ԵՎՐՈՊԱՆ ՍԿՍԵԼ Է ԹՐԱՄՓԻՑ ՀԱՐՎԱԾՆԵՐ ՍՏԱՆԱԼ ԱՄԵՆՕՐՅԱ ՌԵԺԻՄՈՎ
ՎերլուծությունՄինչ Նիկոլ Փաշինյանը ջերմորեն հանդիպում էր Սպիտակ տան «աչքի գրողը» դարձած Մերցի հետ (Տես նաեւ https://iravunk.com/?p=330115&l=am") Թրամփը հասցրեց «քյուֆուր-քյաֆարների» հերթական խմբաքանակն ուղարկել նրան է´լ, Մակրոն-Սթարմերին է´լ, եվրաառաջնորդ Ուրսուլային է´լ, դե, Զելենսկին էլ արդեն անպակաս է: Բայց որ նրանց համար ամենավատն է, այդ ցուցադրական ողջ դժգոհությունը Թրամփը համեմեց միանգամայն խորքային եւ լուրջ գործողություններով, որոնց հանդեպ եվրոպացիները հաստատ չեն կարող անտարբեր մնալ:
Նախ, բուն եվրոպական հարթակում, երբ «կաշվից դուրս են գալիս», թե ինչպես խլեն ռուսական սառեցված փողերը, որ Զելենսկուն գոնե մեկ-երկու տարի էլ կտվելու հնարավորություն տան (մինչեւ կմոտենան ամերիկյան նոր ընտրությունները), Բելգիան, որը միշտ էլ շատ լավ է հասկանում, թե ուժային բաղադրիչը որտեղ է, հասցրեց հերթական «թիկունքից հարվածը»: Նախ, Բելգիայի վարչապետը Եվրահանձնաժողովի առաջարկը՝ ռուսական ակտիվները Ուկրաինայի համար օգտագործելու մասին, անվանել է գողություն։ Խոսքը նոր պլանի մասին է, որով փորձում են առանց ԵՄ երկրերի որոշման, ինչ-որ սողանցքով հենց Եվրահանձնաժողովի միջոցով լուծել այդ հարցը՝ պարտքային բեռը թողնելով ողջ Եվրոպայի վրա: Եվ ահա, Բելգիայի կառավարության ղեկավարը սպառնում է Եվրահանձնաժողովի դեմ դատական հայց ներկայացնելը, եթե ռուսական ակտիվների օգտագործման վերաբերյալ հնարավոր որոշումը չներկայացվի եվրոպական երկրների հաստատմանը: Իսկ ներկայացնելու դեպքում, բոլորը վստահ են, որ առնվազն վարչապետ Օրբանը վետո կկիրառի: Նույն ոճի մեջ էր նաեւ բելգիական Euroclear-ի (որտեղ պահվում է սառեցված միջոցների մեծ մասը) ղեկավար Ուրբենը՝ ռուսական ակտիվների օգտագործումը համարելով անօրինական, եւ այդ փողերը վերցնելը՝ բռնագրավման մի ձեւ։ «Սա խաթարում է Եվրոպայի նկատմամբ վստահությունը եւ կհանգեցնի ԵՄ բոլոր երկրների ֆինանսավորման տոկոսադրույքների բարձրացմանը»,- ասել է Ուրբենը:
Այդ ուղղությամբ հերթական շատ հստակ մեսիջը եկավ նաեւ ԱՄՆ-ից՝ այդ փողերը պետք է օգտագործվեն Ուկրաինայի վերականգնման համար, եւ չփորձեք ձեռք տալ:
Բայց, թերեւս, Եվրոպայի համար շատ ավելի լուրջ ազդակ էր լուրը, որ հանրապետական կոնգրեսական Թոմաս Մասսին ներկայացրել է օրինագիծ՝ ԱՄՆ-ի անդամակցությունը ՆԱՏՕ-ին դադարեցնելու մասին: «Սառը պատերազմի ավարտից ի վեր դաշինքը կորցրել է իր արդիականությունը։ Միացյալ Նահանգները պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից եւ այդ գումարն օգտագործի մեր երկիրը պաշտպանելու համար»,- բացատրում է իր առաջարկը Մասսին: Չնայած, իրականությունը երեւի մի փոքր այլ է: Մասսին Թրամփի գաղափարական թիմակիցն է՝ ունենալով մոտավորապես նման դեր՝ անհրաժեշտության պահին պաշտոնական տեսք տալ այն գաղափարներին, որը Սպիտակ տունը կցանկանար ոչ ուղիղ իր միջոցով օրակարգ պահել: Դա, իհարկե, հասկանում են նաեւ Եվրոպայում՝ սկսելով մտածել, որ երբ, ինչպես լոնդոնյան աղմուկ հանած հանդիպում էր, «ճակատային գրոհի» են գնում Թրամփի դեմ, հետեւանքը կարող է դառնալ նրա այդ միջնորդավորված սպառնալիքի իրականացումը: Այսինքն, շարունակելո՞ւ են պայքարել Թրամփի ուկրաինական ծրագրի դեմ, իրենց որոշելիքն է, բայց նաեւ, որ դրա պատասխանը գնալով միայն ավելի է սրվելու, եւ ով իմանա, ծայրահեղ նյարդայնության պահին ԱՄՆ նախագահը իրոք չի՞ որոշի դուրս գալ ՆԱՏՕ-ից: Մեկ է, դրանից հետո էլ ԱՄՆ-ն իր եվրոպական բազաների հիմնական մասը, որոնք երկկողմանիության սկզբունքով են գործում, կպահի: Բայց ահա, ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալը կդառնա այդ կառույցի վերջը, եւ էլի ստիպված են լինելու վազել Թրամփի մոտ՝ ռազմական համագործակցություն խնդրելու, միայն թե ամեն մեկն իր համար:
Էլ ավելի առաջ գնաց Politico-ն՝ տեղեկացնելով Թրամփի մեկ այլ միանգամայն հնարավոր դարձած հավանական քայլի մասին: Այն է՝ ԱՄՆ-ն արդեն այս պահին է քննարկում G7-ին այլընտրանք ստեղծելու գաղափարը։ Այն է՝ ստեղծել Core 5 (C5, միջուկ 5) կառույց՝ հինգ երկրներից բաղկացած համակարգ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի եւ Ճապոնիայի (որտեղ վարչապետն արդեն Թրամփի համախոհն է) մասնակցությամբ: Եթե նման մի բան լինի, ապա դա ոչ թե պարզապես G7-ին, այլ նույնիսկ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին այլընտրանք, ավելին՝ փոխարինող կարող է դառնալ: Ընդ որում, սա շատ ավելի ռեալ կարտահայտի աշխարհում ստեղծված իրական ուժային բալանսը: Այս հնգյակը, իհարկե, ռազմաքաղաքական եւ տնտեսական իմաստով ներկա աշխարհի անվիճելի առաջատարն է, որն այդ հաշվին, ի տարբերություն ՄԱԿ-ի ոչ ֆունկցիոնալ դարձած ԱԽ-ի եւ ողջ ՄԱԿ-ի, իրականում «հարց լուծող» համակարգ կարող է դառնալ՝ ապահովելով գլոբալ կայունություն:
Ու եվրոպացիների համար ամենավատն այն է, որ ինչպես ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալու, այնպես էլ նոր գլոբալ իշխող համակարգ ստեղծելու սխեմաներն ամենեւին էլ ֆանտաստիկայի ժանրից չեն: Դեռ հազիվ էր Թրամփն իշխանության եկել, որ ծավալվեցին Վաշինգտոն-Մոսկվա-Պեկին եռյակի կողմից նոր «Պոտսդամի կոնֆերանսի» անցկացման թեման: Հետո խոսակցություններ եղան նաեւ, որ գիգանտի վերածված Հնդկաստանը չի կարող անմասն լինել: Դե, եթե կա Հնդկաստանը, ուրեմն, միգուցե նաեւ կենտ թվի համար պետք է նաեւ գումարել Թրամփի ներկա մերձավորներից մեկին՝ ի դեմս տնտեսական ծանրակշիռ դիրքերը պահպանած Ճապոնիայի: Նման է, որ այդպիսի հնարավոր զարգացումների հավանականությունը գնահատում է նաեւ Եվրոպան՝ հասկանալով լիդերային դիրքերը կորցնելու վտանգը: Բայց նաեւ, առանձնապես, Թրամփի ասածով, «լավ խաղաթղթեր» պարզապես չունեն. անգամ սեփական երկրներում 15-20 տոկոսանոց վարկանիշ ունեցող Սթարմերի, Մակրոնի եւ Մերցի պոտենցիալն իրոք փոքր է, եթե անգամ բազմիցս կոռուպցիոն մեղադրանքներ ստացած Ուրսուլան նրանց կողքին կանգնի:
Չնայած, եթե Նիկոլն ուզում է ԵՄ մտնել, դա երեւի նրանց փրկությո՞ւնն է, ով իմանա:
Տես նաեւ https://t.me/iravunk/62026