Կարո՞ղ է էլի մի բան խառնել է. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԱզգային ժողովի նախագահ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ, «Լուրջքաստ» հաղորդման հյուրը լինելով, խոսել է 44-օրյա պատերազմի մասին: Նա մասնավորապես նշել է, որ «իրենք իմացել են, որ պատերազմ է սկսվելու»՝ նկատի ունենալով, այսպես ասած, նախկիններին: Վերջինիս եզարահանգմամբ՝ «իրենք են այդ պատերազմի անոնսը արել»: Երբ փոդքաստի վարողը հարցրել է. «Այսինքն՝ բոլորը գիտեին, որ պատերազմ է լինելու, բացի ձեզնի՞ց», Սիմոնյանը պատասխանում է. «Դե հա, տենց ա ստացվում»։ «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանն արձանագրում է. «Փաստորեն, ըստ Ալենի, նույնիսկ հայտնի ՀՀԿ տատիկը գիտեր, որ պատերազմ է լինելու, բայց իշխանության «թավշյա մեխի գլուխները» չէին պատկերացնում, թե ինչ է տեղի ունենալու»։ Եվ այստեղ է, որ ամենաբնական հարց է ծագում. եթե իշխանությունը «չէր պատկերացնում» այն, ինչ իբրեւ «գիտեին բոլորը», ապա ինչպե՞ս կարելի է նման անտեղյակներին վստահել պետության անվտանգությունը, ինչո՞ւ պետք է պետության անվտանգությունը վստահել մարդկանց, ովքեր, մեղմ ասած, չեն կողմնորոշվել ամենաընդգծված վտանգի պահին, ինչի մասին իրենք իրենց բերանով տալիս են հրապարակային ինքնախոստովանական ցուցմունք:
Անդրադարձանք Ալեն Սիմոնյանին, հիշեցինք երեկ երջանկացած Վեդի խոշորացված համայնքի ղեկավար ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ: Նա ստացել է ծննդյան ամենաօրիգինալ շնորհավորանքը: «Քիչ առաջ ինձ է զանգահարում Ալեն Սիմոնյանը եւ ասում հետեւյալը. « Հեչ եղե՞լ ա, որ ծննդյանդ օրը քեզ զանգահարի ԱԺ նախագահը եւ երգի «Happy birthday to you» ու սկսում ա երգել։ Ես՝ շնորհակալ եմ ախպեր ջան, ծննդյանս ամենաօրիգինալ շնորհավորանքն էր, կարո՞ղ եմ մտերիմ մարդկանց պատմել։ Ալենը. «Իհարկե՜, կարող ես նույնիսկ ստատուս գրել»: Այսպես երգել-պարելով, անսահման գոհունակությամբ ու անձնական շոուներով էլ օրն են մթնացնում: Երկրի, ըստ էության, երկրորդ դեմքը, կարծես, ավելի շատ օրիգինալ երգիչ-ելույթ ունեցողի դեր է խաղում, քան ազգային անվտանգության խնդիրներով զբաղվող պետական գործչի։ Փաստորեն, մինչ ոմանք պետականության ծանր բեռի տակ պիտի լինեին, երաժշտական շնորհավորանքներով են զբաղված: Այս անհոգ երգեցողության ֆոնին մնում է միայն կոկորդիլոսագետի համբավ ձեռք բերած Գարիկին հարցնել, հաստա՞տ ԱԺ նախագահն էր զանգել, թե՞, ամեն դեպքում, ժամանցային բեմի մշտական արտիստ։ Կարո՞ղ է էլի մի բան խառնել է:
Իսկ թե ինչով է զբաղված կեղծ դպիրը Ազգային ժողովում, ոչ պակաս զարմանալի է: Կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի կողմից Հովհաննավանքում մատուցված «պատարագին» մասնակցած կեղծ դպիր Ռաֆայելը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՊԱՐՍԻԼՅԱՆԻ օգնականն է: Նա երեկ մասնակցում էր ԱԺ նիստերի դահլիճում ընթացող մարտիմեկյան թեմայով հանրային քննարկմանը: Լրագրողների հետ զրույցում «կեղծ» դպիր Ռաֆայելը նախ սրտնեղեց, որ իրենց ասում են «կեղծ դպիր». «Ես դպիր եմ։ Կեղծ դպիր հասկացողություն չկա։ Ես անդամակցում եմ ՔՊ-ին, երբ եկեղուցուց դուրս եմ եկել»: Հարցին՝ ինչպե՞ս է դարձել Տ. Պարսիլյանի հասարակական հիմքներով օգնականը, նա մանրամասնել է. «2020 թվականից հետո՝ ես եկեղեցուց հիասթափված դուրս եկա, որպես քաղաքացի, որպես աշխարհիկ մարդ»։ Այ քեզ բան, բա եկեղեցուց հիասթափված Ազգային ժողովով հիացած անձը բարձրացել էր Հովհաննավանքի խորան, որ ի՞նչ աներ, վզի դաջվածքը ցույց տա՞ր ամենքին:
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը
