Ես ռեւանշ եմ ուզում, Արմա՛ն. Շարա Բուլետ
ՍպորտԽառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը Հայաստանում առաջին մենամարտից հետո մեկնաբանել է Շարա Բուլետի հետ ոչ ոքի արդյունքը:
«Հայեր ջան, շնորհակալ եմ բոլորիդ, որ եկել եք այստեղ: Շնորհավորում եմ բոլորի Նոր տարին: Շնորհակալ եմ կազմակերպիչներին, նաեւ Շարային, որ համաձայնեց ինձ հետ մենամարտել: Ես ասել էի, որ 6 րոպեն գրեփլինգի համար քիչ ժամանակ է: Ինձ համար այս կանոնները հարմար չէին մենամարտելու համար, բայց ուրախ եմ, որ այս մրցաշարի մասնակիցը եղա, հանդիսատեսը լիարժեք վայելեց այս երեկոն»,- ասաց Արման Ծառուկյանը:
Ռուսաստանցի մրցակիցը Արման Ծառուկյանին ռեւանշի հրավիրեց:
«Շատ տպավորիչ էր Հայաստանում մենամարտելը: Այս մենամարտում հաղթեց բարեկամությունը: Իսկապես քիչ էր այս 6 րոպեն, քանի որ ես չհասցրեցի իմ բոլոր հնարավորությունները ցուցադրել: Շնորհակալ եմ Երեւանին, Հայաստանին այս ջերմ ընդունելության համար: Ռեւանշ. ես ռեւանշ եմ ուզում, Արման», - նշեց Շարա Բուլետը:
Արման Ծառուկյանը համաձայնեց ռեւանշին՝ 10 րոպե մենամարտելու նախապայմանով:
«Եթե Շարան ռեւանշ է ուզում, ես համաձայն եմ, բայց կանոնները պետք է վերանայենք, որպեսզի լինի 10 րոպե: Գրեփլինգում պետք է լինի մեկ հաղթող, այլ ոչ՝ ոչ ոքի»,- արձագանքեց Արման Ծառուկյանը: