Այսպես որ շարունակվի, նախարարը կարող է հասնել կատարյալ նիրվանայի. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՊարզվում է՝ մի խումբ դասախոս-գիտնականներով դեռեւս հոկտեմբերի 1-ին հանրագրով դիմել էին ՀՀ նախագահ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ՝ հորդորելով չստորագրել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը, եւ այն ուղարկել Սահմանադրական դատարան։ «Առանձնացրել էինք հիշյալ օրենքի առնվազն 4 հոդված, որոնք ակնհայտորեն հակասում են ՀՀ Սահմանադրությանը», - մանրամասնում է կրթության փորձագետ, մանկավարժության դոցենտ Ատոմ Մխիթարյանը եւ ներկայացնում նախագահի աշխատակազմի պաշտոնական պատասխանը, որը կազմվել է հոկտեմբերի 21-ին: Պատասխան գրության մեջ, որը տրվել է նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից, մասնավորապես ասված է. «Ի պատասխան սույն թվականի հոկտեմբերի 1-ին Հանրապետության նախագահի աշխատակազմին ուղղված Ձեր դիմումի՝ տեղեկացնում ենք, որ Հանրապետության նախագահը սույն թվականի հոկտեմբերի 9-ին արդեն իսկ ստորագրել է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ հարակից օրենքները»: Ինչ խոսք, ճիշտ է Ատոմ Մխիթարյանը, ասվածը վերնագրելով՝ «ՀՀ նախագահի «հանճարեղ» պատասխանը»: Փաստորեն, ուղարկված հանրագրին դրական կամ բացասական արձագանքնելու փոխարեն՝ 9 օր անց Խաչատուրյանը ծածուկ ստորագրել է օրենքը, ապա 20 օր անց պատասխանել, թե բա՝ արդեն ստորագրել եմ: Այն, որ այս իշխանության օրոք նախագահի ինստիտուտը վերածվել է զուտ «պեչատ» խփողի, նորություն չէ, բայց որ այսքան բացահայտ ապացուցում է դա, ուղղակի, ապշել կարելի է: Գոնե նախկին նախագահ Արմեն Սարգսյանը մեկ-մեկ մամուլից տեղեկանում էր, թե ինչ է կատարվում, մինչդեռ դասախոս-գիտնականների, կրթության փորձագետների այդքան ահազանգից հետո՝ Խաչատուրյանն անվրդով ինչ տվել են ձեռքը, այն էլ ստորագրել է: Չնայած՝ երեւի, գերզբաղված է եղել, հավանաբար, դաշնամուր է նվագել հյուրերի համար, տաքսի կանչել տուրիստների խնդրանքով կամ էլ թաղումներին սելֆի անելով է խառը եղել:
Իսկ ահա ՀՀ արդարադատության նախարար ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆԸ «փայլել» է իր անտեղյակությամբ: Ողջ համացանցը ողողված է լուսանկարներով եւ տեսանյութերով, թե ինչպես է կարգալույծ եղած նախկին քահանա Սարգիս Ասատրյանի կեղծ «պատարագի» ժամանակ ուժայինների կողմից բերանը փակելով՝ հեռացվում քաղաքացին, բայց, արի ու տես, որ տիկին Գալյանը ո՛չ տեսել է, ո՛չ լսել: Այս մասին նա պնդել է լրագրողների հետ զրույցում: Իսկ թե ինչպես է հաջողվում ամեն անգամ բանից բեխաբար լինել, ինչ խոսք, աներեւակայելի է: Այսպես որ շարունակվի, նախարարը կարող է այնքան իրականությունից կտրվել, որ հասնի կատարյալ նիրվանայի:
Ոչ պակաս զարմանալի է, թե ինչու է Վաղարշապատի ընտրություններում թունդ արեւմտամետ Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն դարձել քաղաքագետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ, պարզվում է՝ մի «հուզիչ» պատմություն է: Սոցցանցում տեղեկություններ է հրապարակվել այն մասին, որ տարիներ շարունակ Հարությունն ապրում էր Մոսկվայում, սիրում Ռուսաստանը: Բայց հետագայում ունեցել է միգրացիոն ծառայության խախտում, փորձել է փոխել անձնագիրը Մոսկվայի հյուպատոսությունում, սակայն չի ստացվել: Դրա փոխարեն՝ ստացել է «վերադարձ Հայրենիք» թուղթը եւ ահա այդ օրվանից էլ որոշել է տեղավորվել հակառուսական դաշտում։ Ըստ էության, ստացվում է, որ նա հակառուսական է դարձել, քանի որ միգրացիոն կանոնները խախտելու պատճառով իր մուտքը ՌԴ փակ է։ Նույն հաջողությամբ՝ նա կարող էր հանդես գալ Եվրամիության դեմ, եթե ունենար Եվրամիություն մուտք գործելու արգելք: Ու այս մարդը հավակնում է Սուրբ քաղաքում քաղաքապետի աթոռին նստել, աշուղ Ջիվանին կասեր՝ խելքին աշեցեք…
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը
