Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից. Շտապ,Վիգենի կինն օգնություն է խնդրում. Ազատություն
Ներքաղաքական45-օրյա լռությունից հետո Բաքվում բանտարկված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը, վերջապես, զանգահարել է կնոջն ու տեղեկացրել, որ առողջական վիճակը վատացել է, քայլել չի կարողանում:
«Ես սպասում էի այս զանգին 45 օր, երեկ, վերջապես, նա զանգահարեց ինձ, ասաց՝ «բարև Լինդա, ինչպե՞ս ես»: Նրա ձայնը փոխված էր, թույլ: Հարցրեցի՝ ի՞նչ է քեզ պատահել, Վիգեն: Ասաց՝ «Լինդա, ես այլևս չեմ կարողանում քայլել, ոտքերս շատ են ցավում», - պատմեց կինը:
Լինդա Էուլջեքյանի փոխանցմամբ՝ չնայած ոտքերի ցավին ու սրտի հետ կապված խնդիրներին, բանտապահները հրաժարվում են բժշկի նշանակած դեղերը տրամադրել:
Որևէ մեկի հետ խոսելու, օգնություն խնդրելու հնարավորություն Վիգենը չունի: Շուրջ 5 տարի Բաքվի բանտում գտնվող հայազգի գերին անօգնական, հուսահատ վիճակում է:
«Վիգենն ասում է, որ ուզում է խոսել որևէ մեկի հետ, բայց ոչ ոք բանտում իր հետ չի խոսում՝ ո՛չ ղեկավարներից, ո՛չ պահակներից: Նա ինձ ասաց՝ «գիտե՞ս, մենք միայն հաց ու թեյ ենք ուտում»: Հարցրեցի, բայց ինչո՞ւ, ինչո՞ւ նրանք ձեզ սնունդ չեն տալիս: Նա ասաց՝ «չգիտեմ»: Ամուսնուս վիճակը շատ-շատ վատ է, երբ պատկերացնում եմ, որ նա արդեն անվասայլակի կարիք ունի, սիրտս տակնուվրա է լինում, մինչդեռ Վիգենը շատ ուժեղ երիտասարդ է, գեղեցիկ տղամարդ է, ընդամենը 46 տարեկան», - ասաց Լինդա Էուլջեքյանը:
Թե ո՞րն է պատճառը, որ Վիգեն Էուլջեքյանը այլևս չի կարողանում քայլել, կինը հստակ տեղեկություն չունի: Կարծում է, որ դա դաժան ծեծի հետևանքն է: Լինդան պատմում է, որ երբ ադրբեջանցիները նրան բռնել են, ուժեղ ծեծի են ենթարկել, ինչից էլ ոտքերը վնասվել են:
Վիգեն Էուլջեքյանը լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ ադրբեջանցիների կողմից գերեվարվել էր 44-օրյա պատերազմի ավարտից հետո՝ 2020-ի նոյեմբերի 10-ին, Շուշի ուղևորվելու ճանապարհին:
