Հիմա՞ ում առաջ է պարելու Վանեցյանը
ՊատմականՈչ հեռավոր անցյալում դեռ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պարում էին Փաշինյան Նիկոլի առաջ՝ ճոճվող կամուրջի վրա՝ Խնձորեսկում: Անցել է վեց տարի, ու վեց տարի շարունակ երկրի անվտանգությունը, պաշտպանությունն ու պետականությունն է ճոճվում ու խարխլվում, միայն թե պարողներն են փոխվել եւ նախկին պարողների քաղաքական ճաշակը:
Դավիթ Տոնոյանը հայտնվեց ճաղերի հետեւում, իսկ Վանեցյան Արթուրը՝ հանկարծ ընդդիմադիր դաշտում: Ավելին՝ հիմա էլ իր ստեղծած «Հայրենիք» կուսակցությունից խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարում են. «Ընտրություններին մասնակցելու ենք առանձին։ Մինչ այս պահը որեւէ փոփոխություն այդ առումով տեղի չի ունեցել»։
Փաստորեն, Վանեցյանն իրեն այնքան թունդ օպոզիցիա է երեւակայում, որ հավակնում է դառնալ տիտղոսային ընդդիմություն՝ հուսով, որ ժողովրդի հիշողությունը շատ կարճ է: Բայց հիշեցնենք իր հետ կապված մի շարք հարցեր, որոնք այդպես էլ սպառիչ պատասխաններ չգտան:
ՕԴՈՒՄ ԿԱԽՎԱԾ ՀԱՐՑԵՐ` ՎԱՆԵՑՅԱՆԻՆ
Նախ այդ ինչպե՞ս եղավ, որ Վանեցյանը, լինելով ԱԱԾ սպա, զբաղեցնելով ՀՀ ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության պետի տեղակալի պաշտոնը՝ 2018-ին միացավ քայլիստների հեղաշրջմանը, փոխանակ՝ կանխեր: Նա վերցրեց արձակուրդ, հետո դարձավ Նիկոլի ԱԱԾ պետը։ Առնվազն նա պետք է բացատրի՝ խաբեցի՞ն իրեն, կաշառեցի՞ն, ներդրված էր Նիկոլի կողմից նախկին իշխանությունների ԱԱԾ-ում, թե՞ հակառակը: Սակայն, այդ հարցին պարզ պատասխան առ այսօր չկա:
Եվ, վերջիվերջո, ինչպե՞ս եղավ, որ Արթուր Վանեցյանի ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ գեներալ Մանվել Գրիգորյանի գլխին սարքեցին «տուշոնկի գործ»: Չէ՞ որ հիմա գոնե բոլորն են հասկացել, որ այդ ամենը սարքած պատմություն էր, որպեսզի քայքայեին Երկրապահը: Իսկ Երկրապահը քայքայելու նպատակը մեկն էր, որպեսզի անխոչընդոտ հանձնեին Արցախը:
Ըստ հենց Վանեցյանի` Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ հաստատվել էր օպերատիվ կապ, եւ մինչեւ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նրա պաշտոնավարման ավարտը այդ կապն իրականացվել է իր եւ եւս մեկ պաշտոնյայի միջոցով, ով մինչ օրս պաշտոնավարում է: Օպերատիվ կապի շրջանակներում Վանեցյանը պարբերաբար հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ներկայացուցչի հետ, այդ թվում՝ Դուբայ քաղաքում։ Այդ շփումների արդյունքում նա բազմիցս տարաբնույթ տեղեկություններ է ստացել եւ փոխանցել Նիկոլ Փաշինյանին, իսկ այդ շփումների մասին տեղյակ են եղել Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամները: Վանեցյանը հրաժարվել է հանդիպումների բովանդակության մասին խոսել՝ մեկ անգամ եւս ընդգծելով, որ չի պատրաստվում ծառայության բերումով ստացված տեղեկությունները հրապարակայնացնել: Արդյոք սա նշանակում է, որ Արթուր Վանեցյանի «Նիկոլ, կանգ առ» հայտարարությունը, եթե լիներ ավելի վաղ ու ուժգին, կփրկվեին կյանքեր ու հայրենիքից կորսված տարածքներ:
Կամ այդ ինչպե՞ս ստացվեց, որ Արթուր Վանեցյանը, ոչ միայն տարանջատվելով ՔՊ-ից, այլեւ ընդդիմադիր դիրք զբաղեցնելով, այդքան հեշտ մարսեց: Ուրիշները ենթարկվեցին իշխանության կողմից ամենաստոր հետապնդումների, իսկ իր դեպքում բավարարվեցին մի քանի շոու կազմակերպելով` վերջինիս թիկնապահների հետ կապված:
Եվ, վերջիվերջո, Արթուր Վանեցյանը նորից մասնակցում է ընտրությունների որ ի՞նչ անի: Ընտրվել էր, պատգամավոր էր, ի՞նչ արեց՝ բացի այն, որ իր ցուցակով խորհրդարան բերեց Իշխան Զաքարյանին, որը ո՛չ գվում է, ո՛չ բվում, իրեն դրել է անկախ պատգամավորի տեղ, ընդդիմադիր խմբակցությունում զուր տեղ է զբաղեցնում եւ հիմա էլ խոչընդոտում է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին: Իսկ ինքը՝ Արթուր Վանեցյանը, մանդատը վայր դրեց եւ քաշվեց մի կողմ:
ՈՐՆ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՎԱՆԵՑՅԱՆԻ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Լավ, այս ամենն էլ դնենք մի կողմ, համարենք Արթուր Վանեցյանը ԱԱԾ-ում աշխատած միակ միամիտն էր, որ 2018-ին ոգեւորվել էր Նիկոլի դմփ-դմփ-հուով: Բայց ո՞րն է այսօր Վանեցյանի ընդդիմադիր գաղափարախոսությունը, ուղղվածությունը:
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը հայտարարել է, որ քաղաքական համագործակցություն է սկսում «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ։ Բաբայանը նշել է, որ Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում համատեղ կաջակցեն «Հայրենիք» կուսակցության առաջադրած թեկնածուին: Հարցին, թե արդյո՞ք Վանեցյանը կարող է լինել իրենց վարչապետի թեկնածուն, նա պատասխանել է. «Կարող է եւ Արթուր Վանեցյանը լինի»։ Ի՞նչ ասես, Աստված չանի, որ Նիկոլ Փաշինյանից հետո վարչապետ դառնա հենց վերջինիս առաջ պարող Վանեցյան Արթուրը: Բացի այդ, դե արի ու բան հասկացի:
Վանեցյանը Ռուսաստանում հանդիպումներ էր ունենում եւ հավատացնում, թե ինքն ամենանվիրվածն է դաշնակցային հարաբերություններին: Նրա «Крым наш» արտահայտությունը ցնցել էր համացանցը:
Իսկ հիմա ո՞ւմ հետ է համագործակցում Վանեցյանը. հայաստանյան ամենահակառուս գործիչներից մեկի՝ Բաբայան Սամվելի: Եվ ընդհանրապես՝ Արթուր Վանեցյանի շուրջը դժվար է գտնել գեթ մեկ գործիչ, որի համար առանցքային նշանակություն ունի ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացումը՝ ընդհուպ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը մաս կազմելը, որը, ինչպես Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է ուղիղ հայտարարում՝ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելու միակ փրկությունն է: Այսքանից հետո՝ մեզ մնում է հռետորական հարց տալ՝ հիմա՞ ում առաջ է պարելու Վանեցյանը եւ ամենակարեւորը՝ ինչակա՞ն է պարելու:
