Իրանում բողոքի ցույցերի ֆոնին անջատել են ինտերնետը
ՄիջազգայինԱմբողջ Իրանում բողոքի ցույցերի ֆոնին անջատված է ինտերնետային ծառայությունը, հայտնում է NetBlocks միջազգային ինտերնետային մոնիթորինգի ծառայությունը։ «Իրական ժամանակային տվյալները ցույց են տալիս, որ Իրանը ներկայումս գտնվում է համազգային ինտերնետի անջատման վիճակում»,- ասվում է ծառայության սոցիալական ցանցերում հրապարակված այլ գրառման մեջ։
Ըստ ծառայության՝ դա տեղի է ունեցել մի շարք այլ միջոցառումներից հետո, որոնք «ուղղված են ամբողջ երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերին հակազդելուն»։ Ծառայությունը նախկինում հայտնել էր, որ Իրանի Քերմանշահ քաղաքում բողոքի ցույցերի ընթացքում ինտերնետն անջատվել է։ Բողոքի ցույցերն սկսվել էին 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ իրանական ռիալի փոխարժեքի կտրուկ անկումից և գների աճից հետո: Իրավապաշտպանները հայտնել էին առնվազն 36 զոհի և ավելի քան 2000 ձերբակալվածի մասին, սակայն իշխանություններն այդ տվյալները պաշտոնապես չեն հաստատում:
Իրանական մի քանի քաղաքում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների և ուղեկցվել գործող քաղաքական համակարգի դեմ վանկարկումներով։ Զոհեր են գրանցվել ինչպես անվտանգության ուժերի, այնպես էլ ցուցարարների շրջանում։