STOP. Ուժեղ պետությունը չի պատերազմում եկեղեցու դեմ, իսկ ուժեղ եկեղեցին չի ծառայում որեւէ մեկի քաղաքական շահերին, այս պատերազմը հաղթողներ չի բերելու.Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանի բացառիկ հարցազրույցը
ՀանդիպումԵկեղեցի-պետություն ճակատամարտում որեւէ մեկը հաղթող չի լինելու,-«ԻՐԱՎՈՒՆՔԻ» խնդրանքով մեկնաբանելով պետության կողմից եկեղեցու դեմ իրականացվող արշավը, ասաց «Լեւ Գրուպ» ընկերության հիմնադիր ղեկավար, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐԱՅԱՆԸ, մանրամասնելով․
-Եկեղեցի-պետություն հարաբերություննները բավականին զգայուն ոլորտ են իրենցից ներկայացնում եւ դրանց սրացումը, սովորաբար ունի ոչ միայն քաղաքական, այլ նաեւ իրավական, սոցիալական եւ բարոյահոգեբանական հետեւանքներ։ Եկեղեցին, ըստ էության, ասոցացվում է, որպես բարոյական եւ հոգեւոր հեղինակություն, ազգային ինքնության կրող, հանրային վստահության ինստիտուտ։ Իշխանությունը, որպես այդպիսին ասոցացվում է, որպես քաղաքական եւ իրավական իշխանություն ունեցող սուբյեկտ, իշխանություն, որը ՀՀ Սահմանադրության ուժով գործում է ժամանակավոր մանդատով եւ պատասխանատու է բացառապես կառավարման եւ անվտանգության համար։ Շատ ցավալի է, որ ՀՀ-ում հակադրվեցին իշխանությունն ու եկեղեցին։
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՈՒԺԻ ԿԱՌՈՒՅՑ ԼԻՆԵԼՈՎ՝ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ
-Պարոն Բաղդասարյան, ըստ Ձեզ ի՞նչը նպաստեց այդ հակադրմանը։
-Իմ կարծիքով, որը կարող է սուբյեկտիվ լինել, բայց ինձ համար դա իմպերատիվ է․ եկեղեցի-իշխանություն սրացումը առաջանում է, երբ իշխանությունը փորձում է քաղաքականացնել եկեղեցական դիրքորոշումները, սահմանափակել եկեղեցու խոսքի ազատությունը, որի ուժով էլ եկեղեցին ստիպված արձագանքում է ազգային, բարոյական, անվտանգային վտանգներին, բարձրաձայնում է հանրային անվտանգության մասին եւ այդ պահից սկսած հակամարտությունը դառնում է ոչ թե անձնական այլ համակարգային, ինչին ականատես ենք այսօր։ Եկեղեցու դեմ իրականացվող քայլերը հասարակության մի զգալի հատվածի մոտ կարող են ընկալվել որպես հարված ոչ միայն հոգեւոր հաստատությանը, այլ ազգային ինքնությանը։ Եվ նման դեպքում մենք ունենում ենք այն ինչ ունենք այսօր։ Ընդհանրապես, երբ եկեղեցին հակադրվում է իշխանությանը կամ հակառակը պետությունը կորցնում է իր բարոյական հենարանը եւ ինչքան էլ բարձր դռան ներկայացուցիչը ունենա հեղինակություն, թե ոչ՝ դա այդպես է։ Իսկ պետությունը առանց բարոյական հեղինակության դառնում է միայն ուժի կառույց։ Ահա այստեղ է, որ ես որպես իրսվաբան ասում եմ՝ ստոպ, պետությունը միայն ուժի կառույց լինելով կործանարար է լինում տվյալ երկրի համար։
ԱՌԱՋ Է ԳԱԼԻՍ ԿՐՈՆԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՎՏԱՆԳ
-Ի՞նչ իրավական հետեւնանքներով է հղի ստեղծված իրավիճակը։
-Իրավական ռիսկը հետեւյալն է․ նախաձեռնում են քրեական վարույթներ, քննչական ճնշումներ, տեղեկատվական վարկաբեկումներ եկեղեցականների նկատմամբ, որից օգտվում են տարատեսակ ֆեյքեր, անբարոյականներ, ովքեր փորձ են անում համացանցային գրոհներով նվաստացնել այս կամ այն թեւի ներկայացուցիչներին։ Այստեղ առաջ է գալիս կրոնական ազատության խախտման վտանգ։
-Պարոն Բաղդասարյան, իսկ ազգային անվտանգության ռիսկ տեսնո՞ւմ եք։
-Պատմությունը ցույց է տվել, որ երբ ՀՀ-ն կորցրել է պետականությունը հասարակությանը համախմբել է եկեղեցին։ Իսկ այսօր, իմ կարծիքով Հայ Առաքելական եկեղեցու հեղինակության թուլացումը կբերի համախմբման թուլացում, հասարակության դիմադրության անկում, անվստահություն, ագրեսիա, որը հղի իր բացասական գործառույթներով։
ԵԿԵՂԵՑԻ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՌՃԱԿԱՏՈՒՄԸ ՀԱՂԹՈՂՆԵՐ ՉԻ ԲԵՐԵԼՈՒ
-Պարոն Բաղդասարյան, ուրեմն որն՞ եք տեսնում ստեղծված իրավիճակի ելքը։
-Ես կարծում եմ, որ գործող իշխանությունը պետք է զերծ մնա եկեղեցու քաղաքականացման փորձերից պետք է հարգի եկեղեցու սահմանադրական ինքնությունը։ Իսկ եկեղեցու կողմից պետք է պահպանվի հոգեւոր առաքելությունը առանց կուսակցական ներգրավման, պետք է խոսվի եկեղեցական արժեքների լեզվով, ոչ թե իշխանական տոնայնությամբ։ Շատ կարեւոր է նաեւ հասարակության հնարավորինս քիչ ներգրավվածությունը այս գործընթացներին, որը կործանարար կարող է լինել եւ հասարակությունը ունի պոզիտիվ պարտավորություն՝ չընկնել արհեստակական հակադրությունների ծուղակը։ Սա ոչ թե պայքար է հավատքի եւ իշխանության միջեւ, այլ իշխանության ընկալման եւ սահմանների հարց է։ Այս ամենից որեւէ մեկը չի շահելու, եկեղեցի-պետություն առճակատումը հաղթողներ չի բերելու, ավելին այս ամենի արդյունքը լինելու է արժեզրկված ինստիտուտներ, բեւեռացված հասարակություն եւ թուլացած պետություն։ Ուժեղ պետությունը չի պատերազմում եկեղեցու դեմ, իսկ ուժեղ եկեղեցին չի ծառայում քաղաքական շահերին։
