Պապոյանը նշել է ապրանքները, որոնք հնարավոր է Հայաստանից Ադրբեջան արտահանել
ՆերքաղաքականԷկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողներին թվարկել է այն ապրանքները, որոնք, իր կարծիքով, հնարավոր է Հայաստանից Ադրբեջան արտահանել։ Պապոյանը տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ քննարկումներ կան։ «Կա ապրանքների ցանկ՝ ալյումին, կենդանիներ, միրգ բանջարեղեն, որոշ տեսակի խմիչքներ, տարբեր տեսակի տեքստիլ արտադրանք։ Այս ուղղությամբ աշխատանք է տարվում»,- հավելել է նախարարը՝ նշելով, որ այդ ուղղությամբ քննարկումներ կան։ Նախարարը վերահաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիրքորոշումը, որ Հայաստանից Ադրբեջան արտահանում նույնպես հնարավոր է։ «Ոչ միայն ներմուծում է հնարավոր, այլև արտահանում: Այս պահի դրությամբ բավականին մրցունակ գին ենք ստացել վրացական երկաթուղուց, հետևաբար հնարավորությունները շատ են: Կարծում եմ՝ վրացական, ադրբեջանական կողմերը հերթական հաջող գործարքի մասին կհայտարարեն, դուք էլ մեզ հարցում կանեք, կհաստատենք»,- հայտարարել է նա։ Պապոյանը դեկտեմբերի 19-ին հայտարարել էր, որ ադրբեջանական նավթամթերքով 22 երկաթուղային վագոն է ժամանել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմաններն են, որ հնարավորություն են ստեղծել այդ առևտրի համար։ Ran Oil-ը դեկտեմբերի 23-ին սկսել էր ադրբեջանական բենզինի վաճառքը: «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն կառավարում է Ran Oil ավտալցակայանների ցանցը, այն իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Կապիտալ»-ի կազմում է։ «Մեգա Թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանը փոխանցել էր, որ ադրբեջանական վառելիքը վաճառվում է 430 դրամով՝ նախապես հայտարարված 440-ից ավելի էժան: