ՀՀ քայլերը Եկեղեցու հետ հարաբերություններում պիտի տեղավորվեն սահմանադրական և իրավական շրջանակներում
Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ջենի Չապմանը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան հետևում է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին և ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունների գործողությունները կհամապատասխանեն սահմանադրական և իրավական շրջանակներին։ Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին:
Լորդերի պալատի անդամ, անգլիկան եկեղեցու եպիսկոպոս Քրիստոֆեր Չեսանը հարցրել է, թե ինչպես է Լոնդոնը գնահատում կրոնական ազատության հետ կապված իրավիճակը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնի՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձերբակալությունից հետո։
«Մեծ Բրիտանիան հետևում է Հայաստանի կառավարության և Հայ առաքելական եկեղեցու միջև հարաբերությունների իրավիճակին։ Մենք ակնկալում ենք, որ բոլոր գործողությունները կհամապատասխանեն Հայաստանի սահմանադրական և իրավական շրջանակներին», – ասված է Չապմանի գրավոր պատասխանում։
Լոնդոնը հույս ունի, որ օրենքին համապատասխան` Երևանը կապահովի արդարացի վերաբերմունք բոլոր անձանց նկատմամբ, իսկ դատական վարույթները կմնան թափանցիկ և անկողմնակալ։
«Միացյալ Թագավորության կառավարությունը նախկինի պես հաստատակամորեն հավատարիմ է ամբողջ աշխարհում կրոնի և համոզմունքների ազատության իրավունքների պաշտպանությանը։ Նախարարներն ու պաշտոնյաները պարբերաբար քննարկում են մի շարք հարցեր մեր հայ գործընկերների հետ», – հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալը։
