Հանգուցալուծում ես չեմ տեսնում, Նիկոլ Փաշինյանը գնալու է մինչև վերջ․ Արցախի ԱԺ նախկին պատգամավորը եկեղեցու դեմ արշավի մասին
Հանգուցալուծում ես չեմ տեսնում, Նիկոլ Փաշինյանը գնալու է մինչև վերջ։ Եթե իմ ենթադրություններն իրականություն են, և Փաշինյանն ուղղորդվում է արտաքին դերակատարների կողմից, ապա ակնհայտ է, որ նա իր արշավը շարունակելու է նույնիսկ 2026 թ․ հաղթելուց հետո, որովհետև հաջորդ հնգամյակն առանցքային է լինելու մեր մեծ տարածաշրջանում աշխարհաքաղաքական լուրջ զարգացումների տեսանկյունից,-նման կարծիք ունի Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը․
-Եկեղեցու քաղաքականացումը նմանապես ճիշտ չէ, ես չգիտեմ՝ դա տեղի է ունեցել ինքնապահպանման բնազդի՞ց ելնելով, թե՞ այլ հանգամանքների բերումով, սակայն ենթադրում եմ, որ մեծ հաշվով այլ տարբերակ Եկեղեցին չունի էլ, քան փորձել ազատվել նման իշխանություններից։ Հետևաբար ես չեմ տեսնում որևէ այլ լուծում, քան կողմերից մեկի պարտությունը՝ կամ Նիկոլ Փաշինյանը կկորցնի իշխանությունը, կամ էլ Եկեղեցին կկորցնի ազգային կառույց լինելու դերը։ Ի դեպ, ներկայիս Վեհափառի հեռանալը դեռևս Փաշինյանի հաղթանակ չի նշանակում, և նույնիսկ այդ սցենարից հետո վարչապետը շարունակելու է Եկեղեցին ոչնչացնելու իր քաղաքականությունը։
