ԵԹԵ ՄԵՐՑԸ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ԶԻՆԱԴԱԴԱՐԻՑ Է ԽՈՍՈՒՄ, ՈՒՐԵՄՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ՞ ԿԱՆԳՆԵԼՈՒ
ՎերլուծությունԲեռլինում ամերիկացիների եւ ուկրաինացիների բանակցություններն ավարտվեցին առանց վերջնական արդյունքի: Բայց սրանով ամբողջական գործընթացը դեռ ավարտված չէ: Ամեն դեպքում, ինչպես երեկ հայտնեց Axios-ը, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի աշխատանքային խմբերը կարող են բանակցություններ անցկացնել այս շաբաթա վերջին Մայամիում:
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԲԱՆԱԿՑԵՑԻՆ ԲԵՌԼԻՆՈՒՄ
Բայց նախ տեսնենք, թե ինչի հասցրին Բեռլինի բանակցությունները: Հիմնական հարցը, որին բախվել եւ կանգ են առել, Դոնբասից ուկրաինական ուժերի դուրսբերումն է: Մնացածի շուրջ, այսպես թե այնպես, հնարավոր է պայմանավորվել, լուծումներ գտնել, որը կբավարարի նաեւ Մոսկվային: Դոնբասի հարցն այդպես չէ, այստեղ միայն կա´մ-կա´մ-ի տարբերակն է. դուրս են գալիս, պատերազմը հնարավոր է շատ արագ դադարեցնել, դուրս չեն գալիս, կշարունակվի: Դա հասկանում են բոլորը, եւ որ կարեւոր է ռուսական կողմի համար, առաջին հերթին՝ Թրամփը: Որ Դոնբասի ամբողջական վերահսկողությունն այն նվազագույն կետն է, որից հետ Մոսկվան ոչ թե պարզապես չի քաշվի, այլ հենց այդ կետի ապահովման դեպքում կմտնի իրական բանակցությունների դեմ՝ մյուս հարցերի հետ կապված: Այսինքն, Թրամփի պատվիրակության համար ներկա պահին հենց այդ կետն ապահովելն է՝ Կիեւից ստանալով դրա համաձայնությունը:
Իսկ ահա Զելենսկին համառում է: Չնայած, Բեռլինում նա բերեց տարաբնույթ պատճառ-պահանջներ, որոնց գոնե տեսանելի գագաթնակետը, այպես ասած, Ուկրաինայի հետագա անվտանգության հարցն է, այսինքն, որ Ռուսաստանը նորից չի հարձակվի: Դրա իմաստը եւս բոլորը հասկանում են. եթե հիմա պատերազմը կանգ առնի, ապա հնարավորությունը, որ նորից Մոսկվան կանցնի հարձակման, չնչին է. այլապես պարզապես անիմաստ է ներկա պահին կանգ առնելը, երբ ուկրաինական բանակի հնարավորությունները նվազագույնի են հասել, իսկ ռուսները հարձակվում են բոլոր ուղղություններով: Բայց մեկ է, Զելենսկու համար անվտանգության այդ արհեստական թեման ընդամենը պատրվակ է` բանակցությունները ձգձգելու համար: Արդյունքում, Վաշինգտոնը կարողացավ գործնականում փակել այդ թեման՝ հայտարարելով, որ Ուկրաինան կստանա ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին համարժեք երաշխիքներ, բայց, հասկանալի է, ոչ անվերջ ժամկետով, այլ 5 տարով: Դա, թերեւս, Մոսկվայի հետ համաձայնեցված կետ է. հնգամյա նման երաշխիքը, եթե նաեւ ապահովվում է, որ Ուկրաինան երբեք ՆԱՏՕ մտնի, արեւմտյան ուժեր այնտեղ չեն տեղակայվի, ռուսների համար նորմալ տարբերակ է:
Բայց, չնայած անգամ նման երաշխիքի, գոնե երեկվա դրությամբ Զելենսկին դեռ համառում էր` Դոնբասը լքելու հետ կապված: Թե ինչու, դա ի սկզբանե էր հասկանալի: Այն պահին, երբ կհասնեն ցանկացած խաղաղության, հաջորդ քայլը լինելու է Ուկրաինայում նոր ընտրությունները: Այն, որ Զելենսկին վերարտադրվելու հնարավորություն պարզապես չունի, նա բլորից լավ է հասկանում: Պարզապես, պատերազմը դադարելուն պես նա ոչ թե միայն ԱՄՆ-ի, այլ նաեւ Եվրոպայի համար է ստանում ուղիղ զրո նշանակություն. նա չափազանց տոքսիկ է, նրան անգամ մոտ գալը վարակիչ կլինի ցանկացած գործչի համար: Իսկ առանց պաշտոնի Զելենսկին ուկրաինացիների համար դառնում է ընդամենը սեփական երկիրը ոչնչացրած, միլիարդավոր դոլարներ թալանած մեկը: Իսկ ուկրաինական արմատական թեւի համար, եթե նաեւ ինքնակամ Դոնբասը հանձնի, Զելենսկին դառնալու է սովորական թիրախ. հազիվ թե կարողանա անգամ բանտի դռներին հասնել, որ այնտեղ թաքնվի: Գումարած, անգամ Լոնդոնը դժվար թե ցանկանա ապաստան տալ մեկին, ով նախ՝ չափազանց շատ բան գիտի, երկրորդը, արդեն լիովին իրեն սպառել է: Առավել եւս, որ Լոնդոնը տակից հրահրում է՝ պատերազմը շարունակել, եւ դադարեցնելու դեպքում Զելենսկին արդեն իսկ բրիտանացիների համար վերածվում է թիրախի: Սա է Զելենսկու (եւ նրա մի շարք թիմակիցների) համար խաղաղության գինը:
ԿԿԱՆԳՆԻ՞ ՊԱՏԵՐԱԶՄԸ. ՈՐՈՇՈՂԸ ԶԵԼԵՆՍԿԻՆ Է
Մյուս կողմից, պատերազմը կանգնեցնելը Զելենսկու համար կարող է դառնալ անվտանգության միակ տարբերակը: Թերեւս ներկա պահին Թրամփը միակ մարդն է, ով կարող է Զելենսկու անվտանգությունն ապահովել, այդ թվում, եթե բրիտանացիները փորձեն նրան լիկվիդացնել: Բայց այս դեպքում էլ Զելենսկու համար կա այն հարցը, թե Թրամփը կցանկանա՞ դա անել, կամ այդ երաշխիքները որքա՞ն կտեւեն: Ի վերջո, եթե այս պահին Զելենսկին «գցի» գլոբալիստներին, եւ հաջորդ փուլում նրանք ԱՄՆ-ում իշխանության գան, ապա ներկայիս բոլոր երաշխիքները կոպեկի արժեք չեն ունենա: Եվ նման է, որ այդ հնարավոր հեռանկարները նրան մանրամասն ներկայացվել են:
Սակայն պատերազմը չկանգնեցնելը առաջ է բերում այլ խնդիրներ: Այսպես, ամերիկյան կողմը Բեռլինում երկու շատ պարզ հետեւանքներ ներկայացրեց, ընդ որում, գործնականում բացահայտ: Նախ, եթե բանակցությունները ձախողվում են, ապա Թրամփը դրա հիմնական մեղավոր է հռչակելու հենց Զելենսկուն, որ, թեեւ ուկրաինացիների 70-80 տոկոսը խաղաղություն է պահանջում (ըստ Թրամփի հայտարարության), բայց դեմ է գնում բոլորին: Կարճ ասած, Վաշինգտոնը բացահայտորեն սպառնում է միացնել Զելենսկուն հեռացնելու օպերացիան: Եվ ներուկրաինական իրավիճակը լիովին նպաստում է դրան: Այն է՝ միայն վերջին ժամանակներս ուկրաինական բանակը կորցրեց երեք առանցքային քաղաք՝ Պոկրովսկը, Սեւերսկը եւ Վոլչանսկը, ուր որ է՝ կկորցնի չորրորդը եւ հինգերորդը՝ շրջապատված Միրնոգրադը եւ Գուլյայպոլեն: Հստակ ուրվագծվում է Լիմանի եւ Կոնստանտինովկայի կորուստը, եւ այդ ամենը, բնական է, ներքին բուռն ցնցումների լայն հնարավորություններ է տալիս: Առավել եւս, հաշվի առնելով էներգետիկ համակարգի ներկա վիճակը, երբ անգամ ուկրաինական աղբյուրներն են խոսում, որ Ուկրաինայի լիակատար հոսանքազրկումը տեղի կունենա անմիջապես այն բանից հետո, եթե բանակցություններն արդյունք չտան: Գումարած դրան շարունակվող կոռուպցիոն սկանդալը, եւ այս ընդհանրական վիճակը Զելենսկուն արենայից հեռացնելու համար լուրջ հնարավորություն է տալիս ամերիկացիներին: Ընդ որում, արեւմտյան փորձագիտական տարբեր աղբյուրներ արդեն բացահայտ են խոսում Զելենսկուն հեղաշրջման միջոցով հեռացնելու մասին, թեեւ ամերիկացիները դեռ ունեն նրան ոչ լեգիտիմ նախագահ հռչակելու տարբերակը:
Երկրորդ խնդիրը գալիս է ռուսներից: Այս պահին ռազմաճակատներում նման իրավիճակ է: Հարավում ռուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանության բոլոր հին համակարգերը (մի քանի տարի շարունակ կառուցված) եւ սպառնում են ոչ միայն աքցանավորել Զապորոժիեի ճակատում ուկրաինական բոլոր ուժերին, այլ շատ արագ հասնել մարզկենտրոն Զապորոժիեին: Նաեւ այս պահին ռուսները գրեթե գրավել են կարեւորագույն պաշտպանական հանգույցներից մեկը՝ Գուլյայպոլեն: Նույն սպառնալիքն է նաեւ ողջ Դոնբասի համար՝ Պոկրովսկի գրավումից հետո. այստեղ ռուսներն արդեն իսկ սպառնում են դուրս գալ Դոնբասի արեւմտյան սահման՝ շրջանցելով ուկրաինական վերահսկողության տակ գտնվող ողջ տիրույթը: Հյուսիսում ռուսները դուրս են գալիս Սլավյանսկ-Կրամատորսկի գոտի, եւ այլն: Այսինքն, միանգամայն իրատեսական է, որ եթե ներկա պահին խաղաղություն չհաստատվի, ապա հաջորդ բանակցային փուլերում ռուսները էլ ավելի բարձր կարգի պահանջներ կառաջադրեն: Հաշվի առնելով նաեւ, որ եթե Թրամփը բանակցությունների ձախողման միակ մեղավոր հռչակի Զելենսկուն, ապա հնարավոր է դառնում, ու անգամ ՆԱՏՕ-ի խողովակներով Ուկրաինան չկարողանա ամերիկյան զենք ստանալ:
Ընդ որում, ռուսների հետագա առաջխաղացման հավանականությունն այս պահին արեւմտյան աղբյուրները սկսել են այնքան բարձր գնահատել, որ անգամ որոշ գլոբալիստներ են սկսել խոսել, թե ավելի լավ է այս պահին տարածքները հանձնվեն՝ հետագա ավելի մեծ բարդացումներից խուսափելու համար: Ըստ «քյարթու» գլոբալիստ, Լեհաստանի նախագահ Տուսկի՝ Ուկրաինայի կողմից տարածքային զիջումների հարցը հիմնարար է ԱՄՆ-ի համար։ Այն է, պետք է դրան ընդառաջ գնալ:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Այսպիսով, շատ նման է, որ Բեռլինում ամբողջական իրավիճակը եւ բխող հետեւանքները հանգամանորեն ներկայացվել են Զելենսկուն՝ մի փոքր ժամանակ տալով վերջնական որոշում կայացնելու համար: Այսինքն, եթե այս շաբաթվա վերջին Մայամիում նախատեսված հանդիպումը կայանա, կնշանակի, որ դեռ հույսեր կան, որ պատերազմը կարող է արդեն այս տարի ավարտվել:
Ամեն դեպքում, Թրամփը քանիցս խոսեց մինչեւ Սուրբ ծնունդ (կաթոլիկական), այն է՝ դեկտեմբերի 25-ը բանակցություններն ավարտելու մասին: Այսինքն, ինչպես նաեւ ամերիկյան աղբյուրներն են գրում, դա այն վերջին ժամանակն է, որից հետո բանակցությունները, ըստ ամենայնի, կանգ կառնեն: Ընդ որում, ամերիկյան որոշ աղբյուրներ նաեւ ԱՄՆ-ի կողմից անվտագության երաշխիքներ տալը համարում են Սուրբծննդյան «զեղչեր», որն արդեն բանակցային հաջորդ փուլերում, ասենք՝ ձմռան վերջերին կամ գարնանը այլեւս չեն գործի:
Ի դեպ, բավականին տարօրինակ ակնարկ եղավ նաեւ Մերցից. ըստ նրա, Եվրոպան կդիմի Վլադիմիր Պուտինին՝ Սուրբծննդյան տոներին հրադադար հայտարարելու խնդրանքով (նա ցանկանում է, որ այն լինի դեկտեմբերի 25-ից մինչեւ հունվարի 7-ը, որպեսզի լինի երկու Սուրբ ծնունդ (կաթոլիկական եւ ուղղափառ): Այսինքն, դրանով Մերցն ուզում է ասել, որ մինչեւ Սուրբ ծնունդ պայմանագիր կնքելու Թրամփի առաջարկը մերժվա՞ծ է. այլապես զինադադարի կարիք առհասարակ չէր լինի: Բայց եթե մերժված է, եւ պատերազմը շարունակվելու է, հարց է առաջանում՝ իսկ ռուսներն ինչո՞ւ պետք է ընդառաջեն եւ հրադադարի համաձայնություն տան: Այսինքն, որ ուկրաինական կողմին երկու շաբաթ ժամանակ տան ճեղքվածքները փակելու, ուժերը վերախմբավորելու, զենք-զինամթերք կուտակելու եւ մոբիլիզացիան շարունակելու համա՞ր:
Թերեւս, սա նաեւ Թրամփի համար է հավելյալ ազդակ, թե իրականում որտեղից է թեւեր ստանում Զելենսկին:
