Ովքեր կարող են տուգանվել ընդամենը երեք օրից. Մանրամասնում է իշխանական պատգամավորը
Հայաստանում 2023 թվականին ներդրված է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ 2024 թվականի համար հայտարարվել էր, որ ֆիզիկական անձինք եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով։ Փաշինյանը հունվարին հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները երկարաձգում են եկամտահարկի հայտարարագրի ներկայացման ժամկետը մայիսից մինչև նոյեմբերի 1-ը հանրային ճնշման արդյունքում։ Եվ ահա նոյեմբերի 1-ից ՀՀ քաղաքացիները` բացառությամբ թոշակառուների, պետք է լրացնեին հայտարարագիր, որի ժամկետը երկարաձգվել էր մեկ անգամ՝ մայիսից մինչև նոյեմբեր: Սակայն օրեր առաջ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը հանդես եկավ նոր օրենսդրական նախագծով, և արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանը նահանջել է և այլևս չի պահանջում մարդկանցից հայտարարագիր լրացնել: Մասնավորապես ՔՊ պատգամավորի խոսքով.
-Եթե գործող կարգով քաղաքացիները պարտավոր են մինչև նոյեմբերի 1-ը մուտք գործել համապատասխան հարթակ և հաստատել իրենց եկամուտների մասին նախապես լրացված տվյալները, ապա նոր կարգավորմամբ այս պահանջը փոխվում է։ Եթե քաղաքացին Պետական եկամուտների կոմիտեի կողմից արդեն իսկ հայտնի եկամուտներից բացի այլ եկամուտ չունի և լրացնելու կամ ճշտելու տվյալներ չունի, նա կարող է պարզապես չմտնել հայտարարագրման համակարգ։ Վերջնաժամկետից՝ նոյեմբերի 1-ից հետո, նման դեպքերում հայտարարագիրը կհամարվի ավտոմատ կերպով ներկայացված՝ ՊԵԿ-ի տրամադրության տակ եղած տեղեկատվության հիման վրա։ Այսպիսով, համակարգ մուտք չգործելը կդիտարկվի որպես համաձայնություն։ Այս գործընթացը չիրականացնելու դեպքում տուգանք չի սահմանվում, սակայն տուգանք կա մեկ այլ դրվագում։ Այս պարզեցումը չի վերաբերում այն քաղաքացիներին, որոնք ունեն ՊԵԿ-ին ոչ հասանելի եկամուտներ,օրինակ՝ վարձակալությունից ստացված եկամուտ։ Եթե հետագայում պարզվի, որ քաղաքացին ունեցել է չհայտարարագրված եկամուտ, նա կենթարկվի օրենքով սահմանված պատասխանատվության։
Երկրորդ կարևոր փոփոխությունը, որն անում ենք սոցիալական կրեդիտների համակարգում, այսինքն՝ այն հնարավորությունը, որ մարդիկ կարող էին իրենց վճարած եկամուտների եկամտահարկի հաշվին փոխհատուցում ստանալ կրթության և առողջապահության գծով կատարած ծախսերի ուղղությամբ, այդ հնարավորությունը կտրվի այն անձանց, որոնք գոնե մուտք կգործեն և թեկուզ առանց փոփոխության՝ հայտարարագիրը կհանձնեն կամ կհաստատեն: Իմաստը հետևյալն է, որ եթե քաղաքացին որևէ բան է ուզում ստանալ պետությունից, ապա իր հերթին պետք է կատարի որոշակի փոփոխություններ:
Երրորդ փոփոխությունը, որ անում ենք, քանի որ հիմնական շեշտը դրվում է նրա վրա, որ ինքնաշխատ տարբերակով ՊԵԿ-ն ավելի լայն հասանելիություն ունենա ինֆորմացիային և ավելի ամբողջական լրացնի հայտարարագրերը, մենք ՊԵԿ-ին որոշակի հասանելիություն ենք տալիս տարբեր տվյալների՝ բացառությամբ բանկային գաղտնիքի, բայց փոխարենը սահմանում ենք մեկ դրույթ, որ, օրինակ, եթե քաղաքացին մուտք է գործում եկամուտների հայտարարագրման համակարգի համապատասխան հարթակ, որպեսզի ձեռքով չլրացնի, թե ավանդից ինչքան տոկոս է ստացել, կլինի համապատասխան դաշտ, որով մարդն իր համաձայնությունը կտա ՊԵԿ-ին, և ՊԵԿ-ը քաղաքացու փոխարեն կստանա ավանդներից ստացված եկամուտների վերաբերյալ տվյալները, և ավտոմատ կլրացվի:
Պատգամավորը ընդգծեց նաեւ.
-Ընտանիքի անդամների միջև փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն, տատիկ պապիկների՝ թոռնիկներին ուղղված փոխանցումներն էլ ենթակա չեն հայտարարագրման։