Մենք ընդամենը ցանկանում ենք իրացնել մեր ապրելու իրավունքը. Մետաքսե Հակոբյան
ՆերքաղաքականՆիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը վերջնական փակված է, հակառակ դեպքում՝ կլինի նոր պատերազմ, նոր զոհեր: «Իրավունք»-ի հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալին՝ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցություն պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ասաց, որ արդեն սովորել են, որ Հայաստանում ղեկավարում է մի անձ, ով իր սեփական ժողովրդի հետ խոսում է միայն շանտաժի լեզվով:
— Բնականաբար, շանտաժի լեզվով խոսողը երբեք ճիշտը չի ասում: Ակնհայտ է, որ մարդ, ով ցանկանում է իրացնել իր բնական իրավունքները, որը միջազգային իրավունք է, չի կարող հիմք հանդիսանալ պատերազմի: Իսկ ի՞նչ ենք մենք ուզում: Մենք ընդամենը ցանկանում ենք վերադառնալ մեր բնօրրան եւ իրացնել մեր ապրելու իրավունքը: Նման նպատակը, մտադրությունը երբեւէ չի կարող հիմք լինել պատերազմի համար: Եվ, ի վերջո, մինչ 2018 թվականը, մինչ Հայաստանում իշխանազավթումը, մենք կարողացել ենք իրացնել մեր բնական իրավունքը: Ու բանակցային գործընթացը, որը տեղի էր ունենում, նպատակ ուներ հարցը բերելու վերջնական հանգուցալուծման, որը կլիներ երկարաժամկետ խաղաղության եւ իրականո՛ւմ կհաստատվեր խաղաղություն Արցախի Հանրապետությունում:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
