Այս շաբաթ պարզ կլինի՝ ուկրաինական պատերազմը կկանգնի՞, թե` կշարունակվի
ՎերլուծությունԱմեն դեպքում, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ հարավկովկասյան տարածաշրջանում, անկախ այն բանից, թե ովքեր ինչ ծրագրեր են մշակում, ամեն ինչ մնում է կախված ռուս-ամերիկյան հնարավոր պայմանավորվածությունների (կամ՝ չպայմանավորվելու) հարցից: Իսկ դրա ինդիկատորը, իհարկե, ուկրաինական ուղղությունն է, որտեղ ներկա փուլում ուշագրավ զարգացումներն ամենօրյա ռեժիմով են:
Այսպես, նախօրեին Լոնդոնում կայացավ եվրոպական մեծ եռյակի առաջնորդների՝ Սթարմերի, Մակրոնի եւ Մերցի հանդիպում-գագաթաժողովը Զելենսկու հետ: Հանդիպումը կարճ տեւեց. Մակրոնն ու Մերցը բավականին շուտ հեռացան, Զելենսկին՝ մի փոքր անց. երեւի Սթարմերը նրան առանձին ասելիք ուներ: Ու այդպես էլ մասնակիցները ոչ մի հրապարակային մեկնաբանություն չտվեցին, թեեւ ասելու, առավել եւս՝ քննարկելու առանձնապես բան էլ չկար: Պետք է ընդամենը որոշեին՝ ինչ է անելու Զելենսկին, երբ Թրամփի ճնշումները գնալով միայն ավելանում են: Իսկ դրա հիմքում շատ պարզ այլ հարց կա. պատրա՞ստ են փող տալ Զելենսկուն, որի միակ տեսանելի, բայց նաեւ շատ վտանգավոր աղբյուրը ռուսական սառեցված 300 միլիարդ դոլարը գողանալն է: Ու այն, որ այդքան արագ հեռացան, գալիս է հուշելու, որ ինչ-որ նոր բան այդպես էլ օրակարգում չի հայտնվել: Չնայած, ամեն բան հուշում է, որ նոր խոստում Զելենսկին, այնուամենայնիվ, ստացել է:
Այսպես, ըստ «Թայմս»-ի՝ Եվրոպան պատրաստվում է մոտ ապագայում Ռուսաստանի սառեցված ակտիվներից 115 միլիարդ եվրո վերցնել: Աղբյուրի փոխանցմամբ, Սթարմերը դա բացատրել է նրանով, որ հակամարտության դադարեցման բանակցությունները հասել են «կրիտիկական փուլի»։ Նաեւ, որ հարցը քննարկվել է Զելենսկու, Մակրոնի եւ Մերցի հետ՝ Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ։
Արդյունքում, լոնդոնյան հանդիպումից հետո Զելենսկին շարունակեց խոսել Դոնբասից դուրս չգալու մասին. «Վաշինգտոնը ցանկանում է գտնել փոխզիջումներ, բայց տարածքների հարցում դրանք չկան»: Թեեւ արդեն ակնհայտ է, որ Թրամփի հիմնական պահանջը ներկա պահին հենց դա է: Ավելին, Axios-ի պնդմամբ՝ Թրամփի ներկայացուցիչները՝ Ուիտկոֆը եւ Քուշները, դեռ Զելենսկու՝ Լոնդոն մեկնելու նախօրեին են նրա հետ հեռախոսազրույցում փորձել վերջնական «այո» ստանալ։ Ավելին, ուկրաինացի ինչ-որ պաշտոնյաներ լրատվամիջոցին հայտնել են, որ ԱՄՆ Թրամփի ներկայացուցիչների՝ Մոսկվա մեկնելուց հետո տոնայնությունը չափազանց կոշտացել է, եւ հիմա միակ պահանջն է՝ վերջապես «այո» կամ «ոչ» ասելը: Իսկ երբ լոնդոնյան հանդիպումից հետո Զելենսկին դեռ շարունակում է «պոչ խաղացնել», ապա դա, նման է, որ Վաշինգտոնում հակված են ընկալել` որպես մերժում:
Ամեն դեպքում, Վաշինգտոնն այս պահին արդեն ակնարկում է, որ Թրամփը, բացի Զելենսկուց «հիասթափվելուց», ինչպես նա արտահայտվել էր երկու-երեք օր առաջ, արդեն նաեւ սկսում է դրանից բխող ապագան նկարագրել: Այսպես, ըստ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ուիթաքերի, Թրամփը կարող է պարզապես հրաժարվել Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու իր ջանքերից: Թրամփն էլ երեկ ավելի առաջ գնաց. Զելենսկուն համեմատեց շրջիկ կրկեսի ղեկավարի հետ, պահանջեց ընտրություներ անցկացնել, իսկ վերջում մի քանի օր տվեց՝ վերջնական պատասխանի համար: Մի խոսքով, Զելենսկին, նման է, որ տեղը տեղին կատաղեցրել է Թրամփին:
Այսպիսով, ամեն բան շարունակում է մնալ կախված այն հարցից, թե Եվրոպան Զելենսկուն փող կտա՞ հետագա պատերազմի համար: Զելենսկու համար դա իր եւ շրջապատի «կաշիները փրկելու» միակ միջոցն է, հանուն որի, ինչպես անգամ ուկրաինական աղբյուրներն են վստահ, կգնա Ուկրաինայում զորակոչային տարիքը մինչեւ 18 տարեկաններ նվազեցնելու քայլին: Ինչը, ի դեպ, համառորեն պահանջում է մեկ այլ գլոբալիստանական դրածո՝ գլխավոր հրամանատար Սիրսկին: Դա հնարավորություն կտա եւս մի քանի հարյուր հազար համալրում ստանալ, ուղարկել «մսաղաց», թեեւ կանխավ ենթադրելի արդյունքով: Ամեն դեպքում, ուկրաինական տեղեկացված աղբյուրներից մեկը վստահեցնում է, որ ներկա պահին Զելենսկին, ելնելով այդ սպասումներից, այդպես էլ խայտառակված Երմակի փոխարեն նախագահի աշխատակազմի նոր ղեկավար չի նշանակում շատ պարզ պատճառով: Այն է՝ բրիտանական հիմնական գործակալի համարում ունեցող Երմակը շարունակում է ստվերից կատարել այդ ֆունկցիան, կառավարել բոլոր գործընթացները: Իսկ ահա գրասենյակի ցանկացած նոր ղեկավար, առավել եւս, եթե նշանակվի ԱՄՆ-ի պահանջած մարդուն, շատ արագ կխառնի բոլոր հաշվարկները: Բայց սա, ի դեպ, նաեւ Մոսկվայի համար ցանկալի տարբերակն է: Նախ, եթե անգամ նոր մոբիլիզացվածներ լինեն, դրանք լիովին անպատրաստ տարր են, ուկրաինական բանակում ու հասարակության մեջ մեծ աջակցություն է ստանում դասալքության գործոնը: Մի խոսքով, Մոսկվան կստանա ողջ Նովոռոսիան վերցնելու շանս: Ամեն դեպքում, ներկա պահին ռուսական ուժերը շարունակում են ակտիվ հարձակումները: Ավելին, սպասվում է, որ մոտ օրերս, երբ վերջապես կլուծվի Միրնոգրադի «կաթսայի» հարցը, որն արդեն սահմանափակվում է մի քանի թաղամասով, հարձակման տեմպերը եւ ուղղությունները կհասնեն նոր մասշտաբների:
Մյուս տարբերակով, մեծ հարց է, թե եվրալիդերներին կհաջողվի՞ առաջ տանել ռուսական ակտիվները գողանալու սխեման, եթե նաեւ Վաշինգտոնն էլ է լավ հասկանում, որ դա Թրամփի ծրագիրը ձախողելու՝ գլոբալիստների գործնականում միակ քայլն է: Ամեն դեպքում, անգամ ամերիկյան մի շարք աղբյուրներ են ակնարկում, որ ներկա փուլում Վաշինգտոնի հիմնական ճնշումն անգամ ոչ թե Զելենսկու հեռանալ-չհեռանալու կամ ստորագրել-չստորագրելու ուղղությամբ է, այլ ուղղված է առաջին հերթին Բելգիային (ռուսական փողերի հիմնական մասը հենց այստեղ է)՝ ստիպելով, նաեւ հետեւանքներն ի ցույց դնելով՝ հետ պահել նման քայլից:
Ու, թերեւս, արդեն այս շաբաթվա ընթացքում կլինի հարցի պատասխանը՝ պատերազմը կկանգնի՞, թե՝ կշարունակվի:
