Փաշինյանը Գյումրի է տարել հոգևորականների, ոստիկանների, ԱԱԾ-ին, պատարագի մասնակից մշտական շրջիկ խմբերի, իսկ Գյումրուց փորձել են հավաքել ում կարողանում են
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, վաղ առավոտից ոստիկանական մեծ շարժ է Երևան-Գյումրի ամբողջ ճանապարհին։ Փաշինյանը գնացել է Գյումրի՝ պատարագի, հետը տարել է նաև հոգևորականներին, քանի որ Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում չի գտնվել հոգևորական, որ համաձայնի Փաշինյանի համար պատարագ մատուցել։
Չնայած, որ եղանակային պայմանների պատճառով ճանապարհը ծանրաբեռնված չէ, բայց միևնույն է՝ հազարավոր ոստիկաններ են լցված՝ Փաշինյանի շարասյան անվտանգությունն ապահովելու համար։
Գյումրու թեմից ստանալով մերժում, իշխանությունը փորձել է ամեն ինչ անել, որ պատարագին գոնե բերման ենթարկվեն մարդիկ՝ ինչ-որ աջակցություն ցույց տալու նպատակով։
Yerevan.Today-ին հասած տեղեկություններով, Գյումրու բոլոր մանկապարտեզների, դպրոցների, երաժշտական ուսումնական հիմնարկների աշխատակիցներին ստիպել են ներկայանալ պատարագին։ Կազմվել են ցուցակներ՝ ներկա բացակա անելու համար։
Երեկվանից լուրեր էին պտտվում, որ պատարագին «հավատացյալ ժողովուրդ» ապահովելու համար աշխատում են ակտիվորեն ԱԱԾ-ն, ոստիկանությունը, Շիրակից ՔՊ-ական պատգամավորները, մարզպետը։ Ինչպես նաև Հանրապետության տարբեր շրջաններից ու Երևանից հավաքել-տարել են բոլոր պատարագներին մասնակից նույն շրջիկ խմբերին՝ նախարար, մարզպետ, համայնքապետ, պատգամավոր, աջակիցներ և այլն։
Ունենալով նախորդ բոլոր պատարագնեռրի դառը փորձը, երբ հավաքվել է առավելագույնը 6-8 հարյուր մարդ, այս անգամ իշխանությունը փորձում է աջակցություն բեմադրել։
