Վեհափառի հրաժարականի պահանջով նամակ ենք հանձնել քարտուղարություն. 10 եպիսկոպոսների հայտարարությունը
10 եպիսկոպոսները, որոնք այսօր Մայր Աթոռում հավաք էին հրավիրել, դրա մեկնարկից ավելի քան կես ժամ անց դուրս եկան Մայր Աթոռի մոտ հավաքված հազարավոր հավատացյալների առջև՝ տեղեկացնելով, որ կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն։
«Մեր առաքելությունն այս պահին ավարտված է։ Հաջորդ անգամ մենք այստեղ լինելու ենք ձեզ հետ միասին՝ Մայր Տաճարից աղոթելու մեր ժողովրդի, ազգի, հոգևոր դասի ամրապնդման և պայծառության համար»,- ասացին նրանք։
Դեկտեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցու տասը եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ, դիմել ժողովրդին և դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, հրավիրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
Այս հայտարարությունից հետո մեկ այլ հայտարարությամբ է հանդես եկել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը և հայտնել, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նույն օրը՝ ժամը 17:00-ին:
Միևնույն ժամանակ Մայր Աթոռում հավաքվելու կոչեր են արել ընդդիմադիր մի շարք ուժեր:
