Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան
ՀանդիպումՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ իրականացվող իշխանական աննախադեպ ճնշումների, ինչպես նաեւ գալիք տարի սպասվելիք խորհրդարանական ընտրությունների մասին «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի նախկին քաղաքապետ (1999-2001), ԵԿՄ վարչության նախկին փոխնախագահ ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆԻ հետ:
«ԱՅՆՏԵՂ Է ԵՂԵԼ ՆԱԵՎ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՂԲԱՅՐ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ»
— Ի՞նչ կասեք դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի բակում տեղի ունեցածի վերաբերյալ, երբ 10 տիրադավ եպիսկոպոս՝ ոգեւորված իշխանության քաջալերումներով՝ որոշել էին գրոհել Մայր Տաճարի վրա: Ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում:
— Ցավոք, հիվանդ եմ, ֆիզիկապես չեմ կարողանում բացակայել տանից, բայց հեռակա կարգով հետեւել եմ տեղի ունեցածին։ Ուրախ եմ, որ մեր ժողովուրդը մեծ դիմադրություն ցույց տվեց նիկոլականներին, կանգնեց Հայ Առաքելական եկեղեցու եւ Վեհափառի կողքին ու պաշտպանեց: Իսկ այն եպիսկոպոսները, որոնք Նիկոլի կողմնակիցներն են, հաստատ իրենց հետ չէ հանրության գերակշիռ մեծամասնությունը, այլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ կաթողիկոսի կողմն է։
— Այդ եպիսկոպոսներն իրենց հայտարարության մեջ ասում էին, թե վերջին աﬕսներին մեր եկեղեցու ներսում եւ շուրջն առկա անառողջ մթնոլորտը գուցե չլիներ, եթե արդար, առանց ահաբեկումների լիներ 1999թ. կաթողիկոսական ընտրությունը: Այդ ժամանակ Դուք եւս եղել եք ընտրիչ: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել, եղե՞լ են ահաբեկումներ, թե ում պետք է ընտրել կաթողիկոս:
— Ընտրողների նկատմամբ բացարձակապես որեւէ ճնշում չի եղել: Ուղղակի, Վազգեն Սարգսյանը մեզ առաջարկել է քաղաքացիների կողմից, որպես կաթողիկոսի ընտրող, մասնակցել ընտրություններին, որովհետեւ աշխարհիկ ընտրողների որոշակի ներկայացվածություն պետք է լիներ: Այնտեղ է եղել նաեւ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը։ Ցավոք սրտի, չարաբաստիկ օր էր՝ հոկտեմբերի 27-ն էր… Ընտրություններն ընթացքի մեջ էր, երբ առաջինը Կաթողիկոսից իմացանք, թե ինչ է կատարվել պառլամենտում: Ես էլ չեմ մնացել Էջմիածնում, միանգամից վարորդիս կանչել եմ եւ եկել եմ Ազգային ժողով, որպեսզի հասկանամ` իրականում ինչ է կատարվել:
«ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՐԿՆՈՒՄ Է ԱՅՆ, ԻՆՉ ԱՍՈՒՄ Է ՆԻԿՈԼԸ»
— Բայց 26 տարի լեգենդներ էին հյուսվում, որ Վազգեն Սարգսյանը հենց եղբոր՝ Արամ Սարգսյանի միջոցով որոշակի ներգործություն է ունեցել կաթողիկոսական ընտրություններին, թե ում օգտին պետք է քվեարկեն ընտրիչները։ Ի վերջո, ո՞րն էր այդտեղ Սարգսյան եղբայրների դերակատարությունը:
— Մենք, ցավոք սրտի, պարզապես, ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք: Որոշակի խնդրանք կար, որ քվեարկվի այսօրվա կաթողիկոսի օգտին: Իշխանությունը, որ 26 տարի առաջ խառնվել է եկեղեցու գործերին, ճիշտ չի եղել: Չի կարելի նորից կրկնել սխալը` ավելի կատարելագործված, պետք է թողնել, որ եկեղեցականներն իրենք որոշեն՝ իրենց ընթացակարգով, իրենք իրականացնեն հոգեւոր ղեկավար մարմինների ընտրությունները:
Համենայնդեպս, եկեղեցին անջատ է պետությունից, գործադիր իշխանությունից, իրենց՝ հոգեւորականների, հավատացյալների խնդիրն է, թե ում են ցանկանում տեսնել կաթողիկոս, իրենք պետք է որոշեն` փոխում են, թե չեն փոխում, ոչ թե` իշխանությունը: Նիկոլն ի՞նչ գռեհիկ հայտարարություններ էր անում, թե՝ «գնա քեռուդ կնգան…», հիշո՞ւմ եք:
Ցավոք սրտի, այսօր կալանավորված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, Տավուշի թեմի նախկին առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Մարդիկ առողջական խնդիրներ ունեն, հոգեւորական են, ամբողջ կյանքում ծառայել են ժողովրդին։ Մեր ժողովուրդը կրոնասեր է, արարողակարգեր կան, ծիսակատարություններ կան, ընտանեկան միջոցառումներ՝ հարսանիքներ, կնունք, հոգեհանգստի արարողություն, որտեղ անպայման եկեղեցականի խոսքն անհրաժեշտ է, ինչպե՞ս կարելի է այսպես վարվել:
— Այս դեպքում ինչպե՞ս հասկանալ, որ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության կարկառուն ներկայացուցիչներն ամենաակտիվն են Վեհափառ Հայրապետի հրաժարականը պահանջողների շարքերում: Ի՞նչ է փոխվել հիմա Արամ Զավենիչի մոտ:
— Ես չեմ կարող Արամի փոխարեն որեւէ պատասխան տալ։ Բայց փաստ է, որ «Հանրապետություն» կուսակցությունն իշխանամետ է եւ Նիկոլի կողքին է: Ավելին՝ «Հանրապետություն» կուսակցությունն իշխանությունը կիսում է նրա հետ, ունի մի շարք վարչական շրջաններում ղեկավարներ, եւ Արամ Սարգսյանը կրկնում է այն, ինչ ասում է Նիկոլը, ուրիշ նոր բան չի ասում: Մի ժամանակ էլ մեկը կար, Ազգային ժողովի ամբիոնի վրա բերել էր, Եվրամիության դրոշ էր դրել, թե՝ հանրաքվե անենք, միանանք ԵՄ-ին, խաբում են մեր ժողովրդին:
«ՆԱԽԱՊԱՅՄԱՆ Է ԴՐՎԱԾ՝ ՄԻՆՉԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԵԿԵՂԵՑԻՆ ԳԼԽԱՏԵԼ»
— Վերադառնանք մեր օրեր. ըստ մամուլում առկա տեղեկությունների` դեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ է գրոհելու Մայր Աթոռի դեմ: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ խնդիր է նա փորձում լուծել՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին հեռացնելով ու Մայր Աթոռը յուրայիններով զավթելով:
— Գործող իշխանությունը պառակտում է մտցնում ժողովրդի բոլոր տարրերի՝ ե՛ւ եկեղեցականների, ե՛ւ հանրության մեջ: Դրա համար էլ կեղծ պատարագներ են կազմակերպում։ Հազար ու մի հոգս եւ ցավ ունի մեր պետությունը, մեր ժողովուրդը, բայց նա ընկել է եկեղեցու, կաթողիկոսի հետեւից։ Այն կաթողիկոսի, որը Եվրոպայում բարձրացրել է հայ գերիների ազատ արձակման, Արցախ վերադարձի հարցը, այսինքն՝ հարցեր, որոնք այսօրվա իշխանությանը բացարձակապես չեն հետաքրքրում։ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, կատարում է Ադրբեջանի եւ Թուրքիայի դեսպանների պարտականությունները Հայաստանում: Նախապայման է դրված՝ մինչեւ խորհրդարանական ընտրություններ՝ Հայ Առաքելական եկեղեցին գլխատել։ Բայց Նիկոլը չի կարող դա իրականացնել:
— Դե, անկախ այս հարցում ձախողումներից, միեւնույնն է, ժողովրդին կասի, թե իբրեւ Ադրբեջանի հետ խաղաղություն է հաստատվել Վաշինգտոնում, եւ կրկին ձայներ կկորզի…
— Նախ ոչ մի խաղաղության պայմանագիր էլ օգոստոսին Վաշինգտոնում չի ստորագրել։ Ընդամենը նախաստորագրվել է մի փաստաթուղթ, որն իրավական որեւէ ուժ չունի։ Մինչեւ խաղաղության պայմանագիր ստորագրելը՝ Նիկոլը պետք է կատարի Ադրբեջանի մի շարք պահանջները։ Իսկ Ալիեւը պահանջում է, որպեսզի 300 հազար ադրբեջանցի գան, բնակվեն, այսպես կոչված, Արեւմտյան Ադրբեջանում, այսինքն` Հայաստանում: Ալիեւը պահանջում է Զանգեզուրի միջանցքը, անկլավները, Սեւանի արեւելյան ափը եւ այլն: Ընդհանրապես՝ Սեւանի ջուրն է նրանց համար շատ հետաքրքիր, որովհետեւ հիմա ջրի խնդիր կա ամբողջ աշխարհում եւ հատկապես Ադրբեջանում։
Բացի դրանից, մեկ փաստ էլ հիշեցնեմ. տարփողում էին, իբրեւ թե Ղազախստանից ցորեն ենք ներկրում Ադրբեջանի տարածքով Հայաստան։ Հետո պարզվեց, որ այդ ցորենը 3-րդ, 4-րդ կարգի է, որն ընդամենը կարող է լինել անասնակեր։ Կառավարությունը հայտարարեց, թե՝ այդ ցորենի ներկրման հետ որեւէ կապ չունի, իբր թե այդ ցորենը ներկրել է Սամվել Ալեքսանյանի մասնավոր ընկերությունը:
«ՆԻԿՈԼԻ ԲՈԼՈՐ ՔԱՅԼԵՐԸ ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ»
— Խորհրդարանական ընտրություններից կես տարի առաջ Հայաստանն օգնության խնդրանքով դիմել է Եվրամիությանը: Ըստ ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի, խնդրել են, որ արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերեն Հայաստանին, ինչպիսին ԵՄ-ն տրամադրել է Մոլդովային: Ի՞նչ կասեք այս մասին:
— Դա չգիտեմ, բայց Նիկոլ Փաշինյանը բոլոր քայլերն անում է՝ պատրաստվելով 2026 թվականի ընտրություններին։ Այն նախագիծն էլ, որ բերեցին Ազգային ժողով՝ երկու տարվա ժամկետային զինծառայությունը դարձնելով մեկ տարի, ութ ամիս, նույնպես նախընտրական տրամաբանության մեջ է: Առանց այն էլ, մեր բանակի քանակը քիչ է, մինչդեռ մարդիկ, ովքեր ունեն 17-18 տարեկան տղաներ, ասում են` լավ է էլի, իմ տղան կծառայի ոչ թե երկու տարի, այլ՝ ավելի քիչ, բայց դրանով հարվածում են մեր բանակին։ Նիկոլը կազմաքանդել է մեր բանակը, Ազգային անվտանգության ծառայությունը։ Նա հայտարարում է, որ «կառավարությունը ես եմ», ու չի կարող լինել մի մարդ, որն իմ ասածը չկատարի, եթե այդպիսին կա, թող դիմում գրի, դուրս գա։ Ժամանակին էլ ասում էր՝ Հայաստանում չի կարող է լինել դատավոր, որն իմ ասածը չանի։ Մինչդեռ Սահմանադրությամբ դատական իշխանությունը տարանջատ է, անկախ է պետական գործադիր իշխանությունից: Այսօր չկան անկախ դատարաններ։ Հայաստանում գործեր են հարուցել, ապօրինաբար կալանավորել են հոգեւորականների, գործարարների՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, մի շարք ռազմական, քաղաքական նախկին գործիչների, ազատամարտիկների եւ այլն:
— Իսկ Սահմանդրական դատարանն այստեղ անելիք չունի, օրինակ` հենց Հայ Առաքելական եկեղեցու հետ կապված: Չէ որ Սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից, իսկ այսօր տեսնում ենք, որ պետության ղեկին նստածները լծակներ են գործադրում Եկեղեցու ներսում կադրային քաղաքականություն փոխելու, կանոնագիրք խմբագրելու հարցում:
— Իհարկե, եթե Սահմանադրական դատարանը իրականում անկախ մարմին լիներ, անելիք ուներ, որովհետեւ Նիկոլի բոլոր քայլերը հակասում են մեր օրենսդրությանը եւ Սահմանադրությանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ