Ակնկալում ենք անվտանգ, արժանապատիվ և կայուն խաղաղություն, որը չի վերաճի նոր սպառնալիքների
Ի՞նչ ակնկալիքներ ունեն 2026-ից արցախահայերը հարցի պատասխանը փորձել ենք ստանալ արցախցի հայտնի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանից, ով նախ նկատեց.
-Տեղեկություններ կան, որ 2026 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է շուրջ 56–57 միլիարդ դրամի չափով շարունակել առանձին սոցիալական աջակցության ծրագրերը՝ նախատեսված Արցախից բռնի տեղահանվածների համար։ Այդ աջակցությունը, ինչպես հայտնի է, ներառում է նաև բնակարանային ապահովման և ինտեգրման ծրագրեր։ Սա, անկասկած, նշանակում է, որ առկա է տնտեսական աջակցության և հարազատ տարածքներին հնարավորինս մոտ նոր կյանք կառուցելու որոշակի հույս։ Սակայն դժվար է չնկատել, որ նման մասշտաբի ողբերգության հետևանքները պետք է ունենային միանգամյա, ամբողջական և վերջնական լուծում, այլ ոչ թե ձգձգվող ու հաճախ ոչ բավարար շարունակական ծրագրերի ձև։
Կարծում եմ՝ 2026 թվականին իշխանությունը պարտավոր է ձեռնարկել ողջամիտ և վճռական քայլեր՝ արցախցիների սոցիալական խնդիրը վերջնականապես լուծելու ուղղությամբ։ Չի կարելի անտեսել այն տպավորությունը, որ արցախցիների սոցիալական բեռը երբեմն ընկալվում է որպես անցանկալի պատասխանատվություն։ Այնուամենայնիվ, ուզում եմ հավատալ, որ պետական մտածողությունն ի վերջո կհաղթի քաղաքական հարմարությանը։Սակայն արցախցիների ակնկալիքները չեն սահմանափակվում միայն սոցիալական խնդիրներով։ Արցախցիները կարևորում են հայկական պետության հզորացումը, քանի որ մեր իրավունքների իրացման իրական հեռանկարը տեսնում ենք միայն ուժեղ և կենսունակ Հայաստանի գոյության պայմաններում։Հզոր պետությունը, սակայն, միայն ժամանակակից մարտահրավերներին համահունչ զինված բանակը չէ։ Արցախի կորստի պատճառների մեջ արցախցիները տեսնում են նաև սոցիալական անարդարությունը, իրավական ճգնաժամը և քաղաքական դավադրությունների տրամաբանությունը։ Հետևաբար, այս գործոնների հաղթահարումը այլընտրանք չունի։
Անշուշտ, ամենահուզող հարցը քաղաքական իրավիճակն է։ Իմ համոզմամբ՝ այսօր առաջարկվող «խաղաղությունը» մնում է անհաստատ և խոցելի, քանի որ մի կողմից հնչում են հաշտեցման գործընթացների մասին հայտարարություններ, իսկ մյուս կողմից չեն դադարում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները։ Այս իրողության նկատմամբ արցախցիները հատկապես զգուշավոր են՝ ելնելով Արցախում տեղի ունեցած ողբերգական փորձից։
2026 թվականից մենք ակնկալում ենք անվտանգ, արժանապատիվ և կայուն խաղաղություն, որը չի վերաճի նոր սպառնալիքների։ Արցախցիների շրջանում լայն տարածված համոզմունք է, որ խաղաղությունը Ադրբեջանի հետ հնարավոր է միայն Արցախի հարցի արդար և միջազգային իրավունքին համապատասխան լուծումից հետո։
2026 թվականը մեզ համար նաև կարևոր է քաղաքական իշխանության ձևավորմանը մասնակցության տեսանկյունից։ Արցախցիները կկանգնեն այն քաղաքական ուժերի կողքին, որոնց ծրագրերը կլինեն ընդունելի՝ հատկապես Արցախի հետ կապված հարցերում։
Ըստ էության, արցախցիների ակնկալիքները կարելի է ամփոփել հետևյալ կերպ․
• ազատ և արժանապատիվ կյանք՝ Հայաստանում կամ իր պատմական հայրենիքում՝ լիարժեք իրավունքներով,
• խելամիտ քաղաքական և անվտանգային փոփոխություններ, որոնք կհանգեցնեն հստակ և սկզբունքային օրակարգի,
• և, իհարկե, խաղաղություն՝ առանց արդարությունը մոռացության տալու։