Շատ նման է, որ Զելենսկու «դուրս գրելու» ժամանակը եկել է, բայց…
ՎերլուծությունԹե ինչքանով Վատիկանին կհաջողվի տարաբնույթ դաշնակցային հարաբերություններ ստեղծել Թուրքիայի հետ կամ «կլանել» Հայ եկեղեցին (Տես նաեւ https://iravunk.com/?p=329465&l=am), մնում է մեծապես կախված այն հարաբերություններից, որոնք զարգանում են Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ: Իսկ այդ հարթակում տեսանելի շերտը դեռ շարունակում է մնալ ուկրաինական ուղղությունը, թեեւ այստեղ ամեն բան զարգանում է գերակտիվ ռեժիմով:
Այսպես, հազիվ ավարտած ուկրաինական պատվիրակության հետ հանդիպումները, Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ուիտկոֆը մեկնեց Մոսկվա: Թե այս այցն ինչ փուլի կտանի խաղաղության գործընթացը, դեռ սպասենք իրական արդյունքներին: Բայց մեկ բան մինչ այցն էլ էր տեսանելի՝ ճնշումները Զելենսկու ուղղությամբ գնալով միայն խորանում են: Թերեւս, հաշվի առնելով նաեւ այն համառ լուրերը, որ ուկրաինական պատվիրակությունն այդպես էլ չի ընդունում Դոնբասից զորքերը հանելու մասին դրույթը:
Ավելին, ուկրաինական տեղյակ աղբյուրն անգամ պնդում է, որ Զելենսկուց արդեն պահանջում են՝ լքել պաշտոնը: «Նախագահական վարչակազմի մեր աղբյուրները հայտնել են, որ NABU-ն ունի Զելենսկու ձայնի ձայնագրություններ Մինդիչի սխեմաների մասին զրույցներում, ինչպես նաեւ Երմակի եւ անվտանգության աշխատակիցների զրույցների ձայնագրություններ, որոնցում նա հրահանգներ է տալիս բարձր մակարդակի հարցերի վերաբերյալ։ Այս ձայնագրությունները մնում են Զելենսկու վրա Թրամփի վարչակազմի հետ խաղաղության բանակցություններում ճնշում գործադրելու հիմնական գործիքը»:
Այսինքն, եթե համաձայնություն չտրվի, ապա, ինչպես պնդում է նաեւ Գերագույն ռադայի պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը. «Զելենսկիին հրամայվել է հրաժարական տալ այս շաբաթ»:
Ընդ որում, ամերիկացիները, նման է, որ ստեղծել են այնպիսի մի թակարդ, որից դուրս գալ Զելենսկու համար դժվար կլինի: Այն է՝ կտրուկ ակտիվացել է Ռադայում հակազելենսկիական թեւը: Բացի այդ, «Ժողովրդի ծառա» կուսակցության մի քանի պատգամավորներ ներկայացրել են խմբակցությունից եւ իրենց մանդատներից հրաժարականի դիմումներ: Եվ որ այս ամենի արդյունքում Զելենսկին կորցնելու է Ռադայում վերահսկողությունը (թեեւ արդեն իսկ կորցրել է, անգամ գալիք տարվա բյուջեն չեն կարողանում հաստատել), դա ամենասպասելի տարբերակն է: Վիճակը կարող է էլ ավելի վատթար լինել. որոշ աղբյուրներ արդեն խոսում են, որ «հաջորդ փուլը Ռադայում կոալիցիայի փլուզումն է, որը կհանգեցնի մի շարք անվերահսկելի գործընթացների եւ կթուլացնի Զելենսկիի իշխանությունը»: Ընդ որում, այս մասին արդեն իշխանական թեւի պատգամավորներն են սկսել բացահայտ խոսել:
Ահա այս ֆոնին, ռուսները հայտարարեցին երկու առանցքային քաղաքների՝ Պոկրովսկի եւ Վոլչանսկի գրավման մասին: Նաեւ, որ եւս մի քանի առանցքային քաղաքներ շրջապատման շեմին են: Վերջապես, մի քանի հատվածներում հազարավոր ուկրաինացի զինվորականների շրջապատման մասին, որը, իհարկե, կարող է ավելի ծանր հարված դառնալ Զելենսկու դիրքերի համար, քան այդ բոլոր ներքաղաքական խժդժությունները:
Նման է, որ Զելենսկու վերջին հույսը Փարիզ այցն էր, որի ընթացքում կարողացավ հեռախոսազրույց ունենալ նաեւ Սթարմերի հետ: Բայց այն, որ հաջորդեց Եվրոպական բանկի որոշումը, որ չի կարող երաշխիքներ տալ, եթե ռուսական սառեցված փողերը փոխանցվեն Կիեւին, մեկ բան է նշանակում՝ ո´չ Մակրոնը, ո´չ Սթարմերը ոչնչով Զելենսկուն ներկա իրավիճակում օգնել չեն կարող:
Բայց նման է, որ Բրիտանիան ունի իր «Բ» պլանը: Հայտնի դարձավ, որ Բրիտանիայում ուկրաինական դեսպան, նախկին գերագույն հրամանատար Զալուժնին Կիեւում է: Այն, որ նրան տեւական ժամանակ նախապատրաստում էին, որպես անհրաժեշտության դեպքում Զելենսկիին փոխարինող, հայտնի պատմություն է: Ու եթե նա հիմա Կիեւում է, նշանակում է, որ այդ պահն արդեն եկել է: Միայն թե անհասկանալի է՝ ինչպե՞ս են Զալուժնիին նախագահական լիազորություններ տալու, եթե ընտրություններ չլինեն: Իսկ ընտրությունների համար պետք է նախ արտակարգ դրությունը չեղարկվի: Դրա համար էլ պետք է, որ ճակատում գոնե ժամանակավոր զինադադար լինի: Մի բան, որ Մոսկվան ոչ մի դեպքում չի ընդունում՝ պահանջելով վերջնական խաղաղության պայմանագիր. զինադադարը պարզապես կարող է օգտագործվել ուկրաինական բանակին այս օրհասական վիճակից հանելու համար:
Արդյունքում, շարունակում է ամենահարմար տարբերակը մնալ, որ Զելենսկին ստորագրի, ուկրաինական Սահմանադրական դատարանը հաստատի պայմանագրի օրինականությունը, որից հետո ռուսները կանգ կառնեն: Նման է, որ հենց այս սցենարն էլ կդառնա Ուիտկոֆի այցի հիմնական քննարկումների թեման: