Այստեղ քաղաքական ազդեցություն է, ինչո՞ւ կախվածությունը չմեծացնես.Տնտեսագետը` Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանման մասին
Դեկտեմբերի 6-ին Դոհայում կազմակերպված քննարկմանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը: Տեղեկությունը հաստատել էր ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Տնտեսագետ Աշոտ Թավադյանի դիտարկմամբ այս գործարքի համար շատ ավելի շահագրգռված է ադրբեջանական կողմը.
-Այստեղ քաղաքական ազդեցություն է, ինչո՞ւ կախվածությունը չմեծացնես: Քանի որ քաղաքական գործոնը մեծ է, այստեղ դժվար է հստակ տնտեսական գնահատական տալ և ասել, թե արդյոք Հայաստանը կներկրի՞ նավթամթերք Ադրբեջանից և դա ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանում բենզինի և դիզվառելիքի շուկայում
-Որոշ գնահատականներով ՀՀ-ում նավթամթերքի շուկան մոնոպոլիզացված է և այս հնարավորությունը կարող է դրական ազդել բենզինի ու նավթամթերքի գների վրա,
-Դա արդեն այլ խնդիր է և այլ կերպ պետք է լուծվի, ոչ թե Ադրբեջանից նավթամթերք բերելու միջոցով։ Նույնիսկ ցորենի բարեհաջող տարանցումից հետո, նաև վրացական իշխանությունների հայտարարություններից հետո, որ տուրք չի գանձի դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար գործարքն ամբողջությամբ ռեալ չեմ համարում։ Մենք այնպիսի անորոշության դաշտում ենք գտնվում, որ ամեն մի իրավիճակ կարող է տեղի ունենալ, անորոշության գործոնը շատ բարձր է, որովհետև ամեն օր մի փոփոխություն է տեղի ունենում, և ինձ համար որևէ տնտեսական տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Իսկ փոփոխականության աստիճանը շատ բարձր է՝ ելնելով քաղաքական գործոններից:
Ուղղակի պետք է ուսումնասիրություններ իրականացնել և պարզաբանումներ ստանալ, օրինակ՝ ՌԴ-ն մեզ ի՞նչ գնով է վաճառում, Ադրբեջանն ի՞նչ գնով է պատրաստվում վաճառել, Թուրքիային ի՞նչ գնով է վաճառում։ Բայց քանի որ քաղաքական գործոնն այստեղ շատ է, հնարավոր է՝ պայմանագիր կնքելուց հետո ինչ-որ պատճառով գների կտրուկ տատանում լինի: