Զելենսկին հայտարարել է տարածքային զիջումների հարցը Թրամփի հետ քննարկելու պատրաստակամության մասին
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման սկզբում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է նրա հետ քննարկել, ի թիվս այլ հարցերի, Ուկրաինայի համար տարածքային զիջումները, հայտնել է ՏԱՍՍ-ը։ «Քննարկելու ենք 20 կետից բաղկացած ծրագիր, որի 90%-ն արդեն համաձայնեցված է։ Եվ, այո՛, քննարկելու ենք նաև այս կետերը»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք քննարկվելո՞ւ են տարածքային զիջումները։
Զելենսկին նաև նշել է, որ որևէ վերջնաժամկետ չունի համաձայնության հասնելու համար։ Նա հավելել է, որ Թրամփի հետ հանդիպման հիմնական նպատակը համարում է նախատեսված համաձայնագրերում մնացած չլուծված հարցերի քննարկումը, այդ թվում՝ Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև տնտեսական համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև դրանց իրականացման հաջորդականությունը։
Զելենսկու և Թրամփի հանդիպումը տեղի է ունենում ամերիկացի առաջնորդի՝ Ֆլորիդայում գտնվող «Մար-ա-Լագո» կալվածքում։ Ավելի վաղ Թրամփն իր ռուս գործընկերոջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազանգը որակել էր «լավ և շատ արդյունավետ»։ Սա Պուտինի և Թրամփի միջև իններորդ հեռախոսազրույցն էր Սպիտակ տան ղեկավարի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր։ Նախորդ զրույցը տեղի էր ունեցել հոկտեմբերի 16-ին և մեծ մասամբ նվիրված էր ուկրաինական ճգնաժամին։