Վաշինգտոնի հարձակման դեպքում Իրանն սպառնացել է հարվածներ հասցնել Իսրայելին և ԱՄՆ-ի բազաներին
ՄիջազգայինԻրանը Վաշինգտոնի կողմից հարձակման դեպքում կհարվածի Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը, փոխանցում է Associated Press-ը։
«Իրանի վրա հարձակման դեպքում և՛ օկուպացված տարածքը (Իսրայել՝ խմբ.), և՛ տարածաշրջանում գտնվող ԱՄՆ բոլոր ռազմական կենտրոնները, բազաներն ու նավերը կդառնան մեր օրինական թիրախները»,- նշել է նա հունվարի 11-ին՝ Իրանում ընթացող բողոքի ցույցերի կապակցությամբ գումարված խորհրդարանի արտահերթ նիստում։ Ղալիբաֆի խոսքով՝ «Իրանը կգործի՝ ելնելով սպառնալիքի ցանկացած օբյեկտիվ նշանից»։
Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների մի քանի տարբերակ, որոնք իրեն ներկայացրել են զինվորականները, սակայն «վերջնական որոշում դեռ չի ընդունվել»։ The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները նախնական քննարկումներ են անցկացրել «անհրաժեշտության դեպքում» Իրանին հարված հասցնելու հնարավորության վերաբերյալ:
Աղբյուրների տեղեկություններով՝ բանակցությունները գտնվում են սկզբնական փուլում։ Պարբերականի զրուցակիցները նշել են, որ Իրանին մոտալուտ հարձակում չի սպառնում, ԱՄՆ-ի գործողությունների ընթացքը Իսլամական Հանրապետության նկատմամբ դեռ համաձայնեցված չէ, ռազմական տեխնիկա և զինվորներ չեն տեղափոխվել հարվածին նախապատրաստվելու համար:
Reuters-ը, հղում անելով իր իսրայելական աղբյուրներին, միևնույն ժամանակ գրել է, որ Իսրայելը բարձր պատրաստության վիճակում է գտնվում Իրանին ԱՄՆ-ի հնարավոր միջամտության համար, քանի որ այնտեղի իշխանությունները բախվում են վերջին տարիներին խոշորագույն հակակառավարական ցույցերի հետ: Հունվարի 10-ին՝ Իրանում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին, Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է աջակցություն ցուցաբերել իրանական ժողովրդին։ Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են դեկտեմբերի 28-ից: Ի սկզբանե դրանք պայմանավորված էին տնտեսական ծանր իրավիճակով և ազգային արժույթի փոխարժեքի անկմամբ, բայց շուտով ձեռք են բերել նաև քաղաքական ենթատեքստ: