Մոսկվան դեռ հայաստանյան ընտրությունների մասով որոշումներ չունի
ՄիջազգայինԿառավարությունից տեղյակ որոշ աղբյուրներ ակնարկում են, որ Փաշինյանը փորձում է, օգտագործելով նաեւ ռուսահայկական գործարար որոշակի շրջանակներ, Մոսկվայի հետ «ստվերային դիվանագիտության» մեխանիզմով որոշակի համաձայնությունների հասնել: Ավելի կոնկրետ, համապատասխան խողովակներով մեսիջներ հղել Մոսկվային, թե Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերությունների հարցում անհանգստանալու որեւէ առիթ չունի: Նախ` չկա Գյումրու ռազմաբազան այստեղից հանելու որեւէ ծրագիր: Երկրորդը, ինչքան էլ, ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններն այդքան լարված են, բայց որեւէ ծրագիր չկա ՆԱՏՕ-ի ուղղությամբ անգամ նայելու: Պարզապես փորձում են ներկա իրավիճակում բոլորի հետ լավ հարաբերություններ պահել, մինչեւ ներկա խառը ժամանակներն կանցնեն:
Աղբյուրը նաեւ նշում է, որ Մոսկվայում, մեղմ ասած, հակված չեն նորից այդ պատմությունները լսելու, որի մասին լսում են Փաշինյանի՝ իշխանության գալուց ի վեր: Ավելին, վստահ են, որ այս պահին հայաստանյան իշխանությունների հիմնական ուշքն ու միտքը վերարտադրվելն է, որին կարող են հասնել, եթե Մոսկվան նախկին ընտրությունների նման գոնե ձեռնպահ մնա որեւէ ձեւով միջամտությունից, որը Երեւանում կհրամցնեն որպես Մոսկվայից եկած «դաբրո»:
Ըստ աղբյուրի` Մոսկվայից գոնե այս պահին դեռ պատասխան ռեակցիա չկա: Այնտեղ սպասողական վիճակում են` կապված ուկրաինական գործընթացների հետ, եւ այն, որ հույսեր կան, որ եթե ոչ մինչեւ դեկեմբերի վերջը, ապա գոնե գալիք տարվա գարնանը կարող է հասնել հանգուցալուծման: Ըստ այդմ էլ, կկայացվեն որոշումներ, այդ թվում՝ Հայաստանի մասով:
Իսկ ներկա պահին, աղբյուրի փոխացմամբ, դեռ միանգամայն սառը արձագանքներ են գալիս՝ ի պատասխան «ստվերային դիվանագիտության»: Սամվել Կարապետյանի եւ ՀԷՑ-ի, ասենք նաեւ՝ եկեղեցու հետ կապված պատմություններին այնտեղ նայում են միանգամայն մռայլ երանգներով, եւ մինչ ռեալ խոսակցությունները կսկսեն, նաեւ այս ամենի հետ կապված հանգամանալից բացատրություններ են պահանջվելու: Եվ դա, աղբյուրի փոխանցմամբ, լուրջ առիթ է, որ գոնե մինչեւ այս տարեվերջ հայաստանյան իշխանությունները Վեհափառի դեմ կտրուկ քայլերից զերծ մնան, մտածելով, որ դա կարող է դառնալ անուղղելի քայլ:
