Ինչպիսի ձմեռ է սպասվում մեզ
ՀասարակությունՀամաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը թարմացրել է գլոբալ կանխատեսումը 2025/2026 ձմռան համար.
2025 թվականի օգոստոսից մինչև հոկտեմբեր Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանները շարունակել են մնալ միջինից բարձր։ Հատկապես տաքացել է Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասը։ Իսկ հասարակածային գոտում օդի ջերմաստիճանը փոքր-ինչ նվազել է, սակայն ընդհանուր սեզոնային միջինները գրեթե զրոյական շեղման սահմաններում են եղել։ Այլ տարածաշրջաններում նույնպես նկատվել է Նինյոյի ինդեքսների թեթև անկում։ Չնայած այս տարբեր անոմալիաներին՝ օվկիանոսի և մթնոլորտի միջև պահպանվել են թույլ Լա Նինյային բնորոշ փոխազդեցությունները, որոնք առավել լավ են արտահայտվել տեղումների անոմալիաներով։
2025/2026 թվականների ձմռան տեղումների կանխատեսումները Խաղաղ օվկիանոսի հասարակածային գոտում նույնպես համապատասխանում են թույլ Լա Նինյայի պայմաններին։ Տեղումների աճ կանխատեսվում է Հյուսիսային Ամերիկայի հյուսիսում, Կենտրոնական Ամերիկայի հարավում, Կարիբյան ավազանում, ինչպես նաև Հյուսիսային Եվրոպայում և Հյուսիսային Ասիայում՝ 50° հյուսիսային լայնությունից բարձր։
