Իլիչ Բեգլարյանը կդառնար 88 տարեկան
ՄշակութայինՄի քանի օր առաջ մեծն զորավար Անդրանիկ Օզանյանի թանգարանում նշվել է թանգարանի հիմնադիր, գրող-հրապարակախոս, հայ ժողովրդի նվիրյալ զավակ Իլիչ Գուրգենի Բեգլարյանի ծննդյան 88-ամյակը: Նա էր արցախյան առաջին պատերազմի ժամանակ ստեղծել եւ հովանավորել «Անդրանիկ Զորավար» ջոկատը: Այս մասին «Իրավունք»-ի հետ զրույցում պատմեց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ եւ ընդգծեց, որ անսահման մեծ են Իլիչ Բեգլարյանի կատարած հայրենանվեր գործերը:
— Մեծարման միջոցառմանը ներկա էին մտավորականներ, արվեստի գործիչներ: Հուրախություն բոլորին՝ ներկա էր նաեւ Արցախի երկրորդ պատերազմի հերոս Դավիթ Առուշանյանի առյուծածին մայրը՝ Լիդա Առուշանյանը: Ինչպես մեր բոլոր որդեկորույս մայրերին են ներկաները դիմավորում, այդպես էլ դիմավորեցին Լիդա Առուշանյանին՝ սիրով եւ խոնարհումով:
Թանգարանի այցելուներին ջերմորեն դիմավորում էր Իլիչ Բեգլարյանի ազնվազարմ տիկինը ՝ժորժետա Առաքելյանը, որը նույն ազգանվեր, նույն գիտակցությամբ եւ փայփայանքով պահում է թանգարանը՝ ներկայիս եւ ապագայի սերունդների համար: Աստված պահապան լինի այս ազգանվեր գործին՝ ի նպաստ բարօրության հայ ժողովրդի:
Նշենք, որ թանգարանում, որտեղ վառ են պահում լեգենդար զորավարի՝ Անդրանիկ Օզանյանի անմահ գործը, տարիներ շարունակ այցելում են աշակերտներ, ուսանողներ, բազմաթիվ հյուրեր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
