Տղե՛րք, էս ի՞նչ խառն եք. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԸստ բուլղարական Blitz-ի` Անիի ՔՊ-ական քաղաքապետ ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ Սոֆիայի «Վասիլ Լեւսկի» օդանավակայանում, բառիս բուն իմաստով, մերկացրել են: Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը՝ քաղաքապետի գլխավորությամբ, ենթարկվել է նվաստացուցիչ զննության։ Ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների` նրանց ստիպել են ամբողջությամբ մերկանալ, հարցաքննել են եւ մի քանի ժամ պահել ծառայողական տարածքներում։ Բացել են անձնական իրերը, նույնիսկ վնասվել է նվեր բերած նկարի շրջանակը։ Ամեն ինչ ուղեկցվել է վիրավորական հարցերով՝ ովքե՞ր են, ինչո՞ւ են եկել եւ ինչո՞ւ հենց հիմա: Եվ ահա չուշացավ նաեւ Անիի համայնքապետարանի պարզաբանումը. «Օդանավակայանի անցակետում կատարված միջադեպը որակում ենք թյուրիմացություն։ Կատարվածի մասին տեղյակ է Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը։ Դիվանագիտական կառույցը կդրսեւորի հետեւողականություն եւ դեպքին կտա համապատասխան գնահատական»: Իհարկե, Անիի համայնքապետարանը միջադեպից հետո՝ պնդում է, որ ջերմ ընդունելության են արժանացել, բայց, ի վերջո, ինչո՞վ է եղել պայմանավորված նման վերաբերմունքը, ուշագրավ վարկած է առաջ քաշում քառօրյա եւ 44-օրյա պատերազմի մասնակից Հակոբ Պերպէրեանը: Նա նշում է, որ անեցի պատվիրակությունը մեկնել է Բուլղարիա, որպեսզի հուշագիր կնքի եւ որպես քույր քաղաքներ ճանաչվեն Անին ու Նովի Բազար քաղաքները. «Նովի Բազար քաղաքը Բուլղարիայում թուրքական բնակչություն ունեցող քաղաք է, այսինքն՝ գնացել են հերթական անգամ ախպերություն անելու թուրքերի հետ ու հիմա բողոքում են, թե բուլղարիացի սահմանապահներն ինչու են իրենց նվաստացրել: Արա՛, դուք ի՞նչ եք սպասում: Անինքնասեր,անհայրենիքների հետ դրսում ոնց պետք է վարվեն: Ձեզ հասնում է ու շատ քիչ է»:
Ինչպես ասում են՝ փեսու տանը տեղյակ չեն, հարսի տանը հարսանիք է: Ահա այսպիսի իրավիճակ է ստեղծվել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ հայտարարությունից հետո: Բաբայանը նշել է, որ Վաղարշապատի ընտրություններին սատարելու է Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության թեկնածուին եւ հաստատել, որ ինքը չի հավակնում վարչապետի թեկնածուի դերին: Նա նշել է, որ «կարող է դիրքավորվել երկրորդ, երրորդ, չորրորդ պլանում՝ հանուն ազգային միասնության»։ Հարցին, թե արդյոք Վանեցյանը կարող է լինել իրենց վարչապետի թեկնածու, պատասխանել է. «Կարող է եւ Արթուր Վանեցյանը լինի»։ Չուշացավ նաեւ «Հայրենիք» կուսակցության արձագանքը. «Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրություններում Սամվել Բաբայանի կողմից մեր թեկնածուին աջակցելուն հարգանքով ենք վերաբերվում։ Դրանից դուրս որեւէ քննարկում չենք ունեցել… Մենք հայտարարել ենք, որ ընտրություններին մասնակցելու ենք առանձին»։ Տղե՛րք, էս ի՞նչ խառն եք:
ԵՊՀ ռեկտոր, ՔՊ-ական նախկին պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ էլ Փաշինյան Նիկոլի «գլուխն է կորցրել»: ԵՊՀ -ում անցկացվում է երիտասարդական 11-րդ գիտաժողովը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Ճեմասրահում ներկայացված է նաեւ հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի լուսանկարը։ Իսկ ամենացնցողն այն է, որ ՀՀ դրոշի կողքին տեղադրված է Արցախի դրոշը։ Ու սա էլ քիչ է, լուսանկարներում տեսնում ենք նաեւ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի եւ «Նեմեսիս» գործողության հուշակոթողի պատկերները: Ի՞նչ ասես, այսպես, որ գնա աստվածաբան Հովոն շուտով սկսելու է Եկեղեցուն էլ պաշտպանել: Սատանի ականջը խուլ:
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը
