Բաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը
Երեկ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ հայտնի էր դարձել, որ Բաքվի կողմից գերեվարված Վագիֆ Խաչատրյանը առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով հոսպիտալացվել է։
24News-ի հետ զրույցում արցախցի 70-ամյա Խաչատրյանի դուստրը՝ Վերան, նշեց, որ իրենք էլ մամուլից են տեղեկացել և որևէ այլ տեղեկատվության չեն տիրապետում։
Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը 24News-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ-ի հնարավորությունները սահմանափակ են այդ հարցում․
«Քանի որ անձը պահվում է իր տարածքային իրավազորությունից, ինքնիշխանությունից դուրս, ապա նա պարտավորություններ ունի, բայց սահմանափակ չափով։ Հայաստանը հյուպատոսական միջնորդավորված այցելության իրավունք ունի․ և՛ կարող է տեսակցել, և՛ որոշակի մարդասիրական աջակցություն ցուցաբերել, սա հատկապես կրիտիկական է եղել Ադրբեջանում Կարմիր խաչի գործունեության դադարեցումից հետո»։
Իրավապաշտպանի խոսքով, քաղաքական պատճառներից ելնելով՝ այս իրավունքն իրացված չէ,
«Բայց իրավիճակի հիմնական պատասխանատուն մնում է Ադրբեջանը։ Ադրբեջանին հայտնի է եղել անձի առողջական ծանր վիճակի մասին, չմոռանանք, որ Վագիֆ Խաչատրյանը ձերբակալվել է անձեռնմխելիության խախտմամբ, երբ անհետաձգելի բուժօգնություն ստանալու նպատակով, մարդասիրական նկատառումներից ելնելով՝ տեղափոխվում էր Հայաստան և փոխանակ իր նշանակետին հասնելը և բժշկական ծառայություններ ստանալը, վերջինս տեղափոխվել է փակ հաստատություն, այնտեղ վատ վերաբերմունքի է արժանացել, ապօրինի դատավարությունների մասնակից է դարձել, որոնք չէին կարող չծանրացնել նաև անձի էմոցիոնալ վիճակը, ինչը ուղիղ նաև հետևանքներ է ունենում սիրտանոթային համակարգի վրա»,- ընդգծեց Սահակյանը։
Սիրանուշ Սահակյանը շեշտեց, որ փակ հաստատությունում գտնվող անձի մահը վերագրվում է այն պետությանը որտեղ պահվում է․
«Այստեղ սպանողի դերում հանդես է գալիս պետությունը, եթե չկարողանա հիմնավորել, որ մահն արդյունք չի եղել պետության անգործության, այս պարագայում հնարավոր չէ դա Ադրբեջանին ապացուցել, քանի որ ծանր և ազատությունից զրկելու հետ անհամատեղելի հիվանդության մասին Բաքուն իմացել է և շարունակել է ապօրինաբար պահել։ Ինչպես գիտեք, գերիները, պատանդները մարդասիրական իրավունքով հատուկ պաշտպանության տակ գտնվող սյուբեկտներ են և նրանց կյանքի դեմ ուղղված ցանկացած հանցագործություն որակվում է որպես պատերազմական կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Մենք այստեղ, կարծում եմ, գործ ունենք Ադրբեջանի հանցավոր գործելակերպի հետ»։
Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը ասաց նաև, որ կոնկրետ Վագիֆ Խաչատրյանի դեպքով աշխատում են, նախ փաստերը ստուգելուն ուղղված քայլեր են գործադրել, ապա եղած տեղեկատվության շրջանակում արդեն իսկ սկսել են կոմունիկացիա միջազգային գործընկերների հետ։
«Պետք է հաշվի առնենք նաև, որ արևմտյան աշխարհը մի քանի օրից տոնելու է Սուրբ Ծնունդը և, անկեղծ ասած, հրատապ արձագանքի իրատեսական ակնկալիքներ չունեմ, բայց գոնե հույս ունեմ, որ այդ օրերի սուրբ խորհուրդը հաշվի առնելով՝ նրանք ավելի կմեծացնեն իրենց քայլերը և ավելի հետևողական ճնշում կգործադրեն, որպեսզի հայ պատանդներն ազատ արձակվեն»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։
Իրավապաշտպանը հույս հայտնեց, որ անցանկալի, արտակարգ արդյունք չի լինի, բայց նման զարգացումները պետք է սթափեցնեն և ընդգծեն արագ գործելու անհրաժեշտությունն ու կարևորությունը․
«Անկեղծ ասած, չեմ բացառում նաև, որ վնասը կարող է լինել անդառնալի, նշեմ, որ Եվրոպական դատարանն էլ, երբ միջոցներ է ձեռնարկել՝ հիմքում դրել է անդառնալի, իրական, մոտալուտ վտանգը, այսինքն՝ սա գնահատված է միջազգային հանրության կողմից և պետք է պաշտպանական միջոցները կանխեին մահը։ Բայց, եթե դրանք չեն կանխվել և վրա է հասնում մահը, սա ընդամենը ցուցադրում է, որ միջազգային գործընկերները ունեն թերացումներ իրենց աշխատանքում և որդեգրված մոտեցումների պարագայում վտանգներ չեն կարողանում կասեցնել․ և մենք ունենում ենք նոր մարդկային կորսուտներ։ Ես գոնե հույս ունեմ, որ յուրաքանչյուր հերթական մարդկային ճակատագրի խեղումը մի փոքր սառեցնող ազդեցություն կթողնի և միջազգային հանրությունը կվերաիմաստավորի իր դիրքավորումը Ադրբեջանի իշխանությունների հետ հարաբերություններում և քաղաքական օրակարգ սպասարկելուց առաջ կփորձեն լուծել մարդասիրական խնդիրները և դա պետք է անեն հանուն հռչակված խաղաղության օրակարգի»։
Նշենք, որ 24News-ը հարցմամբ դիմել է իրավասու մարմիններին՝ ՀՀ ԱԳՆ-ին և ՄԻՊ-ին, պատասխանը լինելուն պես այն ևս կհրապարակենք։
Հիշեցնենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Վագիֆ Խաչատրյանը շտապ հոսպիտալացվել է ծանր վիճակում՝ դեկոմպենսացված քրոնիկ սրտային անբավարարության ախտորոշմամբ, որը հանգեցրել է թոքային այտուցի և ծանր շնչառական անբավարարության զարգացման։
Վերակենդանացման բաժանմունքում իրականացված բուժական միջոցառումները, այդ թվում՝ դեղորայքային բուժումը, հեղուկների կառավարումը և ոչ ինվազիվ օդափոխությունը, դրական արդյունքներ են տվել։ Գերեվարված Խաչատրյանն այժմ դուրս է եկել կյանքին սպառնացող հիվանդության կրիտիկական փուլից, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծանր։ Բուժումը շարունակվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ինտենսիվ հսկողության ներքո։
24 news
