ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՈՒՆԵՑԱՆՔ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿԱՐԱՏԵԻ ԱՇԽԱՐՀԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼԱԿԻՐ
ՍպորտՎերջերս Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած Օլիմպիական կարատեի Աշխարհի մեծահասակների 27-րդ առաջնությանը աննախադեպ նվաճում է ունեցել Հայաստանը։ Մեր երկրի ներկայացուցիչ ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նվաճել է բրոնզե մեդալ, «կոտրելով սառույցը» ։
Մեր երկիրը երբևէ օլիմպիական կարատեի մեծահասակների առաջնություններից չէր նվաճել որևէ մեդալ։ Iravunk. com -ի մարզական լրագրողը զրուցել է բրոնզե մեդալակիր ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։
- Շնորհավորում ենք, Սուրեն, այս պատմական նվաճման առթիվ։ - Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 75 կգ քաշային կարգում։ Ընդհանուր 7 մենամարտ եմ անցկացրել։ Խմբային փուլում հաղթեցի մեքսիկացի, ուզբեկ, ռուս հակառակորդներիս։ Հետո, 1/16-րդ փուլում հաղթեցի թուրք մրցակցիս, դրանից հետո էլ Ուզբեկստանի ու Մարոկկոյի մարզիկներին։ Կիսաեզրափակչում, ափսոս, զիջեցի Աշխարհի գործող չեմպիոնին Եգիպտոսի ներկայացուցչին 4։2 հաշվով։ Հետո բրոնզե մեդալի համար համառ պայքարում հաղթեցի ամերիկացի մարզիկին 2։0 հաշվով։
- Թուրք մարզիկին հաղթելուց հետո ինչ զգացիր։
- Սպորտը չեմ սիրում խառնել քաղաքականությանը, սակայն կար շատ մեծ պատասխանատվություն, քանի որ թշնամի էր մեզ համար։
- Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջինն ու դեռևս միակն ես, ում հաջողվեց «սառույցը կոտրել» ու մեդալ նվաճել։
- Այս մեդալը ինձ համար կարծես ոսկե լինի, շատ մեծ հպարտության զգացողություններ առաջացան ինձ մոտ, ամբողջ հայ ազգն էր ուրախացել իմ այս մեծ նվաճման համար։ Կաշխատեմ բարելավվել ու հետագայում արդեն ոսկե մեդալի հասնել։ Երազանքս է Աշխարհի չեմպիոն դառնալ։ Շատ երկար ժամանակ էի պատրաստվել այս մրցաշարին մարզիչներիս հետ, շատ շնորհակալ եմ նրանց թե ֆիզիկական, թե տեխնիկատակտիկական, թե արագության վրա շատ էինք աշխատել։
Իսկ ահա Սուրենի անձնական մարզիչը ՍԵՐՅՈԺԱ ՄԱԿԱՐՅԱՆԸ, ով նաև հավաքականի գլխավոր մարզիչն է, նշեց.
- Ես շատ գոհ եմ Սուրենից, նա պատմական արդյունք գրանցեց և շատ ուրախացրեց բոլորիս։ Աշխարհի առաջնություն էր սա, ու բնական է շատ տիտղոսակիր մարզիկներ էին մասնակցում, շատ դժվար էր։ Սակայն Սուրենին հաջողվեց վերջապես մեդալ նվաճել, բրոնզե, ինչը ոսկու արժեք ունի մեր երկրի համար, քանի որ երբևէ չէինք ունեցել։ Նշեմ, որ մեր երկրի մյուս ներկայացուցիչ Գոռ Ներսիսյանը վնասվածքներ ուներ, դրա համար չկարողացավ մեդալ նվաճել։ Նրանք մինչ այս մրցումը վարկանիշային մրցաշարում հաղթել և ուղեգիր էին նվաճել։ Մյուս տարի կկայանա արդեն Եվրոպայի առաջնությունը։ Մարզաձևը շատ մեծ մասսայականություն է վայելում երկրում, մարզերում ևս շատ է զարգացած։ Այս տարին շատ հաջող էր, պաշտոնական առաջնություններից 12 մեդալ ենք ունեցել։ Օրերս սեմինար - պարապմունք ենք անցկացրել, որի նպատակն է խորացնել մարզիկների տեխնիկական, ֆիզիկական պատրաստվածությունը, կատարելագործել տակտիկան, ամրապնդել մտածողությունը։ Յուրաքանչյուր սեմինար հաղթանակ տանող ուղու քայլ է, որին անհրաժեշտ է շատ մեծ պատասխանատվությամբ վերաբերվել։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ
