Ղազախստանը հետաքրքրված է մասնակցել «Թրամփի ուղի» նախագծին
ՄիջազգայինՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը այսօր հայտարարել է, որ իր երկիրը հետաքրքրված է մասնակցել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին:
Տոկաևն այս հայտարարությամբ է հանդես եկել Աստանայում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո լրատվամիջոցների համար արված ելույթում։Տոկաևը բարձր գնահատեց հանդիպման արդյունքները՝ նշելով, որ քննարկումներն ընդգրկել են տնտեսական, ներդրումային և ոլորտային համագործակցության լայն շրջանակ։
«Մենք առանձնահատուկ կարևորություն տվեցինք փոխադարձ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հարցերին։ Պայմանավորվեցինք քայլեր ձեռնարկել, որպեսզի ընդլայնվի առևտրաշրջանառությունն ու ապրանքացանկը։ Անցած տարի միայն ղազախական արտահանումը Հայաստան գերազանցել է 350 միլիոն դոլարը»,-նշեց Ղազախստանի նախագահը։Նրա խոսքով՝ կողմերը նպատակ ունեն իրականացնել համատեղ ներդրումային ծրագրեր և զարգացնել կապերը բիզնես համայնքների միջև։Տոկաևն ընդգծեց նաև տրանսպորտային ու տրանզիտային հնարավորությունների կարևորությունը։
«Նոր աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում հնարավորություն է ստեղծում ամրապնդելու տարածաշրջանային համագործակցությունը։ Ղազախստանն աջակցում է Հայաստանի նախաձեռնությանը՝ «Խաղաղության խաչմերուկ»-ին»,-ասաց Տոկաևը։ Ղազախստանի նախագահը հայտարարեց, որ երկիրը հետաքրքրված է նաև մասնակցելու TRIPP միջազգային նախագծին։
«Մենք ընդգծում ենք, որ հետաքրքրված ենք մասնակցել TRIPP՝ Խաղաղության և բարգավաճման միջազգային «Թրամփի ուղի» նախագծին։ Այսպիսի նախաձեռնությունները, ինչպես Հյուսիս-հարավը և Միջին միջանցքը, համապատասխանում են երկու երկրների շահերին»,- շեշտեց նա։Տոկաևի խոսքով՝ այս համագործակցությունը կարող է բացել մեծ հնարավորություններ երկու երկրների համար։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
