սեփական շահերից նահանջի միջոցով: Մնացածը Թրամփի որոշելիքն է:
Թրամփի համար Ռուսաստանի հետ խզումը, իհարկե, նշանակում է մանեւրելու հնարավորության զգալի նվազում ինչպես գլոբալիստների, այնպես էլ Չինաստանի հետ հարաբերություններում: Վերջապես, անգամ սեփական թիմի ներսում ի սկզբանե հենց այդ միտքն էր՝ պետք է բարելավել Մոսկվայի հետ հարաբերությունները, այն է՝ այս ուղղությամբ եւս խնդիրներ կարող են ոչ թե նույնիսկ առաջանալ, այլ՝ խորանալ:
Ընդ որում, սա Թրամփի համար կլինի ամենավատ պահը, որ գնա Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման: Հաշվի առնելով, որ, ինչպես եւ ենթադրվում էր, ներամերիկյան մթնոլորտը գնալով ավելի է մոտենում քաղաքացիական պատերազմի շեմին: Անուղղակիորեն, հենց դա հայտնեց ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը՝ ԱՄՆ-ում Քրեական սինդիկատները, ավազակախմբերը եւ ահաբեկչական խմբավորումները դաշնային ներգաղթային գործակալների գլխի համար պարգեւատրում են սահմանել՝ առաջարկելով 10 հազար դոլար նրանց սպանության եւ 2 հազար դոլար նրանց բռնելու համար: ԱՄՆ-ի պատմության մեջ երբեւէ եղե՞լ է, որ հանցաշխարհը բացահայտորեն սպանությամբ սպառնա պետական մի ամբողջ համակարգի աշխատակիցներին, ավելին՝ նրանց համար «գլխագին» խոստանալով. երեւի՝ ոչ, բայց հիմնական խնդիրն այստեղ անգամ դա չէ: Իրավիճակն իրականում շատ ավելի լուրջ է:
Այսպես, անձամբ իրենց եւ ընտանիքներին ուղղված նման սպառնալիքներից ելնելով, այդ գործակալների մեծ մասը ծածկում է դեմքերը դիմակներով՝ հայտնաբերումից խուսափելու համար: Տեսնելով, որ դրանք մերկապարանոց հայտարարություններ չեն. Չիկագոյում արդեն դաշնային գործակալների վրա հարձակման փորձեր եղել են, եւ, դատելով Քրիստի Նոեմի հայտարարությունից, դա սկսել է ստանալ զանգվածային բնույթ: Ընդ որում, եթե նա «գլխագին» է խոստանում, այդ թվում, ոչ միայն պետական գործակալների, այլ նաեւ նրանց ընտանիքների անդամների համար, ապա Նոեմի հայտարարությունը նաեւ ակնարկ է, որ այս երեւույթը մասշտաբներով դեռ շատ է աճելու:
Ու այս իրավիճակում, տարբեր ծայրահեղ ձախ կազմակերպություններ հրապարակայնորեն տեղեկատվություն են տարածում ներգաղթային գործակալների եւ նրանց ընտանիքների մասին: Ավելին, դեմոկրատները փորձում են իրավական գործողությունների միջոցով ստիպել Վաշինգտոնից ուղարկված բոլոր դաշնային գործակալներին՝ հանել դիմակները: Իսկ սա նշանակում է, որ գործում է ամբողջական շղթա, ուղղված ոչ թե նույնիսկ միգրացիոն գործակալների, այլ` Թրամփի քաղաքական կուրսի դեմ: Մինչդեռ հաշվի առնելով, որ քաղաքացիական պատերազմի գաղափարը ժողովրդականություն է վայելում ձախերի շրջանում, եւ կառավարության դեմ զենք վերցնելու պատրաստակամ մարդկանց թիվը աճում է: Եվ այն, որ հիմա էլ գործին խառնել են կազմակերպված հանցաշխարհը, իհարկե, պատահական չէ:
Մյուս կողմից, երբ այս իրողությունների մասին պաշտոնական հայտարարություն է հնչեցնում ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը, ապա դա նաեւ ակնարկ է, որ Թրամփի թիմը դեռեւս չի կարողանում կանգնեցնել ահաբեկչության ալիքը: Այս իրավիճակում միակ տարբերակ է դարձել խոշոր քաղաքներ զորքեր ուղարկելը: Մինչդեռ զինվորականները, իրենց բնորոշ մեթոդներով խառնվելով քաղաքացիական գործերին, որպես կանոն, ոչ միայն չեն հանդարտեցնում, այլեւ կարող են էլ ավելի սրել մթնոլորտը: Այս պահին իրավիճակը դեռ համեմատաբար հանդարտ է: Բայց ի՞նչ տեղի կունենա, եթե մի քանի գործակալների կամ նրանց ընտանիքի անդամներին՝ կանանց ու երեխաներին 10 հազար դոլարի համար մորթեն: Օրինակ, նման աղմուկը կարո՞ղ է պատճառ դառնալ, որ այդ միգրացիոն գործակալներին պաշտպանող քաղաքացիներն էլ իրենք զինվեն եւ անցնեն պատասխան քայլերի: Այսինքն, երբ երկկողմ միացվում է մասշտաբային բռնության շղթան, ապա դրանից դուրս գալ հնարավոր կլինի՞:
Թրամփը, ինչպես սպասվում էր, փորձում է խնդիրներին հերթական լուծում տալ: Այս պահին առաջնայինը Գազան է, որտեղ բառացիորեն ստիպելով, շանտաժով, գնում է ՀԱՄԱՍ-ի զինաթափման եւ խնդրի կարգավորման: Շատ փորձագետներ ենթադրում են, որ հաջորդը ուկրաինական ուղղությունն է, որտեղ եւս Թրամփը պետք է կարողանա հասնել կայուն վիճակի: Իհարկե, ինչպես նաեւ Պուտինի հիշատակված հայտարարությունը հուշեց, Ռուսաստանը, մեղմ ասած, Պաղեստին չէ, որ Թրամփն իր հայեցողությամբ դասավորումներ անի: Ու ենթադրությունն այն է, որ հարցի լուծումը կլինի բացառապես Զելենսկու հաշվին: Առավել եւս, երբ նախօրեին Թրամփը դրական արձագանք տվեց միջուկային սպառազինության մասին Պուտինի հայտնի առաջարկին, դրանով ընդգծելով, թե Մոսկվայի հետ ինչ մակարդակի հարցերով են զբաղվում, եւ ուկրաինական թեման որքան է զիջում դրան:
Ավելին, ներկա իրավիճակում նաեւ ուկրաինական տեղյակ աղբյուրներն են վստահ, որ շատ արագ կարող է իրավիճակի փոփոխություն լինել: Աղբյուրներից մեկի գնահատմամբ. «Զալուժնին արդեն իսկ մարտահրավեր է նետել Զելենսկիին՝ հայտարարելով նախագահական պաշտոնի հավակնությունների մասին, որը շուտով թափուր կմնա Կիեւում»: Ավելին, որ. «Զալուժնիի նախընտրական շտաբն արդեն իսկ ստեղծվել է, չնայած նա հերքում է դա: Քիչ չեն նաեւ լուրերը, որ ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան Ալպերում գաղտնի հանդիպման ժամանակ որոշել են Զալուժնիին նշանակել Ուկրաինայի նախագահ։ Չնայած եվրոպացի պատերազմողներն ընդհանուր առմամբ գոհ են Զելենսկիից, անգլոսաքսոնները ավելի մեծ լծակներ ունեն Կիեւի վրա»: Ըստ այդմ`«Բավական է ռազմաճակատում մեկ լուրջ պարտություն, որ մեխանիզմը միացվի: Հաշվի առնելով, որ Թրամփի մոտ խոստացել է` պատրաստն ենք հարձակվել եւ հետ վերցնել 1991թ.-ի սահմաները: Մինչդեռ իրականում խոշոր պարտություն սպասվում է, այն էլ` մի քանի հատվածում: Առանցքայինը, իհարկե, Պոկրովսկն է, որ հանձնելու դեպքում Զելենսկին կկորցնի մնալու վերջին շանսերը»,- կարծում է ուկրաինական փորձագիտական աղբյուրը:
Երեւի մտածել են, թե ունեն մեկ ելք՝ գրավել իշխանությունը Վրաստանում, պատերազմ սկսել Ռուսաստանի հետ, որը, միգուցե, Ուկրաինայում կփոխի իրավիճակը: Բայց չստացվեց…