Ցանկացած պահի մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը․ Ալիև
ՄիջազգայինՎերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը զգալիորեն ամրապնդել են իրենց ուժը։ Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ուղերձում:
Ալիևը նաև անդրադարձել է Հայաստանին՝ նշելով․ «Պատերազմում մեր հաղթանակից հետո մենք անխոնջ աշխատեցինք այն միջազգային և քաղաքական հարթությունում ամրապնդելու և հաստատելու համար։ Եվ մենք հասանք դրան։ Ամբողջ աշխարհը ճանաչում է մեր հաղթանակը և հստակ տեսնում է մեր ճշմարտացիությունը։ Հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու լիազորություն ունեցող Մինսկի խումբը ուղարկվել է պատմության արխիվ։ Այսպիսով, Ղարաբաղյան հակամարտությունն ամբողջությամբ հանվել է միջազգային օրակարգից։ Որպես հաղթանակած երկիր՝ մենք խաղաղության ձեռք մեկնեցինք պարտված Հայաստանին, ինչը նաև մեր հեռատես քաղաքականության դրսևորումն է։ Մենք մտադիր չենք հավերժ պատերազմել։ Մենք չենք ցանկանում այլ երկրների հողերը։ Մեր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար ուժ կիրառելով՝ մենք ապահովեցինք մեր ինքնիշխան իրավունքները ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակներում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա։ Հայրենական պատերազմից ընդամենը հինգ տարի անց Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը կրկին ցույց է տալիս մեր ժողովրդի մեծությունը և մեր քաղաքականության իմաստությունը։ Դե –ֆակտո, մենք խաղաղության մեջ ապրում ենք ընդամենը մոտ հինգ տարի։ Արյուն թափելով մարտի դաշտում և կորուստներ կրելով՝ մենք հասանք փառահեղ հաղթանակի և այն ամրապնդեցինք աշխարհի ամենահեղինակավոր վայրում՝ Ամերիկայի Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահի մասնակցությամբ։ Այսպիսով, լուծվել է երկրի տարածքային ամբողջականության վերականգնման և ամբողջ աշխարհի կողմից ճանաչման հարցը, որը մեր գլխավոր նպատակն էր 30 տարի շարունակ»։