Հայաստանը՝ «Մանկական Եվրատեսիլ»-ում. 2007-ից մինչ այսօր
ՄշակութայինՀարեւան Վրաստանում՝ մայրաքաղաք Թբիլիսիում այսօր՝ դեկտեմբերի 13-ին տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ» երգի 23-րդ մրցույթը՝ «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո:
Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին, որի ժամանակ մեր երկիրը ներկայացնող «Արեւիկ» խումբը գրավել է երկրորդ հորիզոնականը՝ ընդամենը 1 միավորի տարբերությամբ հաղթողից: 2008 թվականին Մոնիկա Մանուչարովան իր «Իմ երգի հնչյունը» երգով զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։ Լուարա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգով 2009 թվականին զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ 2010 թվականին Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով հաղթանակ է բերել Հայաստանին։ 2011 թվականին հաղթած Հայաստանը հյուրընկալել է «Մանկական Եվրատեսիլ»-ը եւ մեր ներկայացուցիչ Դալիթան իր «Welcome to Armenia» երգով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։
2012 թվականին Compass Band-ը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականն իր «Sweetie Baby» երգով։ Հաջորդ տարի՝ 2013 թվականին Մոնիկա Ավանեսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզանականը։ 2014 թվականին Հայաստանը ներկայացրել է Բեթթին եւ զբաղեցրել 3-րդ հորիզոնականը։ 2015 թվականին Հայաստանը ներկայացրել է Միկան (Միքայել Վարոսյան) եւ ներկայացրել «Love» երգը։ Միկան չնչին միավորների տարբերությամբ զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ Այնուհետեւ, 2016 թվականին Հայաստանը ներկայացրել են Մերին եւ Անահիտը՝ գրավելով 2-րդ հորիզոնականը:
Արդեն 2017 թվականին Հայաստանը ներկայացրել է Միշան՝ զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը։ Իսկ ահա 2018 թվականին Լեւոնը (L.E.V.O.N համանուն երգով) գրավել է 9-րդ հորիզոնականը։ 2019 թվականին «Դեպի Մանկական Եվրատեսիլ» ազգային ընտրության փուլում հաղթանակ տանելուց հետո Հայաստանը ներկայացրել է Կարինա Իգնատյանը՝ իր «Colours of Your Dream» երգով։ 2020 թվականի համաշխարհային կորոնավիրուսից հետո՝ 2021 թվականին Հայաստանը ներկայացրել է Մալենան եւ գրավել 1-ին հորիզոնականը՝ իր «Քամի, քամի» երգով։ 2022 թվականին «Մանկական Եվրատեսիլ»-ը կրկին Երեւանում էր եւ Հայաստանի պատվիրակ Նարե Ղազարյանը ելույթ է ունեցել «Dance!» երգով։ Նարեն իր երգով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: 2023 թվականին այս մրցույթում Հայաստանը ներկայացրել է Yan Girls խումբը (Նանեն, Նենսին, Աիդան, Կամիլան,Սյուզին)՝ իրենց «Do it my way» երգով եւ գրավել 3-րդ հորիզոնականը։ 2024-ին Հայաստանը ներկայացնող Լեո Մկրտչյանը՝ երգիչներ Հռիփսիմե Հակոբյանի եւ Մարտին Մկրտչյանի որդին, զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը՝ իր «Cosmic Friend» երգով։
Եվ վերջապես այս տարի, թե ինչ տեղ կզբաղեցնի Հայաստանը, պարզ կլինի ընդամենը հաշված ժամեր անց: Իսկ մինչ այդ նշենք, որ այս տարվա մեր երկրի պատվիրակը՝ Ալբերտը, սովորում է Երեւանի Հայրապետ Հայրապետյանի անվան համար 78 հիմնական դպրոցում, հաճախում է Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի դաշնամուրի բաժին եւ Զարուհի Բաբայանի երգի ստուդիայի վոկալի բաժին։ Մասնակցել է մի շարք հեղինակավոր երաժշտական նախագծերի եւ մրցույթների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Այս տարի մասնակցել է ֆրանսիական մանկական «Ձայնը» («The Voice Kids») նախագծին, որտեղ նշանավոր ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորիի թիմի կազմում հասել է եզրափակիչ փուլ։
Ի դեպ, այս տարի մեզ համար «Մանկական Եվրատեսիլ»-ը հատկանշական է նրանով, որ Ուկրաինան եւ Վրաստանը եւս ներկայացնում են ազգությամբ հայ Սոֆիա Ներսիսյանը եւ Անիտա Աբգարյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ