Այս եզրույթը ներառվելու է ԴՕԿ դաշինքի նախընտրական ծրագրում. Հայտնի փաստաբանը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել
Յուրաքանչյուր դատապարտյալ պետք է աշխատի, ընդ որում, իր ֆիզիկական եւ մտավոր հնարավորությունների համապատասխան: Ազատազրկման վայրերում աշխատանքը դիտվում է որպես ուղղման ներգործության դրական տարր, որն ամրագրված է եվրոպական երկրների ներպետական օրենքներում:
Ավելին, նախկին ԽՍՀՄ տարածքում օրենքի ուժով դատապարտյալների աշխատանքը ոչ միայն դիտվում էր պարտադիր պայման, այլեւ յուրաքանչյուրի վրա դրված էր աշխատանքային պլան, ընդհուպ նաեւ` այսպես կոչված, օրենքով գողերի, որոնց անձնական գործերում երեւում էր 100 եւ ավելի տոկոս աշխատանքային պլանի կատարում: Այն տարիների ազատազրկման վայրերը կոչվում էին ուղղիչ աշխատանքային գաղութներ: Այսօր կան երկրներ, որոնք կամ չեն կարողանում, կամ էլ ցանկություն չունեն ազատազրկման վայրերում կազմակերպել աշխատանքային պրոցես: Այդ երկրների թվում է նաեւ Հայաստանը: Դրան հակառակ էլ կան երկրներ, որտեղ առկա են մասնավոր կարգի ազատազրկման վայրեր, որտեղ տվյալ դատապարտյալների կամ վերջիններիս հարազատների կողմից գումարի վճարման դիմաց ապրում են, այսպես ասած, ՎԻ ԱՅ ՓԻ համարներում: Ըստ իս երկու ձեւն էլ անընդունելի է:
Աշխատանքի իրավունքն ամրագրված է ՀՀ սահմանադրությամբ: Ավելին, ազատազրկման վայրերում դատապարտյալին աշխատանքի ներգրավելով` պետական լիազոր մարմինը լուծում է մի քանի կարեւոր խնդիր.
1. Դատապարտյալի էներգիան սպառվում է` հանրօգուտ աշխատանք կատարելով:
2. Դատապարտյալն իր անձնական հաշվի վրա տարիների ընթացքում կուտակում է բավականաչափ գումար, քանի որ օրենքի ուժով թույլատրվում է վերջինիս կողմից սահմանափակ քանակի գումարի տնօրինում:
3. Դատապարտյալի աշխատած գումարը կարող է ուղղորդվել նրա գույքային պարտականությունների կատարմանը:
Դատապարտյալի աշխատանքն ուղղիչ հիմնարկի համար պետք է հետապնդի ոչ միայն եկամուտ ստանալու նպատակ (այն օրենքով, չգիտես ինչու, բացակայում է), այլեւ տվյալ պետական լիազոր մարմնի գիտությամբ եւ հսկողությամբ, տվյալ կոնտինգենտն ունակ եւ ընդունակ է ստեղծագործելու եւ իր նորարարություններով զարմացնելու հասարակությանը, լինելու կրողը իր նորարարության, որպես հեղինակային իրավունքի սուբյեկտ` բխող բոլոր իրավական հետեւանքներով: Դրա լավագույն ապացույցն են աշխարհում գործող մի շարք նորարարություններ, որոնց հեղինակները եղել են դատապարտյալները, որոնք ազատազրկումից հետո ստացել են միլիոնավոր դոլարների հոնորարներ: Հայաստանում չկա հնարավորություն դատապարտյալների համար, որպեսզի վերջիններս կարողանան աշխատել եւ ստեղծագործել: Այսինքն, առկա է երիտասարդ աշխատուժի մտավոր եւ ֆիզիկական մի հսկայական բանակ, որը մատնված է անգործության, այն դեպքում, երբ վերջիններիս օգտակար գործողության գործակիցը գործատուին կդարձներ երկրի խոշոր հարկատուներից մեկը:
Հարկավոր է իմանալ.
Դատապարտյալի աշխատանքային գործունեությունը չպետք է խոչընդոտի ուղղիչ հիմնարկի առջեւ դրված խնդիրներն իրականացնելուն:
Եվրոպական կոնվենցիայի դրույթները գործում են նաեւ այնպիսի վայրերում, ինչպիսիք են ազատազրկման վայրերը, այդ թվում նաեւ` դատապարտյալների կրոնական համոզմունքների վրա` թույլ տալով վերջիններիս մասնակցելու կրոնական միջոցառումների: Եթե կրոնը, համոզմունքը, պահանջում են հատուկ սննդակարգ, այն պետք է նախատեսվի լիազոր մարմնի կողմից` անկախ նրանից, անձը դատապարտված է ցմահ, մահապատժի, թե երկարաժամկետ ազատազրկման: Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի ուժով լիազոր մարմինը պետք է սահմանի այնպիսի պայմաններ, որպեսզի դատապարտված անձը կարողանա մասնակցել հոգեւոր ծեսերի, ցանկության դեպքում տեսակցի հոգեւորականի, պահի պաս, ծոմ եւ այլն:
Այդ բոլոր գործառույթները չպետք է խոչընդոտեն` ուղղիչ հիմնարկի առջեւ դրված խնդիրներն իրականացնելուն: Այսինքն, եթե անվտանգության, առողջապահության տեսակետից կարող է արգելվել դատապարտյալին` չսափրվել, երկար մորուք պահել, հագնել չսահմանված նմուշի համազգեստ, լողանալ, կարդալ մարտական կոչերով գրականություն կամ կրել հաստ շղթա, սակայն նույն անվտանգության եւ առողջապահության կանոններից ելնելով` արգելել կարդալ հոգեւոր գրականություն, կամ խաչով բարակ շղթա կրել` հակասում է Եվրոպական կոնվենցիայով կամ միջազգային իրավանորմով նախատեսված դատապարտյալի իրավունքներին:
Ընդունված է կարծել, որ հանցագործությունների աճ է գրանցվում, երբ տվյալ երկրում տեղի է ունենում ջրհեղեղ, երկրաշարժ, պատերազմ, հեղափոխություն եւ այլն: Հայաստանում, ի տարբերություն եվրոպական եւ աշխարհի քաղաքակիրթ շատ երկրների, Սպիտակի եւ Գյումրիի ավերիչ երկրաշարժի ժամանակ բացակայել են այնպիսի ծանր հանցագործություններ, ինչպիսիք են` դիակապտությունը, կողոպուտը, ավազակային հարձակումները եւ այլն: Այդ արհավիրքի օրերին աղետի գոտու որոշ դատապարտյալներին թույլատրվել է մասնակցել զոհված հարազատների հուղարկավորությանը, որոնց կողմից նոր հանցագործություն չի կատարվել, իսկ հարազատին թաղելուց հետո հետ են վերադարձել կալանավայր:
Միջին եւ ավագ սերունդը լավ է հիշում նախորդ դարի 80-ականների համաժողովրդական շարժման օրերը, երբ ընդհանրապես բացակայել են գողություններն ու կողոպուտները:
Պետք է հասնել նրան, որ ազատազրկման վայրերը հասնեն նվազագույնի, ինչը գոնե Հայաստանի պայմաններում իրատեսական է` հաշվի առնելով այստեղ ապրող բնակչության առանձնահատկությունները:
ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Փաստաբան
